Ինչու կարմիր դիպլոմով շրջանավարտին աշխատանքի չեն ընդունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր դիպլոմով շրջանավարտին չեն ընդունում աշխատանքի
Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ է ստանում որոշ շրջանավարտներից այն մասին, որ ոչ պետական բուհի դիպլոմ ունենալու պատճառով նրանք չեն կարողանում պետական մարմիններում աշխատանքի անցնել:

Նրանց պատմելով՝ հասարակության մեջ ձեւավորվել է կարծիք, թե ոչ պետական բուհերի պատրաստած կադրերն իրենց ունակություններով զիջում են պետականների շրջանավարտներին: Այս պատճառով ոչ պետական բուհերի բազմաթիվ շրջանավարտներ հայտնվել են անելանելի իրավիճակում:

Այս խնդրի հետ կապված «Ժողովուրդ»-ին է դիմել նաեւ ՀՀ գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 26-ամյա բնակչուհի Նորա Պուպույանը: Վերջինս դեռեւս 2009 թվականին գերազանց ավարտել է Սեւանի պետական ուսումնարանը: Մասնագիտությամբ մանկաբարձ է: Սակայն այսօր Նորան աշխատանք չունի. տեսնելով նրա դիպլոմը՝ պետական ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում նրան աշխատանքի չեն ընդունում՝ պատճառաբանելով, որ ոչ պետական բուհի շրջանավարտ է:

«Ես 3 տարի գերազանց սովորել եմ Սեւանի պետական ուսումնարանում, պատրաստ եմ ու կարող եմ նորից քննություն հանձնել աշխատանքի անցնելու համար: Ոչնչից չեմ վախենում: Ես չեմ բավարարվել միայն ուսումնարանի տված գիտելիքներով, այլ լրացուցիչ սովորել եմ եւ կարմիր դիպլոմով եմ ավարտել ուսումնարանը: Իսկ հիմա ստիպված եմ տանը նստել, որովհետեւ գործատուները դիպլոմը տեսնելուն պես հրաժարվում են ինձ աշխատանքի ընդունել՝ պատճառաբանելով, որ ոչ պետական բուհի դիպլոմ է: Թող ԿԳՆ-ն ինձ օգնի այս հարցում կամ հետ վերադարձնի իմ վճարած ուսման վարձը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված ասաց Նորան:

Նա նաեւ «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իր համակուրսեցիներից շատերը այսօր նույն դիպլոմով աշխատում են մարզային բուժհաստատություններում: Հետաքրքիր է, թե ինչպես են կարողացել գործատուները ընդունել ոչ պետական բուհի դիպլոմով մի շրջանավարտի, այն դեպքում, երբ մյուսին նույն դիպլոմի համար մերժել են: Սա մտածելու տեղիք է տալիս:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ օրինական լիցենզիա չունենալու հիմնավորմամբ, անցած տարի փակվեցին Սեւանի բժշկական ուսումնարանը եւ դրա Վարդենիսի մասնաճյուղը: Այս ուսումնական հաստատությունները գործում էին 1999 թվականից: Մինչեւ 2013թ. հունիսը Սեւանի ուսումնարանը եւ դրա մասնաճյուղը գտնվել են ՀՀ առողջապահության նախարարության վերահսկողության տակ, իսկ 2013-ի հունիսից ուսումնական այդ հաստատություններն անցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության վերահսկողության ներքո:

Հենց այս փոփոխությունից հետո էլ Սեւանի ուսումնական հաստատությունում ստուգումներ էին անցկացվել, եւ պարզվել էր, որ կրթօջախի փաստաթղթերը օրենսդրությանը չեն համապատասխանում, ու, ի վերջո, որոշվել էր փակել այն:
Նկատենք, որ մասնավոր բուհերի փակումը էական վտանգ է ներկայացնում: Բանն այն է, որ պետական բուհերը, մնալով առանց մրցակցի, պարզապես դադարում են լավ աշխատել մրցունակ կրթություն տալու համար:

Ոչ պետական բուհերի շրջանավարտների ահազանգը «Ժողովուրդ»-ը փոխանցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, որն ասաց. «Մենք ունենք ոչ պետական քննությունների գործընթաց, եւ նախկինում փակված բուհի ուսանողները, որոնց վկայականները հավատարմագրված չեն, նրանք գալիս են ու քննություն են տալիս: Ամեն տարի դա լինում է: Այսինքն՝ հաստատում են իրենց վկայականը քննությամբ եւ ստանում են հավատարմագրված վկայական: Այս մասով մենք որեւէ խնդիր չունենք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս