Ամբաստանյալն ահազանգում է քննիչների կողմից հանցագործություններ կատարելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սպանության և գույքի դիտավորությամբ վնասման դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թ. Դ.-ն հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իր վերաբերյալ քննված քրեական գործով ապօրինություններ կատարելու, ապացույցներ կեղծելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Թ. Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ քննիչների կողմից 2013թ. մայիսի 8-ին կազմված՝ դեպքի վայրի զննության մասին արձանագրության համաձայն՝ դեպքի վայրից՝ բնակարանից, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել և առգրավվել են նաև գործով տուժող Մ.Հ.-ին պատկանող 3 բջջային հեռախոսներն ու 3 ծոցատետրերը, որոնք նախաքննության ընթացքում չեն հետազոտվել և դատարան չեն ուղարկվել:

Ըստ ամբաստանյալի հաղորդման՝ չեն հետազոտվել ու դատարան չեն ուղարկվել նաև իր բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված՝ իրեն պատկանող 2 բջջային հեռախոսները:
Բացի այդ, 2013թ. մայիսի 19-ին, իր մայրը քննիչներին է ներկայացրել դեպքի պահին իր հագին եղած հագուստները, սակայն դրանցից ոչ բոլորն են տրվել փորձաքննության, դրանք դատարան չեն ուղարկվել և հարազատներին չեն վերադարձվել:

Բացի այդ, քննիչներից մեկը նույն գործով վկա Տ. Գ.-ի մասնակցությամբ կազմել է դեպքի վայրի զննության մասին արձանագրություն, համաձայն որի՝ կատարվել է ֆոտո-վիդիո լուսանկարահանում և տեսանկարահանում «IPHONE» մոդելի բջջային հեռախոսով, սակայն վերջինս այդ լուսանկարներն ու տեսանյութը քրեական գործի նյութերին չեն կցվել:

Պետական հատուկ ծառայություն իրականացրած առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն




Լրահոս