Ինչ էր ակնարկում Կարեն Կարապետյանը կառավարության նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա կառավարության նիստը զգալիորեն տարբերվում էր պարբերաբար տեղի ունեցող նիստերից: Տարբերությունը ոչ միայն վարչապետի փոփոխությունն էր, այլև նրա` նիստը վարելու ձևը, որով վերջինս փորձում էր հնարավորինս դիտարժան դարձնել իր առաջին նիստը, և, թերևս, որ դա նրան հաջողվեց:

Նախ նիստի հենց ամենասկզբում Կարապետյանը հանձնարարեց սկսել քայլեր ձեռնարկել գազի և էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու ուղղությամբ և հանձնարարականներ տվեց ՀԾԿՀ-ին, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարություններին:

Վարչապետը դիմեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին: «Պարո´ն Նազարյան, որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ քննարկեք ու տարբերակ առաջարկեք»,- հարցրեց նա: Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ հարկավոր է քննարկել որոշ սկզբունքներ, որից հետո նոր կարող է հստակ ժամանակ ասել, որովհետև կան քննարկման ենթակա խնդիրներ, որ սխալ ուղղությամբ չգնան: «Հիմա հարմա՞ր է, թե՞ անձնակազմով պետք է գաք»,- հարցրեց վարչապետը:

Այնուհետև Կարապետյանը դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանին մեղադրեց բիզնեսի հանդեպ ոչ բավարար հոգատարություն ցուցաբերելու մեջ, իսկ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և մյուս նախարարներին հանձնարարեց երկար-բարակ չխոսել և զեկույցները լակոնիկ ներկայացնել: Այս ամենից զատ, անդրադառնալով ՊԵԿ-ին, նա նշեց. «Իմիջիայլոց, ասեմ, որ ես ՊԵԿ-ին նոր հանձնարարություն չեմ տվել. ես ՊԵԿ-ին ասել եմ, որ իր գործառույթը կատարի` ընդամենը… Այդ առումով այսօրվա իմ հանձնարարականը կարող է աբսուրդ հնչել, որովհետև ես ասել եմ այն, ինչը պետք է ՊԵԿ-ը կատարեր վաղուց:

Նա այսօր շատ ակտիվ և ինչպես իրեն է բնորոշ, «դրայվով» էր վարում նիստը և հարց տալիս յուրաքանչյուր պաշտոնյայի: Այս կերպ և հանձնարարականներ տալով` վարչապետը ցանկանում էր ցույց տալ, որ արդեն իսկ սկսել է աշխատել և փորձում է հասկացնել, որ ինքը խիստ է լինելու:

Այսկերպ վարելով նիստը` նորանշանակ վարչապետն ակնհայտ կերպով ցույց տվեց, որ կառավարության ձևավորման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, և ոչ ոք չի կարող որևէ երաշխիք ունենալ, որ կպահպանի պաշտոնը, եթե նույնիսկ մինչ այժմ այդ առումով որևէ հույսեր կամ ակնկալիքներ է ունեցել:

Հավելենք, որ ըստ լուրերի` Կարեն Կարապետյանին խոստացել են, որ վարչապետի պաշտոնում նա ոչ միայն սեփական կադրերն ընտրելու ազատություն կունենա, այլև ինքը կորոշի, թե գործադիր մարմինն ինչպիսի քաղաքականություն պետք է վարի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս