Ինչպես հայտնի է` Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում հեռուստադիտողները կտեսնեն նոր երաժշտական հեռուստամրցույթ, որը կոչվում է «Դեպի Եվրատեսիլ»: Անկախ բնակության վայրից` մրցույթին մասնակցում են 16 տարեկանից բարձր, ազգությամբ կամ արմատներով հայ կատարողներ: Մրցույթը բաղկացած կլինի 4 փուլերից եւ կտեւի շուրջ 3 ամիս: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ ողջ ընթացքում ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի` նախորդ տարիների հայաստանյան ներկայացուցիչները: Ժյուրիի անդամները 6-ն են՝ Իվետա Մուկուչյան, Արամ MP3, Ինգա Արշակյան, Հայկո, Անուշ Արշակյան եւ Եսայի Ալթունյան: Այսպիսով` մրցույթի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 11-ին, եւ արդեն սկսվել են լսումները (նախագիծը եթերում կլինի հոկտեմբերից): «Ժողովուրդ»-ը Արամ MP3-ից հետաքրքրվեց` ինչպիսին են նրա ստացած առաջին տպավորությունները:
-Արա՛մ, մասնակիցների շրջանում ի՞նչ միտում, ի՞նչ պոտենցիալ եք տեսնում: Ուժեղ կատարողներ շատ կա՞ն:
-Չեմ կարող ասել, որ նրանց թիվը մեծ է, բայց ուժեղ մասնակիցներ, այո՛, միանշանակ, կան: Առաջիկայում կրկին սպասվում են լսումներ, այնպես որ, կարծում եմ` կհավաքվեն համապատասխան որակներով մասնակիցներ, եւ մենք կընտրենք լավագույնին:
-Նրանց թվում կա՞ն հանրությանը հայտնի երգիչ-երգչուհիներ:
-Այո՛, Լուսինե Աղաբեկյանը (Լուսի), Գրիգոր Կյոկչյանը, ռուսաստանյան երաժշտական նախագծերից հայտնի մասնակիցներ, օրինակ` Արծվիկ Հարությունյանը: Ոչ պրոֆեսիոնալ մասնակիցները շատ փոքր թիվ էին կազմում. հիմնականում բոլորը երգիչներ էին, այդ թվում` underground-ից, այսինքն` ակումբներից:
-Իսկ մարզերից մրցույթին մասնակցողներ կա՞ն:
-Այո՛, եղել են դիմողներ Գեղարքունիքից, Սյունիքից, Շիրակից: Կային մասնակիցներ նաեւ արտերկրից, ինչպես արդեն նշեցի` Ռուսաստանից, նաեւ` ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իրաքից:
-Ամեն անգամ, երբ պարզ է դառնում, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, կուլիսներում, հանրության շրջանում տարբեր ինտրիգների ենք ականատես լինում. միշտ գտնվում են մարդիկ, որոնք դժգոհ են լինում ընտրությունից: Այժմ, հաշվի անելով, որ հաղթողը որոշվելու է ժյուրիի միջոցով եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում, գուցե այդ խնդիրը գոնե մասամբ լուծվի՞:
-Այո՛, այս պարագայում մասնակիցը, այսպես ասած, դուրս կգա ժողովրդի միջից. այդ առումով մրցույթը բավական ինտերակտիվ է: Կարծում եմ` մեծամասնությունը գոհ կմնա ընտրությունից:
-Հետաքրքիր է` մրցույթին մասնակցել ցանկացողները պատկերացում ունե՞ն, թե իրենցից ինչ է պահանջվում:
-Հստակ պատկերացում, իհարկե, ոչ բոլորը ունեն: Նրանցից ոմանք չհաղթահարեցին հաջորդ փուլը, քանի որ ունեին կարծրացած վոկալ, որը եվրատեսիլյան բեմի համար չէ. այդպիսի ձայնի հետ ոչինչ չես կարող անել: Այսինքն` մենք ընտրում ենք ոչ միայն լավ երգող մասնակցի, այլեւ մեկին, որը կհամապատասխանի մրցույթի ֆորմատին: Հաշվի ենք առնում` որքանով է նա բազմերանգ եւ ունակ փոփոխվելու: Ի ուրախություն մեզ՝ լսումների ընթացքում հասկացանք, որ մրցակցությունը բավական ուժեղ է լինելու, ուստի բարձրացրինք մեր պահանջները եւ մեր դրած նշաձողը:
-Իսկ հեղինակային երգեր ներկայացնողներ կա՞ն:
-Շատ քիչ` 3-4 կատարող: Բայց նրանց մեծ մասն ընդամենը այդ պահին երեւալու, լսարանին իր երգը հասցնելու նպատակ են ունեցել, ոչ ավելին:
-Լսումների ժամանակ ներկա է նաեւ հանդիսատես: Արձագանքներից ի՞նչ կարելի է ենթադրել` վերջինիս եւ Ձեր կարծիքը մասնակիցների ընտրության հարցում համընկնո՞ւմ է:
-Ոչ հաճախ է համընկնում. կարող է մեկը բարձր նոտայով երգի եւ անմիջապես արժանանա հանդիսատեսի ծափահարություններին: Իհարկե, լավ է, որ երգողը կարողանում է բարձր նոտաներ վերցնել, բայց դա դեռ չափանիշ չէ, ոչ միշտ է դա մեզ պետք. գուցե, ընդհանրապես, պետք չէ բղավել:
-Կարծես թե «Եվրատեսիլ»-ում բոլոր երգերը երգվել են: Ի՞նչ պետք է անենք մենք, որ զարմացնենք Եվրոպային, ի՞նչ որակներ կառանձնացնեք, որոնք երգի միջազգային մրցույթի մասնակիցը պետք է անպայման ունենա:
-Շատ բաներ կան, որ այդ բեմում դեռ չեն արվել: Ամեն բան կախված է նրանից, թե ում կներկայացնենք մրցույթին: Առաջիկայում նորից լսումներ կլինեն, եւ ժյուրիի անդամներից ամեն մեկի խմբում կընդգրկվի 4 մասնակից: Հետագա մրցակցությունը կծավալվի արդեն վերջիններիս միջեւ: Այդ պահից սկսած ժյուրիի անդամները հանդես կգան որպես մարզիչ եւ օգնական: Իրականում մեզ շատ դժվար, դաժան աշխատանք է սպասվում (ծիծաղում է): Ինչ վերաբերում է անհրաժեշտ որակներին, կարծում եմ` մրցույթին պետք է ներկայանա մեկը, որն ունի նոր ոճ, նոր ձեռագիր, որը կտարբերվի իր արտաքինով, վոկալով, կատարողականությամբ եւ շարժուձեւով. այդպիսի մեկին գտնելը բարդ խնդիր է: Լսումների ընթացքում, օրինակ, մենք ընտրեցինք մի քանի մասնակիցների, որոնք, գուցե, իրենց վոկալով չէին փայլում, բայց այնքան օրիգինալ էին, որ գրավեցին մեր ուշադրությունը: Կարծում եմ` նրանց վոկալի վրա աշխատելուց հետո կունենանք ցանկալի արդյունք:
Աննա Բաբաջանյան