Ոստիկանները հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցներ չեն ձեռնարկել. ահազանգում է քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Համլետ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ սեփականության իրավունքով իրեն պատկանող առանձնատնից կատարված գողության դեպքերով մի քանի անգամ դիմել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին, ովքեր սակայն նշված գողության դեպքերով սահմանված կարգով իրենից գրավոր հաղորդում չեն ընդունել, այլ խոստացել են հաղորդումն ընդունել գողություն կատարած անձանց հայտնաբերելուց հետո:

Այնուհետև երբ առանձնատնից դարձյալ գողություն է կատարվել. գողացվել է ընդհանուրը 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք: Ինքը կրկին դիմել է ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողներին, ովքեր դարձյալ իրենից գրավոր հաղորդում չեն ընդունել:

Փաստորեն, ըստ քաղաքացու հաղորդման, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները 4 անգամ կատարված գողության դեպքերով սահմանված կարգով գրավոր հաղորդում չեն ընդունել և դրանք բացահայտելուն ուղղված միջոցներ չեն ձեռնարկել:

ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն




Լրահոս