Այս օրերին Հայաստանի քաղաքական կյանքում քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, թե ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումով կառավարման համակարգում ինչ փոփոխություններ են տեղի ունենալու:
Այս հարցի պատասխանը ստանալու համար նախ անհրաժեշտ է հստակ գնահատել, թե Հայաստանի կառավարման համակարգն ինչպես էր գործում Հովիկ Աբրահամյանի՝ որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարելիս: Ի սկզբանե, երբ 2014 թվականի ապրիլի 13-ին Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, նրա մերձավորները մասնավոր զրույցներում ասում էին, որ Սերժ Սարգսյանը թույլատրել է կառավարությունը սեփական ցանկությամբ ձեւավորել, իհարկե, մի քանի վերապահումներով, որոնք վերաբերել են արտաքին քաղաքականության եւ ուժային ոլորտներին:
Արդյունքում, Հովիկ Աբրահամյանը որքանով կարող էր՝ իր համար ցանկալի կառավարություն ձեւավորեց՝ իհարկե, հնարավորություն չունենալով բոլոր կադրերին անձամբ ընտրել: Սակայն այդ փաստը դեռ չի նշանակում, որ նա ինքն էր որոշում, թե իր ղեկավարած կառավարությունն ինչ քաղաքականություն պետք է իրականացնի: Ներկա եւ նախկին պաշտոնյաները փաստում են, որ ինչպես Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին, այնպես էլ դրանից առաջ ՀՀ կառավարության անդամները ընդամենը կատարողի գործառույթներ են իրականացրել: Բոլոր քաղաքական որոշումները կայացվել են նախագահական նստավայրում: Այսինքն՝ քաղաքական որոշումներ կայացնողները եւ դրանց կատարման համար պատասխանատուները տարբեր մարդիկ են եղել: Նույնիսկ անձամբ Հովիկ Աբրահամյանն առանցքային խնդիրների հետ կապված որոշումներ կայացնելիս ընդամենը դիտորդի դերում է եղել: Իշխանական համակարգում տիրող իրավիճակի մասին տեղեկացված ցանկացած անձի հայտնի է վերը բերված իրողության մասին:
Ըստ լուրերի՝ Կարեն Կարապետյանին խոստացել են, որ վարչապետի պաշտոնում նա ոչ միայն սեփական կադրերն ընտրելու ազատություն կունենա, այլեւ ինքը կորոշի, թե գործադիր մարմինն ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացնի: Մի կողմից՝ նման մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի նա Հայաստանի տնտեսությունում ստեղծված ծանր կացությունը կարողանա ինչ-որ կերպ շտկել: Մյուս կողմից՝ նման մոտեցումը Սերժ Սարգսյանի համար եւս ձեռնտու է: Եթե Կարեն Կարապետյանին հաջողվի գոնե Հայաստանի տնտեսության անկումը կանգնեցնել, ապա նա կհայտարարի, որ դա իրենց՝ ՀՀԿ-ի շնորհիվ է: Եթե Կարեն Կարապետյանի կառավարությունն արժանանա նախորդի՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորածի ճակատագրին, ապա Սերժ Սարգսյանը կատարվածի մեղավորությունը, թեկուզ լռելյայն, կբարդի նրա վրա:
Հայաստանի կառավարման համակարգի սպասվող փոփոխություններով է բացատրվում նաեւ այն լուրերը, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի թիմակիցների մի մասն արդեն հրաժարականի դիմումներ են ներկայացրել, մյուսներն էլ առաջիկայում ներկայացնելու են: Բանն այն է, որ Միքայել Մինասյանի թիմը հիմնականում «տեղակայված» է նախագահական նստավայրում, եւ հենց նրանք են այս տարիներին մշակել եւս Սերժ Սարգսյանին ներկայացրել քաղաքական որոշումների նախագծերը, որոնք հաստատվելուց հետո ուղարկվել են համապատասխան ատյաններին: Սակայն ներկա իրավիճակում այլեւս նրանց «ծառայությունների» կարիքը չի զգացվելու եւ նրանք փորձում են հնարավորինս շուտ նոր իրողության պայմաններում դիրքավորվել: Ավելին՝ ներկա պայմաններում՝ պետական պաշտոնները լքելուց հետո Միքայել Մինասյանի թիմը հնարավորություն կստանա ավելի կենտրոնանալ 2017 թվականի ԱԺ ընտրությունների վրա: Ակնհայտ է, որ Միքայել Մինասյանի թիմը փորձելու է իշխանական համակարգում իր դիրքերը ամրապնդելու համար հնարավորինս շատ ներկայացված լինել ապագա խորհրդարանում: Այդ դեպքում, կառավարությունում եւս նրանց կշիռը կավելանա: Ի վերջո, նրանք իրենց համար ամենակարեւոր խնդիրը լուծել են. դատաիրավական կառույցի երկու կարեւոր օղակները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ գլխավոր դատախազությունը, փաստացի իշխանության երիտթեւի վերահսկողության տակ են:
Ուստի Կարեն Կարապետյանին առաջիկայում շատ ծանր կացություն է սպասվում: Երբ մի քանի ամսից ակնհայտ կդառնա, որ նա եւս ի վիճակի չէ Հայաստանի տնտեսությունը զարգացնել, եւ որ դրա համար ամբողջական քաղաքական փոփոխություններ են հարկավոր, Հայաստանի 14-րդ վարչապետը ստիպված կլինի կրկին վերադառնալ Ռուսաստան՝ բարձր վճարովի ինչ-որ աշխատանքի: Կարեւորը նրա կենսագրությունում նոր տող կավելանա. զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ