“Armenia Expo 2016”. Իրանում կներկայացվեն հայկական ընկերություններ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման հիմնադրամը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կազմակերպել է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-8-ը՝ Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում: «Հայաստան Էքսպո 2016»-ը (“Armenia Expo 2016”) կազմակերպվել է Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

«Այս միջոցառման կազմակերպմամբ նպատակ ունենք իրանական շուկային ներկայացնել Հայաստանի տնտեսության ներուժն ու զարգացման հնարավորությունները, որոնք ավելի են ընդլայնվել ԵԱՏՄ մեր անդամակցությամբ: Միաժամանակ, նպատակ ունենք իրանցի գործարարների ավելի լայն շրջանակի համար բացահայտել մեր երկրի միջոցով նոր շուկաներ դուրս գալու առավելությունները: Հուսով եմ նաև, որ ցուցահանդեսի ընթացքում հայ և իրանցի ձեռներեցների միջև նոր գործարար կապեր կհաստատվեն, կքննարկվեն ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսի շրջանակում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

«Հայաստանի կառավարությունը արտահանման ծավալների մեծացման նպատակով որդեգրել և իրականացնում է ակտիվ և բազմավեկտոր քաղաքականություն, որի շրջանակում է դիտարկվում նաև Իրանում կազմակերպվող «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների ու ծառայությունների ցուցահանդեսը։ ՀՀ կառավարությունը կարևորում և առաջնային է համարում Իրանի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացումը և արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը», – նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Կարծում եմ՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները, որոնք կարող են մեծացնել Իրանի և իրանական շուկայի նկատմամբ հայկական բիզնեսի հետաքրքրությունը: Դրանց շարքին են դասվում Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, որպես դրա արդյունք՝ եվրոպական, ռուսական և այլ երկրների կողմից Իրանի հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրությունը, ԵԱՏՄ-Իրան համագործակցության ընդլայնումը և առևտրի հնարավոր ազատականացումը, և, անշուշտ, մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ, բարեկամական հարաբերությունները: Ժամանակի հրամայական է Հայաստանը դարձնել գործարար հարթակ՝ Իրանի հետ հարաբերություններ զարգացնելու ցանկություն ունեցող երկրների և ընկերությունների համար»,նշել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:

«Հայաստան Էքսպո 2016»-ին կներկայացվեն հայկական սննդի, դեղագործության, շինանյութերի արտադրության, թեթև արդյունաբերության, ոսկեգործության, ճշգրիտ ճարտարագիտության, ՏՏ,  բանկային, ապահովագրության, բեռնափոխադրումների և այլ ոլորտների շուրջ 80 ընկերությունների ապրանքներ ու ծառայություններ։ Հայտերի ընդունումը շարունակվում է մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով (հեռ.՝ 011.597.800)։

Նմանատիպ ցուցահանդես կանցկացվի նաև Երևանում, որտեղ կներկայացվեն իրանական ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս