ԾԵԾԿՌՏՈՒՔ ԳՈՐԻՍՈՒՄ. ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ԷԼԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՏԵՐԻՄՆԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմների մասնակցությամբ միջադեպերը շարունակվում են: 2015 թվականին Սդղլի գյոլ կոչվող տարածքում աղմկահարույց ծեծի գործով անցնող մարզպետի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին` Դերենիկ Հակոբյանը, էլի մարդ է ծեծել:

Այն, որ անպատժելիության մթնոլորտը թողնում է իր հետեւանքները եւ նոր հանցանքներ ծնում, հայտնի իրողություն է: Օրերս Գորիսում հերթական ծեծը ասվածի վառ ապացույցն է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աղմկահարույց պատմություններով հայտնի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի` Արագած Ղեւոնդյանի որդին՝ Դերենիկ Հակոբյանը, դաժան ծեծի է ենթարկել Գորիս քաղաքում գտնվող շինանյութի խանութի աշխատողներից Վաչե Հարությունյանին: Ըստ մեզ հասած լուրերի` Վաչե Հարությունյանը այդ օրը մենակ չի եղել, նրա հետ է եղել նաեւ քեռու որդին՝ Ալիկը, որը եւս մարզպետի վարորդի որդու կողմից ծեծի է ենթարկվել:
Գորիսում տարածված լուրերի համաձայն՝ մարզպետի վարորդի որդին` Դերենիկը, նախ վիճել է Ալիկի հետ, ապա զրույցին խառնվել է նրա հորաքրոջ որդին` Վաչե Հարությունյանը, եւ դաժան ծեծի ենթարկվել: Իսկ ինչն է եղել ծեծի պատճառը: Ըստ մեզ հասած լուրերի՝ Վաչե Հարությունյանը Գորիս քաղաքում շինանյութի խանութում է աշխատում, խանութի տնօրենն այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Սյունիքի մարզպետի որդու` Տիգրան Խաչատրյանի հետ: Ու ստացվում է, որ խանութի տնօրենի հետ վատ հարաբերությունների հաշիվները մարզպետի որդին «մաքրում է» աշխատակիցների հետ, սակայն գերադասում է անձամբ չեւեւալ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Գորիսի շինանյութի խանութի տնօրենը Գագիկ Առուշանյանն է, որի հայրը «Առանցք» շինանյութի խանութի հիմնադիր սեփականատերն է` Առուշ Առուշանյանը: Իսկ ինչ տարաձայնություն ունեն մարզպետի մտերիմները վերջիններիս հետ. Գորիսում ասում են, թե դա հին պատմություն է՝ խուսափելով անգամ հիշել այդ մասին:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը փորձեց հենց վիճաբանության հիմնական մասնակից Ալիկից պարզել, թե ինչից է սկսվել միջադեպը, սակայն նա լսելով հարցը՝ ասաց, թե մենք սխալվել ենք եւ սխալ մարդու հետ ենք խոսում, իսկ, ահա, ավելի ուշ ասաց, թե Վաչեն իր եղբայրն է, սակայն տեղեկությունները, որ ինքը այդ պատմությունների հետ կապ ունի, սխալ է:
Չի բացառվում, որ Ալիկին կամ նրա հորաքրոջ որդուն հասկացրել են, որ մարզպետի թիմի դեմ բողոքելը կարող է վատ հետեւանքներ ունենալ, դրա համար էլ վերջինս հերքում է կատարվածը:
Իսկ, ահա, Սյունիքի մարզպետի վարորդ Արագած Ղեւոնդյանն էլ «Ժողովուրդ-ի հետ զրույցում, անդրադառնալով միջադեպին, ասաց, թե նման բան չի եղել, եթե լիներ, իրեն տեղյակ կպահեին: Մեր այն դիտարկմանը, որ իրավապահները քննություն են իրականացնում, վերջինս պատասխանեց. «Մեկ շաբաթից ավել է, որ Գորիսում չեմ ու նման բան չեմ լսել: Շոֆեռ տղա է, ինչու են իր անունը շոշափում, պաշտոնյա չէ, որ անընդհատ շոշափում են, նման բան չկա»:
Դիմեցինք նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղից հաստատեցին տեղեկությունը՝ հայտնելով, որ օգոստոսի 29-ին Գորիսում Դերենիկ Հակոբյանը եւս մեկ անձի հետ վիճաբանել է Վահեի հետ, քաշքշել նրան եւ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ դեռեւս 2015 թվականին Դերենիկ Հակոբյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հետ Սյունիքի մարզի Սդղլի գյոլ կոչվող տարածքում գործով անցնող մյուսների մասնակցությամբ ծեծել էր Զաքարյան եղբայրներին: Դեպքից հետո մարզպետի որդին կալանավորվեց, ավելի ուշ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, իսկ, ահա, վարորդի որդին՝ Դերենիկ Հակոբյանը, գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս տարվա օգոստոսի 29-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս աղմկահարույց գործով դատավճիռը պետք է հրապարակվեր, սակայն արդեն երկրորդ դատական նիստն է, ինչ այն հետաձգվում է: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը պահանջել է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը ամբաստանյալներ Շահում Դավթյանին, մարզպետի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին` Աղլարին, նրա որդուն` Էյներ Խաչատրյանին ազատազրկման դատապարտեն 1,5 տարով, Մայիս Խաչատրյանին եւ Դերենիկ Հակոբյանին՝ 2,5 տարով, իսկ, ահա, Յուրի Մանուչարյանին` 5,5 տարով:
Ու մինչ վճիռը կհրապարակվեր, Դերենիկ Հակոբյանը դարձյալ մարդ ծեծեց: Ասել է թե՝ Գորիսում «բեսպրեդելը» շարունակվում է:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԻՄ ՇԱՆՍԸ ԳՆԱՀԱՏՈՂՆ ԻՄ ԸՆՏՐՈՂՆ է

Սեպտեմբերի 18-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների, քաղաքի խնդիրների եւ դրանց լուծման մեխանիզմների վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է համայնքի ղեկավարի թեկնածու, «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Թովմաս Շահվերդյանի հետ:

-Պարո՛ն Շահվերդյան, ո՞րն է Ձեր ինքնառաջադրման նպատակը, ի՞նչ ծրագրեր ունեք Ձեր քաղաքի համար:
-Քաղաքապետ դառնալն ինձ համար սկզբունք չէ, այլ իմ համայնքում շոշափելի փոփոխություններ կատարելն է: Լինելով ավագանու անդամ՝ գիտակցել եմ, որ կարող եմ իմ քաղաքում դրական փոփոխություններ բերել եւ ունեմ հնարավորություն փոքր նախաձեռնություններով մեծ արդյունքներ գրանցել: Կարծում եմ, որ համայնքի ղեկավարման գործընթացում կարող եմ նոր ձեռագրով հանդես գալ: Եվ, վերջապես, քաղաքի կենտրոնում տարիներ առաջ դրված կարգախոսը՝ Աշտարակը դարձնենք օրինակելի քաղաք, նպատակ ունեմ դարձնել իրականանալի:
-Ձեր համաքաղաքացիները Ձեզ ճանաչում են որպես «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն, ինչպես նաեւ ճանաչում են բոլորի կողմից հարգանք վայելող Ձեր ընտանիքին. ինչպե՞ս եք գնահատում համայնքի ղեկավար ընտրվելու Ձեր շանսերը:
-Իմ շանսը գնահատողն իմ ընտրողն է: Լինելով օրինակելի ընտանիքի զավակ եւ Աշտարակի կենսագրության մեջ դրական հետքեր թողած ազգի հետնորդ՝ կարծում եմ, որ նույն գործի շարունակությամբ եւ իմ ընտրողի վստահության քվեով կունենամ ընտրվելու հնարավորություն: Երիտասարդ տարիքում ունենալով աշխատանքային լուրջ հաջողություններ եւ գնահատելով ներկան՝ մտնում եմ հանրային կյանք՝ ապացուցելու, որ մարդն ունակ է նորը ստեղծելու եւ արարելու:
-Չե՞ք կարծում, որ նման պատասխանատու պաշտոնի համար շատ երիտասարդ եք:
-Բոլոր փոփոխություններն արվում են երիտասարդների նախաձեռնությամբ, նրանց ուժերով եւ փորձառու ու գիտակ ավագ ընկերների հետ համագործակցաբար: Նման պատասխանատու պաշտոնին հավակնելուց առաջ գնահատել եմ նաեւ իմ թիմի հնարավորությունները եւ մասնագիտական որակները: Միաժամանակ ավելացնեմ, որ դա չի նշանակում, որ ընտրվելուց հետո կադրային կոշտ փոփոխություններ կլինեն: Կաշխատեմ միայն աշխատողների, իրենց աշխատանքին իսկապես նվիրված կադրերի, ոչ թե ժամանակ վատնողների հետ:
-Թեկնածուներից ո՞ւմ եք համարում Ձեզ մրցակից:
-Բոլորն էլ ինձ մրցակից են: Կցանկանայի այս ընտրություններում ժողովրդի կողմից ընտրվի այն թեկնածուն, որը մոտ ապագայում իսկապես շենացնելու ու զարգացնելու է Աշտարակը: Պետք չէ դիմացինին սեւացնելով ավելորդ դիվիդենտներ հավաքել, պետք չէ ընտրել միայն այն բանի համար, որ քեզ խոստանում են աշխատանք, հողամաս եւ այլն: Դրանով մեր համայնքը չի զարգանա, մենք ավելի հետ կգնանք ու կդառնանք «անկանոն տոնավաճառ բաց երկնքի տակ»: Թող չստեղծվի այն տպավորությունը, թե համայնքն ունի մեծ ֆինանսական միջոցներ, բայց գործեր չեն արվում: Եթե մրցակիցներս որոշել են համայնքի բյուջեով կատարել իրենց խոստումները, ապա դա ժամանակի հեքիաթ է: Իմ ընտրվելու դեպքում այդ ամենն իրականություն կդառնա այլ ծրագրերի ներդրման, նոր մարտավարության եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ:
-Եվ վերջում….
-Եվ վերջում ավելացնեմ, որ անձնական եւ ընտանեկան պատասխանատվությամբ իմ կենսագրության նոր էջը ուզում եմ սկսել՝ Աշտարակում շոշափելի արդյունքներ գրանցելով:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանն այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել եւ դիմել իր հայրենի ծաղկահովիտցիներին: «Իմ շատ սիրելի ծաղկահովիտցիներ, իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, ինչպես գիտեք՝ մարտավարական նկատառումներով իմ թեկնածությունն եմ դրել՝ հայրենի Ծաղկահովիտ համայնքում ընտրություններին մասնակցելու համար: Վարչախմբի կամակատարները շատ ոգեւորված նշեցին` տեսեք, ընտրությունները միակ միջոցն է…: Սակայն նույն վարչախումբն ինձ արգելեց հանդիպումներ ունենալ իմ վստահված անձանց հետ եւ իր գործելաոճին հավատարիմ՝ ոտնահարեց օրենքի պահանջը: Եվ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ի զորու չէ ազատ, արդար եւ ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու: Սիրելի’ ծաղկահովիտցիներ, ես ավելի քան վստահ եմ, որ դուք հաղթահարելով բոլոր ճնշումներն ու ապօրինությունները՝ առավել եւս այս պայմաններում կկատարեք Հայրենիքի համար արդար եւ ճիշտ ընտրություն` հանուն մեր Հայրենիքի բարօրության: Հավաստիացնում եմ` «Սանա ծռերից» յուրաքանչյուրս հավատարիմ ենք մեր ուխտին` տապալել բռնապետությունը եւ Հայաստանում հաստատել ժողովրդի իրական իշխանություն», -ասված է նամակում:

 

 

ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵ՞Լ ԵՆ
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը սեպտեմբերի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում, որի արդյունքում պարզվել է, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, դեղերի մանրածախ գների համեմատությամբ թվով 54 անվանում, լայն սպառում ունեցող դեղերի գները նվազել են 6,06 տոկոսով, որից 30 անվանում դեղերի գները նվազել են 7.08 տոկոսով (հակաբիոտիկ, հորմոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակակոագուլյանտ, ուղեղի արյան շրջանառությունը կարգավորող դեղեր): Իսկ 24 անվանում դեղերի գները բարձրացել են 1.02 տոկոսով (մրսածության, հակագերճնշումային, ցավազրկող դեղեր, վիտամիններ, պրոբիոտիկներ):




Լրահոս