Ամեն տարի Հայաստանի Հանրապետությունը հրավեր է ստանում մասնակցելու «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին: Այս տարվա հրավերի առնչությամբ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցելու սեպտեմբերի 3-8-ը Ղրղզստանում անցկացվող «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին: Սակայն պարզվում է` պաշտոնական հայտարարությունը որեւէ արժեք չունի:
«Ժողովուրդ» օրաթերթն անակնկալի եկավ, երբ ղրղզական կայքում այդ խաղերի բացման արարողության տեսանյութում տեսավ նաեւ հայկական պատվիրակությանը` հպարտ ու անսասան կեցվածքով, այդ խաղերում հաղթանակած վերադառնալու պատրաստակամությամբ:
«Ժողովուրդը» փորձեց պատասխանատու գերատեսչություններից պարզել, թե ինչպես են մեր մարզիկները հայտնվել «քոչվորների» փառատոնին, այն դեպքում, երբ եղել է պաշտոնական հայտարարություն այդ միջոցառմանը չմասնակցելու մասին:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանի միջոցով ստացանք նախարար Գաբրիել Ղազարյանի մեկնաբանությունը:
-Պարո՛ն Գաբրիելյան, Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանից պատվիրակություն է մասնակցում «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին:
-Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցում այդ խաղերին:
Ի հերքումն նախարարի այս հայտարարության՝ «Ժողովուրդը» ուղարկեց այդ մասին փաստող նկարներ, որոնք վառ ապացույցն են մեր երկրի մասնակցության: Նկարները տեսնելուն պես նախարարի մամլո խասնակ Աստղիկ Մարտիրոսյանը խոստացավ, որ կզբաղվի այդ հարցով եւ կփորձի պարզել, թե ովքեր են նկարում եղած մարզիկները, որոնք ներկայացնում են Հայաստանն այդ խաղերին:
Թե ովքե՞ր են տեսանյութում երեւացող մարզիկները, որոնք այս օրերին մասնակցում են այդ «քոչվորական» փառատոնին, փորձեցինք տեղեկատվություն ստանալ նաեւ ՀԱՕԿ-ից: Պարզվեց՝ օլիմպիական կոմիտեն եւս անտեղյակ է այդ փառատոնից.
-Պարո՛ն Ռոստոմյան, Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանը մասնակցում է «Քոչվորների համաշխարհային խաղեր փառատոնին»:
-Ես այդ մրցույթներից տեղյակ չեմ, մենք նման բաների չենք մասնակցում: Մենք միայն «Միջազգային օլիմպիական կոմիտեի» կողմից կազմակերպվող մրցույթներին ենք մասնակցում: Ո՞նց էր այդ մրցույթի անունը:
-«Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոն:
-Դա ինձ ոչ մի բան չի հուշում:
Ղրղզական կայքերից պարզեցինք նաեւ, որ Հայաստանը այդ փառատոնին ներկայացուցիչներ ունի «Գոտիների պայքար» մարզաձեւից: Այդ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կայքում փորձեցինք գտնել որեւէ հայ ներկայացուցչի: Պարզվեց, որ այդ մարզաձեւում Հայաստանի ներկայացուցիչը Սերոբ Անդրեասյան անուն-ազգանունով մարզիկ է, որի մասին տեղեկություններ փնտրելու արդյունքում տեղեկացանք, որ նա ձյուդոյի միջազգային Բ կարգի մրցավար է: Իսկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկություն ստանալ չհաջողվեց, ֆեդերացիայի նախագահը «ժամանակավորապես անհասանելի էր»:
Հավելենք, որ ադրբեջանական կայքերում վայնասուն է բարձրացվել հայ մարզիկների մասնակցության առնչությամբ:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՆ ԳՆԱԼՈՒ ՄԱԿԱՈ՝ ԽԱՂԱՏՆԵՐՈՒՄ ՄԻԼԻՈՆՆԵՐ ԹՈՂՆԵԼՈՒ
Երեկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջեւ մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը:
Նկատենք, որ այս համաձայնագիրը հնարավորություն է տալու վավեր դիվանագիտական կամ սովորական անձնագիր ունեցող ՀՀ եւ ՉԺՀ Մակաոյի քաղաքացիներին ազատվել Մակաոյի հատուկ վարչական տարածքի եւ ՀՀ՝ մուտքի, ելքի կամ տարանցման արտոնագրային պահանջներից:
Առաջին հայացքից այս համաձայնագիրը դրական հեռանակարներ կարող է բացել, խնդիրը, սակայն, այն է, որ Մակաոն հայտնի է որպես խաղատնային կենտրոն, ինչը մի շարք հարցերի տեղիք է տալիս:
Այս հանգամանքը անմիջապես ֆիքսվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների կողմից: «Մակաոյում ակնկալում են Հայաստանի խաղամոլ բարեկամներին էլ ներքաշել …. «Շանգրիլա»,-հեգնանքով ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Վերջինս Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե սա ենթադրո՞ւմ է արդյոք, որ ազատ մուտք ու ելք կլինի նաեւ Չինաստան: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ հարակից զեկուցող Ալեքսանդր Արզումանյանը հստակեցրին, որ Չինաստան ազատ մուտք չի լինի: Քոչարյանի հիմնավորմամբ փոխադարձ համաձայնության են եկել. առաջարկվում է մուտքի եւ ելքի ազատ ռեժիմ, ըստ այդմ, քաղաքացիները 365 օրվա ընթացում մինչեւ 90 օր կարող են մնալ Մակաոյում, իսկ եթե ավելի երկար մնան, ուսման դեպքում եւ այլն, հարկավոր կլինի տալ այլ թույլտվություն: «Մեր քաղաքացին հնարավորություն կունենա առանց նախապես վիզա ստանալու Մակաոյից ավելի դյուրին վիզա ստանալ դեպի Չինաստան»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Թե որն է նման ուշագրավ համաձայնագրի կնքման իրական պատճառն, ու այն ինչ կարող է տալ, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանից:
«Ընդհանրապես կարեւոր է, որ հայկական անձնագիրը առավելագույնս մուտքեր ստանա աշխարհի տարբեր երկրներ, եւ եթե զուտ այդ առումով մոտենանք խնդրին, ապա հրաշալի է: Բայց Մակաոն երկիր չէ: Դա չինական մինի ինքնավարություն է, որը բացի խաղային ոլորտից` այլ հետաքրքրություն իրենից չի ներկայացնում: Եթե անգամ խոսք գնար նույն Չինաստանի մեկ այլ, ասենք, Հոնկ Կոնգի ինքնավարության մասին, ապա կարելի կլիներ դա հասկանալ: Հոնկ Կոնգը տնտեսական խոշորագույն խաչմերուկ է` հսկայական միջազգային կարեւորությամբ»,- նկատեց քաղաքագետը:
Մարտիրոսյանի խոսքով՝ Մակաոյի կարեւորությունը նույնքան է, որքան, ասենք, Ատլանտիկ Սիթիինը եւ շատ ավելի պակաս, քան Լաս Վեգասինը: «Հայաստանի համար անհրաժեշտություն է ողջ Չինաստանի հետ ոչ վիզային ռեժիմ հաստատելը թե՛ տնտեսական եւ թե՛ զբոսաշրջային առումով: Չին տուրիստները ամենատարբեր երկրներում միլիոնավոր դոլարներ են թողնում: Մինչդեռ Մակաոյում միլիոններ են թողնում դրսից եկածները: Եվ այստեղ հարց է ծագում. Մակաոյից ո՞վ պետք է գա Հայաստան` միլիոններ թողնելու եւ առավել հետաքրքիր հարց է հետեւում. իսկ ո՞վքեր պետք է Հայաստանից Մակաո գնան` միլիոններ թողնելու, որ հենց Մակաոյի հետ է վիզային ռեժիմը հանվում»,-հարցադրում արեց քաղաքագետը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԳՈՐԾԱ՞ՐՔ
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Վարդանյանի որդուն` Պարույր Վարդանյանին, օրերս հրավիրել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրան քննիչներն ասել են, որ մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ: Երբ Պարույրն ասել է, որ ինքը նման բան չի արել ու քննիչներին խնդրել է ցույց տալ ապացույցներ, թե ինչպես է զանգվածային անկարգություններ արել, նրան ոչինչ ցույց չեն տվել: Արդյունքում Պարույր Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ հեռացել է ՀՔԾ-ից:
ԴԻՆ ԳՏԵԼ ԵՆ ԺԱՅՌԻ ՏԱԿ
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին: Ինչպես պարզեցինք՝ Գեղամ Եղիազարյանը ապրում էր Ջերմուկ քաղաքում: Նրա հայրը մահացել է մի քանի տարի առաջ, ամուսնացած է եղել, ունի մեկ դուստը, կինը սպասում է երկրորդ երեխային: Նշենք, որ ենթասպային իրավապահները փնտրել են մի քանի օր: Ենթասպայի դին փրկարարները մեծ դժվարությամբ են կարողացել ժայռի տակից դուրս բերել: Չնայած զինվորականի ընկերները կարծում են, որ նա ժայռից ընկել է, սակայն իրավապահները բոլոր վարկածները` դժբախտ պատահար, սպանություն եւ ինքնասպանություն, քննում են:
ԳՈՒՄԱՐ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում ՀՀ դատախազությանը շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգման եւ պահպանման համար կհատկացնի 11.5 մլն դրամ: Նշված գումարից 2 մլն 120 հազար դրամի կնքվել է պայմանագիր, որին համապատասխան իրականացվելու են Շիրակի կայազորի զինվորական դատախազության շենքի պատուհանների եւ ճաղավանադակների պատրաստման, տեղադրման եւ սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ: Մնացած՝ 9 մլն 276 հազար դրամով նախատեսվում է իրականացնել Սյունիքի մարզի Կապանի դատախազության շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Սակայն շինաշխատանքների ձեռքբերման համար նախատեսված գնման գործընթացը երկարաձգվել է, քանի որ «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի պահանջը չի պահպանվել: Պատճառը պայմանավորված է վերանորոգման նախահաշվային թղթերի կազմման խնդիրներով: Մինչդեռ ըստ ֆինանսների նախարարության՝ տեղ գտած անհամապատասխանությունը չի հանգեցրել գնման ընթացակարգի կամ դրա արդյունքների փոփոխմանը, ինչպես նաեւ գնման գործընթացում մասնակիցների շահերի ոտնահարմանը: