Հայաստանը թեւակոխել է ընտրական բուռն գործընթացների փուլ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փոթորկել են գրեթե բոլոր մեծուփոքր համայնքները: Իհարկե, այդ ընտրությունները քաղաքական նորարարության մասին չեն վկայում, բայց ամեն դեպքում լոկալ իմաստով փոփոխությունների ձգտումը նկատելի է բոլոր բնակավայրերում: Սկսենք Գեղարքունիքից:
Գավառ
Նկատենք, որ ոչ բոլոր համայնքներում է ընտրողը հնարավորություն ունենում ինչ-որ բան փոխելու, քանի որ ընտրության հնարավորություն պարզապես չի տրվում: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում 2005 թվականից անընդմեջ քաղաքապետ է ընտրվել Գուրգեն Մարտիրոսյանը: Նա ՄԱԿ կուսակցության կողմից էր առաջադրվել առաջին անգամ, ունեցավ շռնդալից հաղթանակ, ու կարելի է ասել՝ «սեփականաշնորհեց» քաղաքապետի աթոռը: Նա Հայաստանի այն եզակի քաղաքապետերից է, որի հետ մրցակցելու անգամ ցանկություն չեն հայտնել տեղաբնակները՝ ունենալով բազում պատճառներ դրա համար: Նախ նշվում է, որ Մարտիրոսյանը լավ քաղաքապետ է ու եզակի տեսակ, որը իր սեփական միջոցներն է հաճախ ներդնում Գավառի քաղաքապետարանի բյուջե, ուստի նրա հետ մրցակցելն անիմաստ է, բացի այդ՝ խոսվում է, որ նա պարզապես կարողանում է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել, դրա համար մշտապես ունենում է իշխանության աջակցությունը:
Տեղեկացնենք, որ այժմ Գավառում իր թեկնածությունն է ինքնառաջադրել Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, որը ներկայացված է որպես «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ: Սակայն իրականում նա դրածո է, քանի որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գրանցումից հետո ինքնաբացարկ է հայտնելու՝ Գուրգեն Մարտիրոսյանին թողնելով միայնակ: Հավելենք, որ Մարտիրոսյանը վաղուց լքել է իր հարազատ ՄԱԿ կուսակցությունը եւ այս անգամ էլ ինքնառաջադրման միջոցով է պայքարելու քաղաքապետի պաշտոնի համար՝ ինքն իր հետ:
Ճամբարակ
Ճամբարակ քաղաքում իշխող Հանրապետական կուսակցությունն առաջադրել է գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանին: Ուսումնասիրելով այս համայնքի պաշտոնական կայքէջը՝ այնպիսի տպավորություն ստացանք, որ 2015 թվականին Ամանորը շնորհավորելուց հետո քաղաքապետը պարապուրդի է մատնված: 2016 թվականի գործունեության մասով մի տող անգամ չկա պաշտոնական կայքէջում. ահա, ակտիվությամբ էլ գործում է համայնքի ՀՀԿ-ական ղեկավարը:
Նրա հետ ավանդական պայքարի մեջ է մտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, սակայն ինքնառաջադրված թեկնածու Սերյոժա Ավալյանը: Նրանք բարեկամական կապեր չունեն, ու ըստ ճամբարակից հասած լուրերի՝ ակտիվ պայքար է ծավալվում Ավալյանների միջեւ: Տեսնենք՝ ինչ կստացվի:
Մարտունի
Այս մարզի սոցիալապես ամենաապահովված համայնքի ղեկավարը եւս հնաբնակ է. Բագրատ Հարությունյանը արդեն որերորդ անգամ նստում է քաղաքապետի աթոռին, սակայն աշխատանքի ակտիվությամբ այդպես էլ աչքի չի ընկնում: Անգամ նրա պաշտոնական կենսագրությունը չկա իր կողմից ղեկավարվող համայնքի պաշտոնական կայքէջում: Պարզապես իր հարաբերությունները «ճիշտ է» պահում ՀՀԿ վերնախավի հետ ու միայն այդ արժանիքի համար կարողանում վերընտրվել:
Բայց այս անգամ նրա հետ մրցակցության մեջ է մտել Մարտունիում հայտնի գործարար Արմեն Ավետիսյանը: Նա «Արմեն Մար» ՍՊԸ-ի տնօրենն է, արտադրությամբ է զբաղվում եւ որոշել է միայնակ՝ առանց քաղաքական հենարան ունենալու, պայքարել գործող քաղաքապետի դեմ: Եւ որպեսզի գործող քաղաքապետը «կոտրի» իր մրցակցի ձայները, Ստեփան Դեմիրճյանի կողմից գլխավորվող «Հայաստանի ժողովրդական կուսակցության» անդամ Նորիկ Ավետիսյանին առաջադրել է համայնքի ղեկավարի թեկնածուների շարքում: Ուշագրավն այն է, որ Ն. Ավետիսյանը աշխատում է հենց Մարտունու քաղաքապետարանում, ու դժվար է պատկերացնել, որ Հայաստանում կա գեթ մեկ համայնք, որտեղ այնքան ժողովրդավարական բարքեր են, որ կարող է ենթական իրականում պայքարել ղեկավարի դեմ: Այսպիսով՝ կարելի է ասել որ Նորիկ Ավետիսյանն էլ Բագրատ Հարությունյանի դրածոն է:
Սեւան
Սեւան քաղաքում իրավիճակը անպատկերացնելի խճճված է: Այստեղ ինքնառաջադրվել են միանգամից 3 ՀՀԿ-ականներ՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը՝ հայտնի Ուդոն, նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը, որը համարվում է բավականին թույլ թեկնածու ի տարբերություն մյուս մրցակցի: Բանն այն է, որ այստեղ առաջադրվել է նաեւ Սեւանի մեկ այլ նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը, որը համակիրներ ունի քաղաքում: Սեւանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաեւ «ՌԱՖ ԵՎ ԷԼ» ՍՊԸ տնօրեն Արա Սմբատյանը, որը վայելում է տեղի երկրապահների աջակցությունը: Ու դեռ ընտրապայքարը չսկսված՝ Սեւանում «խաղից դուրս է եկել» ՀՀԿ Սեւանի շրջանային կառույցի ղեկավար Ալիկ Պետրոսյանի՝ Լոբի Ալիկի որդին՝ անկուսակցական Մհեր Պողոսյանը: Նա «Գազպրոմ Արմենիա»-ում ավագ մասնագետ է, եւ հայրը հորդորել է չխառնվել ներկուսակցական գզվռտոցի վերածված Սեւանի ընտրապայքարին:
Ավանդաբար Սեւանի ընտրությունների ժամանակ իր դերակատարումն է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ դեռեւս ՌՈ պետ եղած ժամանակներից: Այս անգամ կարծես թե նա որոշել է չաջակցել Ռուդիկ Ղուկասյանին եւ օրերս ցուցադրաբար քայլելով Սեւանի փողոցներով՝ ընդգծված բացասաբար է արտահայտվել Ուդոյի մասին: Ըստ ամենայնի, այստեղ «տիտանների պայքար» է սպասվում, քանի որ Սեւանում իր թեկնածուն ունի նաեւ Սերժ Սարգսյանի ուսանողական ընկեր, գործարար Բարսեղ Բեգլարյանը՝ հայտնի Ֆլեշ Բարսեղը: «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանին սատարելու համար ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Աշոտ Գնդոյանը դիմել է իր ուսանողական ընկերոջը՝ Բարսեղ Բեգլարյանին՝ խնդրելով օգնել: Ինչպես հայտնի է՝ Ռուդիկ Ղուկասյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հարաբերությունները, մեղմ ասած, լարված են: Եւ հատկապես վերջերս տեղի ունեցած հրապարակային կսմիթներից հետո դժվար թե Ղուկասյանին հաջողվի հաղթել Սեւանում: Չի բացառվում՝ նա քրեական պատասխանատվության ենթարկվի թույլ տված չարաշահումների համար: Հավելենք, որ Սեւանում թեկնածու ունի Դաշնակցությունը՝ ի դեմս Սեւանի ԳԳՄ իրացման վարպետ Արտակ Վարդանյանի: Ու հետաքրքիր է, թե այս պայքարի արդյունքում ով ինչ արդյունք կգրանցի:
Վարդենիս
Վարդենիս քաղաքում թեեւ թեկնածուները քիչ են, բայց իրավիճակը պակաս խճճված չէ: Այստեղ 3 թեկնածուներ են առաջադրվել, որոնցից երկուսը Հանրապետական են. քանի որ Վարդենիսի քաղաքապետը նաեւ ՀՀԿ շրջանային կառույցի ղեկավարն է, ուստի կառույցը որոշել է ՀՀԿ-ի անունից առաջադրել գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունը, սակայն ՀՀԿ-ն դեռեւս պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել: Երկրորդը ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածու, «ԼիկաԱլեն» ՍՊԸ տնօրեն, մասնագիտությամբ քաղաքագետ Կարեն Մկրտչյանն է: Երրորդ թեկնածուն անկուսակցական է՝ «Էյ.Ի. ջի սերվիս» ՍՊԸ ծառայության պետ Գնել Խչեյանը:
Տեղեկացնենք, որ Վարդենիսի քաղաքապետը 14 տարի է՝ աշխատում է այդ պաշտոնում, սակայն արված աշխատանքը Վարդենիսում այդպես էլ չի երեւում, եւ ուսումնասիրելով նրա գործունեության պաշտոնական արձանագրությունը, այն է՝ քաղաքային համայնքի պաշտոնական կայքէջը, ինչպես մյուսների դեպքում, պարզեցինք, որ հատկապես վերջին 1 տարում Վոլոդյա Խլոյանը ոչինչ չի արել: Լրատվական կայք հիշեցնող Վարդենիս համայնքի պաշտոնական էջում վերջին նորությունը տեղադրվել է 2015 թվականի օգոստոսի 31-ին, որը վերլուծաբանի կարծիք է, թե «միգրացիոն ինչ ճգնաժամ է Եվրոպայում»: Թե ինչ կապ ունեն եվրոպայի ճգնաժամը կամ ցեղասպանության ուրվականները Վարդենիս համայնքի հետ, դժվար է ասել…
Ինչեւէ, դառնալով թեկնածուներին՝ նշենք, որ Վարդենիսում տարածված տեսակետ կա, որ Գնել Խչեյանին գործող քաղաքապետն է առաջադրել՝ ձայներ «կոտրելու» համար, նա «դրածո» է, եւ հիմնական պայքարը գնալու է Հանրապետական կուսակցության երկու ներկայացուցիչների՝ երիտասարդ գործարար Մկրտչյանի եւ 4 երեխաների հայր Խլոյանի միջեւ:
Պաշտոնական տեսակետ
Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեմ է լճացմանը, ինչը նշանակում է, որ շատ համայնքներում պետք է երիտասարդները ընտրվեն: Արդյոք այս հորդորը հասել է մարզային իշխանություններին: «Ժողովուրդ»-ի այս հարցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց. «ՀՀԿ շրջանային կառույցները կայացրել են որոշումներ, եղել են առաջադրումներ, մենք կհետեւենք, որ ընտրություններն անցնեն օրենքի տառին համապատասխան: Դեռ ժամանակ կա՝ իմ դիրքորոշումը արտահայտելու համար»:
Բնական է՝ ՀՀԿ-ական մարզպետն ամեն ինչ անելու է իր կուսակից թեկնածուների ընտրվելու համար: Մեզ մնում է սպասել զարգացումներին:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ