Սեպտեմբերի 9-ից Հայաստանում մեկնարկել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնը: Այն կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը եւ կանցկացվի ՀՀ Լոռու, Շիրակի մարզերում եւ մայրաքաղաքում: Նախաձեռնողը «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնն է: Փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանի եւ Արցախի մշակութային կյանքի աշխուժացմանը:
Երեւանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որպես դրական երեւույթ ընդգծեց այն, որ փառատոնն անցկացվում է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ երկրի մյուս, ավելի փոքր քաղաքներում, որտեղ փառատոները բնակիչների համար վերածվում են իսկական տոնի: Ի դեպ, փառատոնին կմասնակցեն տիկնիկային թատրոններ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Հունգարիայից եւ այլ երկրներից:
«Թեեւ ես գիտեմ, որ փառատոնի կազմակերպիչների ֆինանսական հնարավորությունները սուղ են, այնուամենայնիվ, սա ցույց է տալիս, որ մարդիկ հաճույքով են գալիս Հայաստան: Այս կերպ մենք ծանոթանում ենք ուրիշ երկրների մշակույթին. սա շատ կարեւոր է: Այլապես, եթե փակենք մեր բոլոր «անոթները», ինքներս մեզնից շատ բան «կգողանանք»»,-նկատեց պարոն Բաբայանը:
Նշենք, որ Երեւանի պետական տիկնիկային թատրոնը փառատոնին մասնակցում է «Ամպից պոկված հեքիաթը» ներկայացումով (բեմադիչ` Զարուհի Անտոնյան, նկարիչ` Ալինա Ալեքսանյան), որը հասցրել է ցուցադրվել տասնյակ միջազգային փառատոներում: Ավելին` մեկ ամիս անց էլ թատրոնն այս ներկայացմամբ մեկնում է Ռումինիա` կրկին մասնակցելու միջազգային փառատոնի:
Նշենք նաեւ, որ տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնի ծրագիրը ներառում է «Երեկոյան ակումբ», որի շրջանակում կկայանան ներկայացումների քննարկումներ, մտքերի փոխանակում, վարպետության դասեր հանրահայտ տիկնիկային գործիչների կողմից: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաեւ էքսկուրսիաներ, կցուցադրվեն ֆիլմեր: Ռ. Բաբայանը մեզ տեղեկացրեց, որ իրենց թատրոնի երկու առաջատար դերասաններ` Դերենիկ Մարտիրոսյանը եւ Արա Հակոբյանը, արդեն մեկնել են Գյումրի` վարպետության դասեր անցկացնելու նպատակով: Նրա խոսքով` ներկաները բացառիկ հնարավորություն կունենան լսելու վարպետների խորհուրդները, ծանոթանալու նրանց փորձին:
Մեր այն հարցին, թե ինչով է հայաստանյան տիկնիկային արվեստը տարբերվում աշխարհի մյուս երկրների տիկնիկային արվեստից, Ռ. Բաբայանը պատասխանեց. «Մենք շատ լայն ֆորմատով ենք աշխատում` օգտագործելով տիկնիկային արվեստի բոլոր ձեւերը. սա այդքան էլ հեշտ բան չէ: Մեր թատրոնը, օրինակ, պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել «Մատնաչափիկը», որը ներկայացնում է ստվերների թատրոնը. առաջին անգամ ենք նման բան անում: Այսինքն` մեր թատրոնը սահմանափակումներ չունի. հենց դա է մեր առավելությունը»:
Իսկ անդրադառնալով տիկնիկային արվեստում մեր բացերին` Ռ. Բաբայանը շեշտեց, որ միշտ էլ սովորելու շատ բան ունենք. «Ժամանակակից թատրոնը տարբեր նորարարությունների, տեխնիկական զարգացման պահանջներ է ներկայացնում, ուստի հարկավոր է համապատասխան մասնագետներ ունենալ: Այդ մասնագետները օդից չեն գալու. պետք է ակտիվ լինենք կրթական ոլորտում փորձի փոխանակման հարցում, որպեսզի երիտասարդները, որոնք նպատակ ունեն մասնագիտանալ այս ասպարեզում, տեսնեն այն նորը, որը կատարվում է աշխարհում»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան