Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Թուրքիայում իր դեսպանությունը սեպտեմբերի 16-ին անվտանգության նկատառումներով փակ պահելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս
մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Միացյալ Թագավորությունն արդեն տևական ժամանակ է հորդորում է իր քաղաքացիներին նախազգուշանալ ու խուսափել Թուրքիայի սահմանային հատվածներ և որոշ նահանգներ ճանապարհորդելուց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկչական սպառնալիքի պատճառով Թուրքիայում իր դեսպանատունն ու հյուպատոսական ներկայացուցչությունները փակել է նաև Գերմանիան: Ընդ որում, մինչև սեպտեմբերի 16-ը Թուրքիայում փակ կլինեն ոչ միայն դիվանագիտական ներկայացուցչությունները, այլև գերմանական դպրոցները: Այսպիսով, գերմանական կողմը կփորձի պահպանել իր քաղաքացիների
անվտանգությունը հնարավոր սպառնալիքի պարագայում: Թուրքիայում Գերմանիայի դեսպանությունը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` հայտնելով, որ գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունները մինչև սեպտեմբերի 16-ը սահմանափակ ծառայություններ են մատուցելու, իսկ ընդունելություններ առհասարակ չեն լինելու: