Օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետ կապված մեղադրանք առաջադրեց ևս մեկ անձի: Նկատենք, որ մինչ օրս մեղադրյալի կարգավիճակում հայտնված անձինք հասարակ քաղաքացիներ են, իսկ, ահա, «խոշոր ձկները» դեռեւս մնում են ստվերում:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում խոչընդոտել է տեսանկարահանող լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը՝ ջարդելով վերջինիս աշխատանքային գործիք հանդիսացող «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը: Իսկ թե ով է Ա.Կ.-ն, նախաքննություն իրականացնող մարմինը չի գաղտնազերծում: Հիշեցնենք, որ նույն քրեական գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է, եւ գործն առաջիկայում կուղարկվի դատարան:
Այսպիսով, ինչպես ցույց են տալիս զարգացումները, աղմկահարույց իրադարձությունից անցել է մեկ ամսից ավել, սակայն մինչ օրս օդում կախված է մնում ամենագլխավոր հարցը. ինչո՞ւ են իրավապահները քավության նոխազ դարձնում «մանր ձկներին»:
Ինչպես հայտնի է՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու հետ կապված հրապարակվեցին աղմկալի լուսանկարներ, թե ինչպես էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը, քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, Տիգրան Մելոյանը եւ մյուս՝ թիկնապահ հիշեցնող կերպարներն ու քրեական տարրերը ակտիվորեն ներգրավված:
Թե ինչու են իրավապահ համակարգի ուշադրությունից շարունակում դուրս մնալ այս գործընթացի «խոշոր ձկները», «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել արդեն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից:
-Պարո՛ն Դավթյան, երբ են պատժվելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը, քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, Տիգրան Մելոյանը եւ մյուս թիկնապահ հիշեցնող կերպարներն ու քրեական տարրերը, որոնք ակտիվորեն ներգրավված էին Սարի թաղի դեպքերում:
-Սարի թաղի փաստով քրեական գործ հարուցված է եւ այդ քրեական գործով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն:
-Ինչպե՞ս է բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացվում, երբ մինչ օրս կոնկրետ հրապարակված անձանց մասով որեւէ տեղաշարժ չկա:
-Ով մեղավոր է լինելու, ում դեպքում մեզ հաջողվելու է հիմնավորել մեղքը, նա ենթարկվելու է պատասխանատվության:
Մեր հարցին, թե ինչն է խանգարում հիմնավորել կոնկրետ վերը նշված անձանց մեղքը, երբ կան բազմաթիվ փաստեր՝ գլխավոր դատախազի թեկնածուն խուսափեց պատասխանել՝ շտապելով մտնել Հանրապետական խմբակցության ղեկավարի աշխատասենյակ:
Տաթև Հարությունյան