ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության կապիտանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
2016թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը՝ 19:45-ի սահմաններում, Գյումրի քաղաքում վրաերթի է ենթարկվել 41-ամյա բնակիչ, ոստիկանության կապիտան Արամ Հարությունյանը, ով ստացած ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Գիտակցության չգալով՝ Ա.Հարությունյանը բժշկական կենտրոնում մահացել է։
Պարզվել է տղամարդուն վարերթի ենթարկած վարորդի ինքնությունը, ով, ըստ նախնական տվյալների, դեպքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում վարորդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին