
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ArmLur.am-ը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի օգնական Սեւակ Լալայանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ինքը՝ Լալայանը, համարվում է Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի մերձավոր անձանցից մեկը: Նա փաստացի նախագահական էր գնացել Միքայել Մինասյանի հետ, երբ վերջինս 2008 նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Հետագայում Մինասյանը նշանակվեց դեսպան, իսկ Լալայանը շարունակեց պաշտոնավարել` իրականացնելով իշխանական մեդիայի փաստացի կառավարումը:

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ առաջիկայում Միքայել Մինասյանի այլ թիմակիցներ եւս, որոնք պետական պաշտոններ են զբաղեցնում, ազատման դիմումներ կներկայացնեն: Ակնհայտ է, որ այս կադրային փոփոխությունները կապված են 7 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Տեսակետ կա, որ նրանց հեռացնում են իշխանությունից, բայց իրենք` երիտասարդները, վստահեցնում են, թե պատրաստվում են ընտրություններին` փորձելով, այսպես կոչված, ավագներին իշխանական ցուցակներից դուրս մղել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: