Օրեր առաջ «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը վերադարձել է Ավստրալիայից, որտեղ հասցրել է հանդես գալ երկու մեծ մենահամերգներով: Նրա` այդ երկիր մեկնելու պատճառներից մեկը ավստրալական «X-Factor» նախագծին մասնակցելն էր, ինչը, սակայն, չի հաջողվել` փաստաթղթերի, ավելի կոնկրետ` վիզայի հետ կապված խնդիրների պատճառով:
Սակայն Մաշան «Ժողովուրդ»-ին պատմեց, որ, այնուամենայնիվ, լսումների առաջին փուլը Մելբուրնում հրաշալի է անցել. «Կարելի է ասել` տպավորել եմ ավստրալական ժյուրիին, որն ամեն հարցում ընդառաջեց ինձ, սակայն թղթաբանական որոշ հարցեր այդպես էլ չկարողացա լուծել: Մրցույթի կազմակերպիչները շատ ոգեւորվեցին, երբ իմացան, որ ես «Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող եմ: Ելույթիս շրջանակում կատարել եմ «Hallelujah» երգը, որը ինձ միշտ հաջողություն է բերել: Այդ ելույթս նույնպես ստացված էր»:
Ամեն դեպքում, Ավստրալիայում անցկացրած երեք ամիսների ընթացքում Մաշան հասցրել է երկու մեծ մենահամերգ ունենալ Սիդնեյում. «Հպարտ եմ, որ կենդանի նվագակցությամբ հանդես եմ եկել աշխարհում հայտնի ակումբներում, ընդ որում, ոչ միայն հայերի, այլեւ օտարերկրացիների համար»:
Մաշան տպավորված է Ավստրալիայի հայերի ջերմ ընդունելությունից եւ հոգատարությունից. «Նրանք շատ սիրում են հայկական երաժշտությունը, չեն կորցնում իրենց հայկական ոգին, մշակույթը: Տեղի հայկական համայնքը սովորաբար տարին մեկ անգամ համերգներ է կազմակերպում եւ այնտեղ հրավիրում հայ երաժիշտների ու երգիչների»:
Այժմ երգչուհին առաջիկա անելիքների հետ կապված կոնկրետ պլաններ չի կազմում, նույնիսկ մտավախություն ունի, որ չի կարողանա իր առօրյայի բնականոն հունի մեջ ընկնել, քանի որ հիմա էլ պատրաստվում է նոյեմբերի 12-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայանալիք համերգին:
Մեր այն հարցին, թե արդյոք Մաշան ցանկություն ունի կրկին մասնակցելու երաժշտական մրցույթների` թեկուզ արտերկրում, վերջինս պատասխանեց՝ այո: Իսկ մյուս հարցին, թե արդյոք ցանկություն ունի փորձելու իր ուժերը «Եվրատեսիլ»-ի նախընտրական փուլում, երգչուհին պատասխանեց, որ շատ է հավանում մրցույթը, սակայն ցանկանում է ավելի կայանալ եւ որոշ ժամանակ անց նոր միայն մասնակցել:
Աննա Բաբաջանյան