Ո՞Վ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔՈՉՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Ղրղզստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին» մասնակցում է նաեւ Հայաստանի՝ վեց հոգանոց «պատվիրակությունը»: Ովքե՞ր են մեր երկրի քոչվորները, որ այդ միջոցառման ժամանակ բարձրացրել էին հայկական եռագույնը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարեցին, որ Հայաստանն այդ միջոցառմանը չի մասնակցում: ՀՀ օլիմպիական կոմիտեից եւս հավաստիացրին, որ այդ միջոցառման մասնակցության մասին իրենց ոչինչ հայտնի չէ: Բայց փաստն այն է, որ այդ միջոցառման բացման արարողությանը քոչվոր ազգերի շարքում հայտնվել է նաեւ «Armenia» գրությամբ սպորտսմենների ինչ-որ խումբ` հայկական եռագույնով: Միջոցառման մասին պատմող պաշտոնական եւ ոչ պաշտոնական ամբողջ լրահոսում նշվում է մեր երկրի համար խայտառակ մի ձեւակերպում, այն է` Հայաստանը մասնակցում է «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին»:
Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն: Հայաստանի նման մոնոէթնիկ երկրում, որտեղ բնակչության մոտ 99 տոկոս հայեր են, ո՞ւմ մտքով է անցել մեզ դասել քոչվորների շարքին: Ո՞վ պետք է պատասխան տա ազգային այս խայտառակության համար:
Կարծում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը չի մասնակցում «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղեր» անվանումը կրող միջոցառմանը եւ Ղրղզստանին այդ առնչությամբ պետք է նոտա ներկայացնեն` Հայաստանի անունը անհարկի շահարկելու համար: ՀՀ իրավապահներն էլ պետք է պարզեն, թե ովքեր են Հայաստանի անունից հանդես եկող ինքնակոչները եւ պատասխանատվության ենթարկեն:

 

 
Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները մերձավորների հետ զրույցներում ասում են, որ իրենց Կարապետյանն առաջիկա օրերին նշանակվելու է ՀՀ վարչապետ: Նույնիսկ նշանակման օրն է նշվում` սեպտեմբերի 21: Ըստ լուրերի՝ այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարելու է «Համաձայնության կառավարություն» ձեւավորելու եւ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին: Մյուս կողմից կասկածներ կան, որ այս լուրերն ընդամենը խայծ են, եւ դրանց նպատակը Հայաստանի հասարակության տրամադրությունները շոշափելն է: Բանն այն է, որ Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական պայմաններում օդ ու ջրի պես հարկավոր է, որ հանրությունը դադարի մշտապես բացասական սպասումների մեջ ապրել: Երեկ ողջ օրվա ընթացքում իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ այս լուրերի իսկությունը պարզել: Բոլորը խորհրդավոր ակնարկներ էին անում` խորհուրդ տալով սպասել մինչեւ առաջիկա հինգշաբթի` կառավարության նիստին:

 

 
Ինչպես հայտնի է՝ Արցախի ազատամարտիկների միությունը դատապարտել էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելու քայլը եւ նրանց խոհեմության կոչ էր արել: «Ժողովուրդ»-ը ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանից (Օգանովսկի Սամվել) փորձեց պարզել, թե ինչու իրենք ի սկզբանե միակողմանի դիրքորոշում դրսեւորեցին եւ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի պես չեզոք դիրք չզբաղեցրին, ի վերջո, փաստ է, որ Արցախի ազատամարտիկների միության տեսակետը Հայաստանի հասարակության մի մասի շրջանում զայրույթ առաջացրեց: «Այդ հարցում Արցախի ազատամարտիկների միության դիրքորոշումը մեկն է` պաշտպանել Հայոց պետականության շահը, եւ եթե ուշադիր ընթերցեք այդ հայտարարության տեքստը, ապա կհամոզվեք, որ դրանում ասված է այն, ինչը բխում է մեր ազգային ու պետական շահից»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանը:

 

 
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի ջրամատակարարում եւ ջրահեռացում իրականացնող ընկերությունների հաշվեկշռով վեց ամսում ջրամատակարարման համակարգ է մուտք եղել 231 միլիոն 104 հազար խորանարդ մետր ջուր: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաշվետվություններից: Ըստ այդմ, համակարգի կորուստը կազմել է 75 տոկոս: Ի դեպ, ջրամատակարար ընկերություններից կորուստների ամենացածր մակարդակը արձանագրվել է «Երեւան ջուր» ընկերության մոտ` 73 տոկոս: Հարկ է նշել, որ գումարային արտահայտությամբ այս տարվա առաջին կիսամյակում սպառողներին մատակարարվել է 9 միլիարդ 28 միլիոն դրամի ջուր, որի դիմաց վճարումները կազմել են 95,6 տոկոս, կամ նույնն է, թե 8 միլիարդ 635 միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վճարումների հարցում բնակչությունն ավելի պարտաճանաչ է գտնվել, քան բյուջետային կազմակերպությունները: Բնակչության չվճարումների մակարդակն այս տարի կազմել է 3,8 տոկոս, իսկ բյուջետային հիմնարկներին` 5,7:

 

 
ԶԱՆԳ ԿԱԽՈՂՆԵՐՈՎ
Հայաստանի նախկին արտգործնախարար, Աժ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, անդրադառնալով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ ՌԴ-ից արտաքսմանն ի պատասխան հակահայկական հայտարարություններ անող ռուս գործիչների նկատմամբ հայկական կողմից համարժեք արգելքների սահմանմանը, ասել է. «Եթե մենք առաջնորդվենք նրանով, որ ում դուր չի գալիս Հայաստանի քաղաքականությունը կամ ինչ-որ բան Հայաստանում դուր չի գալիս, արգելենք, մենք կնմանվենք Ալիեւին, կամ այսօրվա Ռուսաստանին, կամ Հյուսիսային Կորեային»:
Իհարկե, նման խնդիր կա. եթե մենք քննադատում ենք Ռուսաստանի պահվածքը, ապա այն կրկնելը լավագույն լուծումը չէ: Բայց մյուս կողմից էլ որեւէ կերպ ռազմավարական դաշնակցի այդ քայլին չարձագանքելն ու ցույց չտալը մեր բացասական վերաբերմունքը եւս սխալ է: Եւ, ի վերջո, պետք չէ Ալիեւին բերել որպես բացառապես վատ օրինակ: Չմոռանանք, որ նմանատիպ հարցերում Ադրբեջանի իշխանություններն իրենց շատ ավելի արժանապատիվ են պահում եւ չեն զլանում ամեն անգամ, ըստ իրենց պատկերացումների, համարժեք արձագանքել:
Եվ որքան էլ ասվի, որ «օկուպացված տարածքների մասին» Ադրբեջանի նվնվոցները վաղուց արդեն ձանձրացրել են միջազգային հանրությանը, իրականության մեջ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն, ի վերջո, կարողանում է բավականին լավ արդյունքներ գրանցել ինչպես միջազգային կառույցներում /մասնավորապես ԵԽԽՎ-ում, որտեղ մի քանի ամիս առաջ երկու խիստ հակահայկական զեկույցներից մեկն ամբողջությամբ ընդունվեց, մյուսը մասնակի/, այնպես էլ մեր ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի հետ իր հարաբերություններում:
Մասնավորապես, երբ հայտնի դարձավ որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքվել է 200 միլիոն դոլար վարկի տրամադրման համաձայնագիր, որով ՌԴ-ն Հայաստանին պետք է զենք մատակարարի, Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես բողոքի նոտա հղեց Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ պահանջելով կա՛մ կասեցնել այդ համաձայնագիրը, կա՛մ էլ պաշտոնական երաշխիքներ տրամադրել առ այն, որ այդ զենքը չի կիրառվի ընդդեմ Ադրբեջանի: Մի բան, որն անցած հինգ եւ ավել տարիների ընթացքում այդպես էլ որեւէ անգամ չարեց Հայաստանի ԱԳՆ-ն, եւ արդյունքում ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեցանք 100-ից ավել զոհ՝ խոցված հենց ռուսական զինատեսակներից:
Իսկ, ահա, ադրբեջանական կողմի «հիսթերիան», ինչպես դա սիրում են բնութագրել իշխանական լրատվամիջոցները, լավ էլ արդյունք տվեց. Ռուսական 200 միլիոն դոլարի զենքն այդպես էլ Հայաստան չի հասնում:
Այնպես որ, երբեմն ավելի լավ է լինել «հիսթերիկ» եւ «նվնվան», քան թե անողնաշար եւ ամորֆ:




Լրահոս