Օգոստոսի 1-ին՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների զենքը վայր դնելուց հետո, Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսեց ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մասին: Այդ ելույթից մոտ մեկ ամիս անց` սեպտեմբերի 8-ին, հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ հայտարարվեց, որ պետք է ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն: «Ժողովուրդ»-ը նոր ձեւավորվող կառավարությունից ակնկալիքների մասին զրուցեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանի հետ:
-Պարո՛ն Սանասարյան, Սերժ Սարգսյանը «Սասնա ծռեր»-ի հանձնվելուց հետո ունեցած իր ելույթում խոսեց ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին: Արդյո՞ք Դուք արդեն ստացել եք նոր ձեւավորվող կառավարությունում ընդգրկվելու առաջարկ:
-Ես տեղյակ չեմ՝ նման առաջարկ եղել է, թե ոչ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ կմերժենք նման առաջարկը, քանի որ չի կարող ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից ձեւավորվել ազգային միասնության կառավարություն: Իրենց ստեղծած կառավարությունները, ինչպես փորձը ցույց է տվել, սպասարկում են իրենց շահերը, իրենց կողմից ստեղծված ցանկացած` իբր բարեփոխման ծրագիր, սպասարկում է իշխանության շահերը:
-Բայց կարծես Ձեր պահանջներից մեկը հենց այդպիսի կառավարություն ձեւավորելու մասին էր: Ինչ-որ բա՞ն է փոխվել, որ դեմ եք ազգային միասնութան կառավարության ձեւավորմանը:
-Նման բան չենք պահանջել, մեր պահանջը եղել է ժողովրդի վստահության կառավարություն ձեւավորելը, որը կապ չունի իրենց կողմից ձեւավորվող կառավարության հետ: Մեր ու իրենց պատկերացրածի միջեւ սարեր ու ձորերի տարբերություն է:
–Իսկ առաջիկայում ձեւավորվելիք նոր կառավարությունը դրական փոփոխությունների ինչ-որ հույս ներշնչո՞ւմ է:
-Ո՛չ: Մեր պատկերացրած վստահության կառավարության մեջ չի կարող լինել ՀՀԿ-ն:
-ԱԺ-ում իր առաջին ելույթի ժամանակ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ պետք են համակարգային փոփոխություններ…
-Դե, գիտեք, ամեն մի վարչապետ մի բան ասելու է, բայց այդ խոսակցությունները նորություն չեն մեզ համար: Ժողովուրդի կողմից չընտրված իշխանությունները չեն կարող համակարգային փոփոխություններ անել, հատկապես, որ իրենք այդ փոփոխությունները արել են ընտրությունը կեղծելու միջոցով, այդ ամեն ինչն արել են այլ պետություններին խոստումներ տալու միջոցով: Այլ երկրներին հնազանդորեն ծառայող իշխանությունները չեն կարող համակարգային փոփոխություններ անել:
զրուցեց Վահագն Հակոբյանը