Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա 7 ամիսներին Հայաստանում բեռնափոխադրումների ծավալների աճ է արձանագրվել: Մասնավորապես, ընդհանուր բեռնափոխադրումներն անցած տարվա յոթ ամիսների համեմատ աճել են 83 տոկոսով եւ կազմել 10 մլն 466 հազար 200 տոննա: Իսկ, ահա, ուղեւորափոխադրումների ծավալը վերոնշյալ ժամանակահատվածում 1.3 տոկոսով նվազել է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկաթուղային բեռնափոխադրումները աճել են 2.9 տոկոսով: Բեռների արտահանումն աճել է 9.2 տոկոսով, իսկ, ահա, ներմուծումը նվազել 28.5 տոկոով: 26.6 տոկոսով աճել է նաեւ երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը: Այսինքն՝ տվյալ ժամանակահատվածում իրականացվել է 847 հազար տոննայի երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումները աճել են 2.4 անգամ: Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը ըստ իրենց նպատակի դիտարկելուց հետո կտեսնենք, որ արտահանումը աճել է 11.4 տոկոսով, ներմուծումը՝ 2.5 տոկոսով: Իսկ, ահա, ներհանրապետական բեռնափոխադրումները աճել են 2.9 անգամ:
Ի դեպ, հենց այս աճի հաշվին է, որ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը աճել է: Նաեւ հենց սրանով է պայմանավորված բեռնափոխադրումների ընդհանուր տեսակների 83 տոկոս աճը: Այսպես՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին իրականացվել է 10 մլն 466 հազար տոննայի բեռնափոխադրում, որից միայն 7 մլն 259 հազար տոննան կատարվել է ավտոմոբիլային տեսակի ներհանրապետական բեռնափոխադրմամբ: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 49.1 տոկոսով է աճել. արտահանման դեպքում աճը կազմել է 75.8 տոկոս, իսկ ներմուծման դեպքում՝ 5 տոկոս:
Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները. այս դեպքում արձանագրվել է 8.7 տոկոս անկում: Ի դեպ, բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին եւ այն էլ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի` գազի: Կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 7 ամիսներին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զգալի նվազել է: Ըստ մասնագետների՝ Հայաստան գազի ներկրման անկման արդյունքում Ռուսաստանի եկամուտները փաստացի նվազել են:
Ինչպես հայտնի է՝ ուղեւորափոխադրումներն անմիջականորեն արտացոլում են հանրապետության ժողովրդագրական վիճակը: Այսպես՝ ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում ուղեւորափոխադրումների ծավալը 1.3 տոկոսով նվազել է:
Իսկ, ահա, ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալը այս տարվա յոթ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1.1 տոկոսով աճել է: Փոխարենը երկաթուղով ուղեւորափոխադրումները նվազել են 1.6 տոկոսով, իսկ ավտոմոբիլային ուղեւորափոխադրումները՝ 1.3 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալը նվազել է 16.2 տոկոսով: Ինչպես հայտնի է՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Ստացվում է, որ արտագաղթը այստեղ նույնպես իր բացասական ազդեցությունն ունի: Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանից արտագաղթել է ավելի քան 47 000 մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունը իր ազդեցությունն է ունեցել ուղեւորափոխադրումների ծավալների վրա: Հավելենք, որ Էլէկտրատրանսպորտով ուղեւորափոխադրումները նույնպես նվազել են 1.2 տոկոսով: Խոսքը Երեւանի մետրոյի մասին է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՄԲ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Լյուդմիլա Հովհաննիսյանը, որը Սերժ Սարգսյանին խնդրում է կարգադրել ՀՀ դատախազությանը ուսումնասիրել իր որդու վերաբերյալ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի կայացրած որոշման օրինականությունը:
«Ի գիտություն Ձեզ, հայտնում եմ, որ հանգուցյալ ամուսինս, 1990-ականներին արձագանքելով ՀՀ կառավարության՝ ԽՍՀՄ-ում ծառայող սպաների հայրենիք վերադառնալու հորդորին, իր ընտանիքով վերադարձավ Հայաստան եւ մասնակցեց հայրենիքի սահմանների պաշտպանությանն ուղղված մարտական գործողություններին: Իսկ 26.05.2001թ. ՀՀ նախագահի թիվ ՆՀ-870 հրամանագրով պարգեւատրվեց թիվ 448 «Մարտական ծառայություն» մեդալով:
1992թ. նա նշանակվեց Կապան քաղաքի ռազմական պարետ, իսկ հոկտեմբեր ամսից մինչեւ 1993թ. ապրիլը Կապանի ուղղությամբ հանդիսանում էր մարտական գործողությունների հրամանատար՝ անձամբ մասնակցելով բոլոր մարտական գործողություններին, պատասխանատվություն կրելով Սյունիքի մարզկենտրոնի համար:
Այժմ ինձ համար անհասկանալի են մնում հայրենիքին մատուցված ծառայության համար գնահատման չափանիշները, քանզի գտնում եմ, որ վերոնշյալ պարգեւը արժեզրկել է՝ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի՝ որդուս՝ Էդգար Հովհաննիսյանի հանդեպ պաշտոնեական լիազորությունների չարաշահման արարքով: Ուստի տպավորություն է ստեղծվել, որ Ա. Օսիկյանին կարելի է ոտնահարել ազատագրական պատերազմում մասնակցած անձանց ընտանիքի անդամների իրավունքները ու արհամարհել այն գաղափարը, որի համար մինչ օրս հայրենիքի սահմաններում զոհվում են զինծառայողներ:
2014թ. որդիս ծառայում էր ՀՀ ԱՆ ՔԿՎ պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում: Որքանով ես տեղյակ եմ, այդ ժամանակահատվածում նա հայտնաբերել է, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի՝ 2014թ. արձակած թիվ 2 ցուցումը օրենսդրությանը հակասող դրույթներ է պարունակում, եւ այդ մասին բանավոր առաջարկ է ներկայացրել նրան` քրեակատարողական վարչության ինտերնետային կայքէջից այն հեռացնելու մասին: Թիվ 2 ցուցումը հետագայում հանվել է քրեակատարողական վարչության ինտերնետային կայքէջից, սակայն մինչեւ այդ որդուս հանդեպ սկսում են անհարկի հետապնդումներ. մասնավորապես ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի թիվ 248-Լ հրամանով 17.12.2014թ., իրավական տեսանկյունից սուբյեկտիվ ձեւակերպված` նա ստանում է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, իսկ հետագայում ՀՀ աշխատանքային օրենսգրքի բազմաթիվ խախտումներով՝ ամենամյա արձակուրդի ժամանակահատվածում կրճատվում է նաեւ իր զբաղեցրած հաստիքը:
Որդիս, ունենալով երկու անչափահաս երեխա, վերոնշյալ այս հանգամանքների հետեւանքով զրկվել է ընտանիքը նյութապես ապահովելու հնարավորությունից եւ մտադրված է արտագաղթել հայրենիքից:
Ելնելով վերոնշյալից՝ խնդրում եմ՝ Ձեզ կարգադրել ՀՀ դատախազությանը՝ ուսումնասիրել վերոնշյալ հանգամանքներում ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի գործունեության օրինականությունը եւ օրինախախտումների առկայության դեպքում վերականգնել որդուս նախկինում իր զբաղեցրած պաշտոնում, կամ ուժը կորցրած ճանաչել ՀՀ նախագահի՝ 26.05.2001թ. թիվ ՆՀ-870 հրամանագիրը՝ հանգուցյալ ամուսնուս պարգեւատրման մասով եւ ետ ընդունել «Մարտական ծառայություն» մեդալը:
Հարգանքով՝ Լյուդմիլա Հովհաննիսյան»