Հայ հեռուստադիտողները վաղուց էկրաններին չէին տեսել բողոքող մի ողջ գյուղ, գյուղացիական ընդվզում, նրանց առաջնորդող գյուղապետ եւ հարցին տեղում ու արագ արձագանքող մարզպետ: Ի՞նչն էր զայրացրել մարդկանց:Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչներին զայրացնողը Մասիսի «Ջրմուղկոյուղուց» ուղարկված զգուշացումներն ու դատարանի թղթերն էին` խմելու ջրի իբր չվճարված պարտքերի մասին: Հանուն «արդարության ու հավասարության» ոչ մեկին չէին մոռացել, բոլորին էլ պարտքի հսկայական թվեր էին ուղարկել` չվճարման դեպքում սպառնալով դատարանով: Պարտքի չափն էլ հայ գյուղացու գրպանի համար աստղաբաշխական է` 250- 280 հազար դրամ: Ծանուցման մեջ նշված է, որ գյուղացիները «Ջրմուղկոյուղուն» պարտք են դեռեւս 2002 թվականից: Մինչդեռ դաշտավանցիները վստահեցնում են, որ իրենք տարիներ շարունակ յուրաքանչյուր ամիս օգտագործված ջրի համար ֆիքսված գումար են մուծել, որոնց կտրոններն էլ պահպանել են: Բացի այդ, նրանք հիշեցնում են, որ 2002թ. գյուղում դեռեւս ջրաչափեր տեղադրված չէին: Ուրեմն` որտեղի՞ց հայտնվեցին հարյուր հազարների պարտքերը: Դատական թղթերի ծանր ծրարները սկսեցին գալ այն ժամանակվանից, երբ «Ջրմուղկոյուղին» վաճառվեց ֆրանսիական ընկերությանը: Ամեն ամիս ջրաչափի գումարը պարտաճանաչ մուծող մարդկանց համար այդ ծրարները սառը ցնցուղի ազդեցություն էին թողնում: Եվ չկար մեկը, որը պաշտպաներ նրանց իրավունքները: Ուստի իրենց ձայնը լսելի դարձնելու համար դաշտավանցիներն իրենց գյուղապետի առաջնորդությամբ գյուղովի միավորվեցին` մտադրվելով դիմել բողոքի ծայրահեղ ակցիաների:Դաշտավանի գյուղապետ Սերյոժա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. « Մերը բողոք չէ, ժողովրդի պահանջն է: Խմելու ջրի նախկին պարտքերի համար ենք բողոքում: Առայժմ բանը չհասավ ճանապարհ փակելուն, ամեն ինչ բարեհաջող անցավ: Մարզպետը եկավ, մարդկանց լսեց ու ասեց` չանհանգստանան, փող չտան, մինչեւ ինքը հարցով հետաքրքրվի: Սակայն առայժմ ոչ ոք ջրի պարտքերը զիջելու մասին մեզ ոչինչ չի խոստացել»: Մենք փորձեցինք խնդրի մասին մեկնաբանություններ ստանալ նաեւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանից: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում պարոն Բարսեղյանը վստահեցրեց, որ ինքը բնակչության կողքին կանգնած է: Անդրադառնալով ստացվող ծանուցումների օրինականությանը` մարզպետը նշեց. «Թեեւ ոչ համատարած, սակայն բազմաթիվ գյուղերում են նման դատական թղթեր ստանում: Այդ գումարների հարցը քննարկվում է: Տեսակետ կա, որ կազմակերպության մասնավորեցումից առաջ` 2002 թվականից գոյացած պարտքերը ներկայիս կառավարիչներն իրավունք չունեն գանձելու: Հույս ունենք հարցն ի նպաստ գյուղացիների լուծել: Պատրիկ Լորենը Փարիզում է, կգա, հարցը կքննարկենք»,-վստահեցրեց մարզպետը:Սա Դաշտավանը, իսկ մարզի մնացած 97 համայնքնե՞րը: Էդիկ Բարսեղյանի խոսքերով` բոլոր համայնքների ղեկավարներն էլ զգուշացված են:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԵԼ ՎՃԱՐԱԾԻ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ