Հայկական կողմը բլեֆ է անում. Հայկ Մարտիրոսյանը` Ուորլիքի հայտարարության և Հայաստանի դիրքորոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Интерфакс» գործակալությանը  տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը:

Հարցազրույցում Հայաստանին վերաբերող այլ հայտարարություններ ևս հնչել են, որոնց շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Չնայած հայկական կողմի պնդումներին, որ տարածքներ չեն զիջելու, այնուամենայնիվ, Ուորլիքը իր վերջին հարցազրույցում նշեց, որ բանակցությունների սեղանին է «որոշ տարածքներ՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» բանաձևը. Դուք էլ անընդհատ բարձրաձայնել եք, որ կա նման խնդիր: Հիմա, ինչպե՞ս է ստացվում, որ անընդհատ միմյանց հակասող հայտարարություններ են հնչում:

-Հակասողն այստեղ միայն այն է, որ հայկական կողմը բլեֆ է անում: Եվ այդ էժանագին բլեֆով Երևանը զբաղված է իննսունչորս թվականից ի վեր: Երևանում ԼՏՊ-ի (Լևոն Տեր-Պետրոսյան) պայծառ ուղեղն ինչ-որ ժամանակ միտք է ծնել, որ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել՝ ինչ-որ եթերային կարգավիճակների դիմաց շատ իրական տարածքներ հանձնելով, հետո եկել է մեկ այլ հանճար, որ որոշել է, որ կարելի է քաղաքակիրթ և կառուցողական երևալու համար շարունակել այդ գիծը և համաձայնել նման զիջումների կամ ինչպես հիմա մոդայիկ է ասել՝ «փոխզիջումների», որովհետև իբրև թե Ադրբեջանը վերջում դրանց չի համաձայնի: Եվ այս բլեֆը շարունակվում է մինչ այսօր: Հարց է ծագում՝ իսկ եթե հանկարծ ինչ-որ պահի համաձայնվի՞: Մեծ քաղաքականությունը մանր խորամանկությամբ չեն վարում: Սա անչափ վտանգավոր խաղ է, որտեղ հայկական կողմը կարող է ինչ-որ պահի փաստի առաջ կանգնել և փաթեթով տանուլ տալ:

Բացի այդ՝ երկրորդ բլեֆն այն է, թե իբր նման տարբերակ և թեմա չկա կամ չի քննարկվում, կամ հիմա էլ սկսել են մանևրել՝ թե իբր կա, քննարկվում է, բայց վերջում այն միևնույն է չի ընդունվելու: Ո՞վ է նման բան տեսել: Այսինքն ի սկզբանե բացահայտ Երևանը ծախսում է իր և ուրիշների ժամանակը՝ քաջ գիտակցելով, որ վերջում միևնույն է չի՞ հանձնելու հողեր: Այդ դեպքում ստացվում է վարվում է ըստ Երևանի կարծիքի՝ համանախագահողներին և թշնամի պետությանը միամիտի տեղ դնելու և բացահայտ խաբելու քաղաքականությու՞ն: Հիմա ու՞մ ենք խաբում՝ գերտերություններին, Ադրբեջանին, կուլիսներից մասնակցող Թուրքիայի՞ն՝ թե միայն մեզ:

Ակնհայտ է, որ միայն մեզ: Եթե Երևանը չի հրաժարվում պարտվողական և հանցավոր բանաձևից՝ որն է. «Տարածքներ ինչ-որ բանի դիմաց», ապա տարածքներ հանձնելու հարցը բնականաբար մնալու է օրակարգում: Եվ այդ հարցի իրականություն դառնալու ամենահզոր կատալիզատորն ողբերգականորեն հենց ինքը Երևանն է դրանով դառնում: Որքան Հայաստանը շարունակելու է սեղանին պահել բանակցային ներկայիս շրջանակը և թեկուզ քննարկել ու խոսել տարածքներ հանձնելու մասին, այնքան այս երկրի և ժողովրդի պատմական ինքնասպանությունը մնալու է օրակարգային անխուսափելիություն: Պետք է վերջապես սթափվել, հայտարարել ներկա բանակցային պրոցեսից դուրս գալու մասին և ձևավորել բանակցային նոր օրակարգ՝ կտրականապես հրաժարվելով և բանակցային խնդիրների ցանկից դուրս թողնելով որևէ տարածքի՝ թշնամուն հանձնելու հարցը: Հող հանձնելը միանշանակ պարտություն է: Եթե պարտություն ենք պատրաստ կրել՝ հանուն խաղաղության, ապա կարելի է և խաղաղության մասին ընդհանրապես չմտածել: այն միևնույն է՝ չի լինելու: հատկապես՝ ինքնակամ պարտությունից հետո:

-Եթե որոշ ժամանակ առաջ խոսվում էր նախագահների հաջորդ հանդիպման հստակ վայրի ու ժամանակի մասին, այժմ Ուորլիքն արձնագրում է, որ պայմանավորվածություններ չկան, կա Նյու Յորքում հանդիպելու հույս միայն: Ձեր կարծիքով ինչու՞ չեն կարողանում հստակ պայմանավորվածություն ձեռք բերել:

Որովհետև Հայաստանում բարդ իրավիճակ է: Սասնա Ծռեր են եղել, մյուս կողմից՝ սկսվել է հանրային գիտակցության զարթոնք, որ որևէ տարածք հանձնելը բիբլիական մասշտաբների հանցագործություն կլինի: Բացի այդ՝ Հայաստանում իշխանությունն այլևս անչափ թուլացել է, սկսվել է վերարտադրման աննախադեպ բարդ մի շրջան, աճել է բոլորովին նոր մի սերունդ, որ այլևս չի մտածում այնպես՝ ինչպես խորհրդային մենթալիտետով իշխանությունը:

Ադրբեջանում իր հերթին այլ խնդիրներ կան: Մի խոսքով՝ հատկապես ապրիլից հետո՝ վճռական փոփոխությունների գնալը բավական բարդ խնդիր է դարձել: Եվ փառք Աստծո որ այդպես է: Գոնե հույս կա, որ վերջերս խոստովանված քոչարյանական Քի-ՈՒեսթյան միայնակ և մեկ ստորագրությամբ Արցախի ազատագրված տարածքներ հանձնելու պատրաստակամության սցենարն այլևս այդքան հեշտորեն չի կարող կրկնվել:

– Ու նաև ևս մեկ հանգամանքի անդրադառնանք, չնայած Ուորլիքը հակամարտության կողմեր է անվանում Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին, բայց նա նաև նշում է, որ Ղարաբաղի ժողովրդի ձայնը նույնպես պետք է լսելի լինի: Ի՞նչ է սա, ըստ Ձեզ, նշանակում:

Նախ՝ Ղարաբաղը նույնպես Հայաստան է: Հետևաբար՝ հայ ժողովրդի և Հայաստանի մասին երկու անգամ է խոսք գնում: Բացի այդ՝ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը, փաստորեն, հայանպաստ որոշակի շեշտադրումներ այնուամենայնիվ անում է: ՀՀ և նրա փաստացի մարզ Արցախի ժողովրդի կարծիքը, կարծում եմ, բոլորին հայտնի է: Պարզապես պետք է դուրս գալ բանակցային այս թեմատիկայից, որպեսզի համանախագահող միջնորդներին հնարավորություն ընձեռվի նոր և այլ թեմաներ արծարծել:

Ես ընդհանրապես չեմ հավատում թուրք-ադրբեջանական կողմի հետ որևէ բանակցությունների վավերականությանը կամ մնայունությանը, բայց եթե որոշ դիվանագետամոլներ ԱԳՆ-ում կամ էլ այլ ատյաններում անպայմանորեն ուզում են բանակցել, որովհետև կարծում են թե դա անհրաժեշտ է, ապա պետք է սկսեն ձևավորել նոր օրակարգ և ընդմիշտ հրաժարվեն տարածքներ հանձնելու մտքից անգամ:

զրուցեց Լիլիթ Շաբոյանը




Լրահոս