Անցնող շաբաթվա ընթացքում կարևորագույն իրադարձություններից մեկը համարում եմ իշխանական և ոչ իշխանական ուժերի միջև կայացած համաձայնությունը` կապված Ընտրական օրենսգրքի հետ: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Դուք գիտեք, որ կառավարության փոփոխություն տեղի ունեցավ: Այս պահին քաղաքական մեծամասնությունը նույնն է մնացել, այն չի փոխվել, իհարկե, ինքն է կիսում կառավարության պատասխանատվությունը: Ժամանակին, երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, ես նրան ասեցի, որ կունենա հաջողություն այն ժամանակ, եթե սոցիալական, տնտեսական հարցերում գոնե 50 տոկոսով նախագահի որոշումների վրա վետտո դնելու իրավունք կունենա», – նշեց նա:
Մելքումյանը համաձայն է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի այն ասածին, որ տնտեսության վիճակը բավական ծանր է: