ՀՀ քաղաքական դաշտի՝ անցած 25 տարիների պատմությունը փաստում է մի տխուր իրողություն. մեզանում ընդդիմադիր քաղաքական ուժերը առավելապես պայքարում են ոչ թե իշխանությունների, այլ միմյանց դեմ: Քաղաքական բոլոր կարեւոր շրջափուլերում էլ՝ սկսած դեռ 1995թ-ից, Հայաստանում իշխանություններին հաջողվել է ապահովել իրենց վերարտադրությունը գլխավորապես ընդդիմության պառակտվածության եւ միմյանց նկատմամբ խանդի ու քաղաքական նախանձի գերիշխանության արդյունքում: Եւ, որքան էլ ցավալի է, ընտրությունից ընտրություն իշխանություններին հաջողվում է գրեթե նույնությամբ կիրառել նույն տեխնոլոգիան: Ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին ասում՝ իշխանությունն «իր հաճախորդներին լավ է ճանաչում» եւ ըստ անհրաժեշտության՝ այսօր էլ նրանց միջոցով խորացնում է պառակտումը ընդդիմադիր դաշտում:
Հատկապես վերջին ամիսներին առավել ակնհայտ են դարձել ընդդիմադիր ուժերի՝ միմյանց հասցեին հնչող քննադատական ելույթներն ու հաճախ գոտկատեղից ներքեւ արվող հարվածները: Քաղաքական բանավեճը ժամանակ առ ժամանակ ընդդիմություն-իշխանություն տիրույթից տեղափոխվում է ընդդիմադիր եւ պսեվդոընդդիմադիր հարթություն, որտեղ բանավեճի հիմնական թեման այն է, թե ով է ավելի շատ ծախված իշխանություններին, ով է «պրոեկտ», եւ ով է միակ ու իրական ընդդիմադիրը:
Թեեւ մյուս կողմից տեսակետ կա, որ հիմա պետք է ընդդիմադիր դաշտը զբաղեցրածները քննադատեն մեկը մյուսի թերությունները, որպեսզի ընտրողը հասկանա՝ ինչպես կողմնորոշվել:
Առաջիկա ներքաղաքական զարգացումներին ընդառաջ՝ արդյոք անհրաժեշտ է վերանայել միմյանց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքը ու գոնե առնվազն կոռեկտ լինել: Ինչ են մտածում այս հարցի շուրջ ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերի ներկայացուցիչները:
Ժամանակին իրենց գաղափարները չկիսողներին շատ կոշտ քննդատության արժանացնող՝ «ով մեզ հետ չէ, նա տականք է» կարգախոսով առաջնորդվող ՀԱԿ-ը կարծես թե հիմա փոխել է դիրքորոշումը. ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշում է, որ իրենց միակ թիրախը իշխանությունն է. «Մենք բազմիցս հայտարարել ենք: Ընդդիմադիր ուժերն այնքան խելոք պետք է լինեն, որ իրար միս չկրծեն, թիրախում ունենան իշխանություններին: Մենք այդպես էլ վարվում ենք, բացի իշխանություններից որեւէ մեկին չենք քննադատում»:
Իր ազդեցության պիկի փուլում ընդդիմադիր բնորոշումից ամեն կերպ խուսափող, իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստանը», որը Գ. Ծառուկյանի հեռանալուց հետո թեեւ իրեն հայտարարեց ընդդիմություն, սակայն մինչ օրս էլ իներցիայով շարունակում է ընկալվել որպես ոչ իշխանական ուժ, այս փուլում առանձնապես աչքի չի ընկել իր մրցակիցներին ուղղված գոտուց ներքեւ քննադատություններով: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում, անգամ ցանկալի է համարում ընդդիմադիրների քննադատությունները միմյանց հանդեպ, սակայն ընդգծելով` եթե դա գաղափարական վեճ է: Բացառության մասին եւս չի մոռանում, պատգամավորը կարեւոր նախապայման համարում է կոռեկտությունը, գոտկատեղից ներքեւ հարվածելը` անցանկալի. «Քաղաքական քննադատությունները ես նորմալ եմ համարում, քննադատություն թող լինի, հո մոնոպոլյա չէ, ո՛չ իշխանությունը պետք է ունենա մենաշնորհ, ո՛չ էլ ընդդիմությունը: Բայց հիմա չեմ հասկանում՝ ի՞նչ է, մրցո՞ւմ է գնում, ես դեմ եմ, որ մրցում է գնում ընդդիմադիր դրոշակը վերցնել-չվերցնելու, առնվազն ծիծաղելի է»:
Իշխանական դաշտից ընդդիմություն, ապա հակառակ ուղղությամբ եւս մեկ քաղաքական շրջադարձից հետո, ի վերջո, իրեն ընդդիմադիր հայտարարած նախկին ՕԵԿ անդամ, ԱԺ նույնանուն խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այլ տեսակետ ունի: Պատգամավորը, մեղմ ասած, անթույլատրելի է համարում ընդդիմադիրների պայքարը միմյանց դեմ՝ պնդելով, որ դա լավ գործելաոճ չէ. «Որքան ընդդիմությունը միասնական լինի, այնքան ավելի իրատեսական կլինի պայքարը իշխանության դեմ: Տարակարծություն պետք է լինի, բայց դա չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է մեկը մյուսին քննադատի եւ իշխանությունը հայտնվի դիտորդի դերում ու մտածի, որ իր պատվերն իրագործեցին»:
Իրեն ընդդիմություն հռչակած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքական այն ուժերից է, որի ընդդիմություն լինելը այլ ընդդիմադիր ուժերի կողմից կասկածի տակ է առնվել: Զարմանալի է, որ այս փաստը հաշվի առնելով` կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվում է որեւէ մեկնաբանություն տալ եւ առավել եւս բարձրաձայնել` արդյոք պետք է ընդդիմադիր ուժերը քննադատեն միմյանց: Մարուքյանի խոսքով` իրենք ժամանակ չունեն այդ հարցի շուրջ մեկնաբանություններ անելու: Իսկ թե ի՞նչ առավել կարեւոր գործերով են զբաղված նրանք, անհայտ է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսակետը «մեկ ընդդիմություն» տարբերակով հայտնի է իրենց հայտարարություններից: Կուսակցության վարչության անդամ, կուսակցության խոսնակ Ալեն Սիմոնյանը միանշանակ կողմ է քննադատելուն. «Քննադատություններ պետք է հնչեն, մենք էլ, որպես ընդդիմություն, պատրաստ ենք քննադատության, բայց հիմնավոր քննադատության, այլ ոչ թե բամբասանքների եւ բանսարկությունների: Ես համաձայն չեմ չքննադատել բոլոր այն մարդկանց, որոնք որոշում են, որ իրենք ընդդիմադիր են` մոռանալով կոալիցիոն գործընկերությունը, մոռանալով իրենց քվեարկությունները, իրենց ծառայությունները մատուցած իշխանություններին: Պետք է լինի մեկ ընդդիմություն եւ լինի՝ ինչպես կա, մեկ իշխանություն, թե չէ, ով արթնանում է, իրեն ընդդիմադիր է հռչակում»:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
2 ՀԵՆԱԿԻ ՀԱՄԱՐ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Մակար Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի զգալի չափով հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2016թ. հունիս ամսվա վերջին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի 9-րդ շենքի բակում գտնվող խորդանոցից գաղտնի հափշտակել՝ գողացել է նույն շենքի 20-րդ բնակարանի բնակչուհի Սեդա Սիմոնյանին պատկանող զգալի չափերի գույքը: Մ. Մաթեւոսյանը գողացել է վերջինիս պատկանող, ընդհանուր 12 հազար դրամ արժողությամբ մետաղական մահճակալի 2 հենակները: Մ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը): Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Մ. Մաթեւոսանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունը ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: Դիլիջանից Բերդ քաղաք հասնելու, 150 կմ ճանապարհ կտրելով դատավարության մեկ նիստին ներկա լինելու համար Մակար Մաթեւոսյանին առնվազն 12 հազար դրամ է հարկավոր, որը նրա գողացած զույգ հենակների գինն է: Հայաստանում արդարադատությունը նման է ցանցի, խոշոր ճանճերը այն ճեղքում-անցնում են, մանրերը՝ խրվում այնտեղ: Բազում դեպքեր կան, երբ պետական միջոցներից խոշոր չափի յուրացում կատարած պաշտոնյաներն այդպես էլ չեն դատվել:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, նախկինում «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդն այժմ սեփական մարդատար ավտոմեքենայով տաքսիստ է աշխատում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ստիպված է տաքսիստ դարձել, որպեսզի ընտանիքի հանապազօրյա հացը հոգա: Նա նախկինում շաբաթը 5-6 անգամ Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի տարածքում գտնող ֆելզիտի հանքավայրից արդյունահանված քարից վերամշակված երեսպատման սալիկներ էր տեղափոխում Երեւան: Սակայն վերջին շրջանում Երեւանում քիչ թվով շենք-շինություններ են կառուցվում: Այդ պատճառով երեսպատման սալիկների պահանջարկը խիստ նվազել է: Ֆելզիտ քարը վերամշակող ձեռնարկությունն այժմ կարիք չունի բեռնատարներ վարձակալելու, շաբաթական մեկ անգամ սեփական բեռնատարով է սալիկները հասցնում մայրաքաղաք:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ՏԱՎՈՒՇԻ ՔՆՆՉԱԿԱՆԸ
2016 թվականի հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ծառայության ինտերնետային կայքը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Արթուր Սերյոժայի Մաթեւոսյանը այդ օրը փորձել է հատել Ադրբեջանի հետ սահմանը, սակայն փորձը կանխվել է պետական սահմանը հսկող սահմանապահ զորամասի զինծառայողների կողմից:
Նշենք, որ Արթուր Մաթեւոսյանը մանկուց հիվանդ է, մտավոր հետամնաց, 3-րդ խմբի հաշմանդամություն ունի: Նա իրենց ընտանիքին պատկանող ոչխարներն է պահել Ադրբեջանին սահմանակից տարածքում եւ հուլիսի 22-ի երեկոյան տուն չի վերադարձել: Դա անհանգստություն է առաջացրել Արթուր Մաթեւոսյանի հարազատների մոտ: Պետական սահմանը խախտելու փորձի դեպքի կապակցությամբ օգոստոսի 2-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 հոդվածով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձը): Սույն հոդվածով բնութագրվող գործողությունները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Իսկ, ահա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի (Քննության ենթակայությունը) 3-րդ մասի համաձայն՝ պետական սահմանի խախտման կամ դրա փորձին առնչվող քրեական գործերը ենթակա են ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչների կողմից քննությանը: Սակայն մի քանի օր առաջ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հանձնարությամբ հիշյալ քրեական գործի քննությունն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության վարույթ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ եթե անհրաժեշտություն կա տարբեր մարմինների կողմից քննվող քրեական գործերը այլ մարմինների վարույթ հանձնելու, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դրանք կարող են հանձնվել միայն ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը տեղյակ չէ կամ իրազեկ լինելով՝ չի հետեւում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ