Գազի սպառումը շարունակում է նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստան ներկրված բնական գազի ծավալները նվազել են ավելի քան 12 տոկոսով, որը ծավալային արտահայտությամբ կազմել է 138 միլիոն 400 հազար խորանարդ մետր: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ բնական գազի սպառումը Հայաստանում տարեցտարի նվազում է, ինչը տնտեսության վիճակի վատթարացման մասին վկայող ամենաանմիջական ցուցիչն է:

Պաշտոնական հաշվետվություններից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 6 մլն խորանարդ մետր գազ: Սա այն դեպքում, երբ անցած տարի նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներկրվել 1 միլիարդ 144 միլիոն 400 հազար խորանարդ մետր գազ: Հատկանշական է այն փաստը, որ հատկապես նվազել է Ռուսաստանից ներկրվող գազի ծավալը: 2015 թվականին Ռուսաստանից ներկրվել է 960 մլն 500 հազար խ/մ բնական գազ: Իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 818 մլն 300 հազար խ/մ: Փաստորեն Ռուսաստանից բնական գազի ներկրումն այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով նվազել է 142 միլիոն 200 հազար խ/մ-ով: Փոխարենը Իրանից ներկրված բնական գազի ծավալները մի փոքր ավելացել են: 2015 թվականի առաջին կիսամյակում Իրանից ներկրվել է 183 մլն 900 հազար խ/մ բնական գազ, իսկ այս տարի՝ 187 մլն 700 հազար խ/մ: Հիշեցնենք, որ Իրանից բնական գազը ներկրվում է «Երեւան ՋԷԿ»-ի օգտագործման համար: Այդ ՋԷԿ-ը իրանական գազի դիմաց վճարում է էլեկտրական էներգիայով՝ մեկ խ/մ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլէներգիա հարաբերակցությամբ:

Ինչ վերաբերում է փոխադրման եւ բաշխման համակարգերում բնական գազի կորուստի ծավալներին, այդ ցուցանիշը ծավալով նվազել է, բայց տոկոսային արտահայտությամբ աճել: Այս տարի փոխադրման եւ բաշխման համակարգերում բնական գազի կորուստը կազմել է 67 մլն 500 հազար խ/մ, որը ընդհանուր ներկրված գազի 6,7 տոկոսն է: Անցած տարի այդ ցուցանիշը եղել է 68 մլն 300 հազար խ/մ, որն ընդհանուր ներկրված գազի 5,9 տոկոսն է կազմել:
Բավական ուշագրավ է սպառված բնական գազի դիմաց վճարումների պատկերը: Բանն այն է, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով սպառված բնական գազի դիմաց վճարումները 10 տոկոսով ավել են եղել: Այս հանգամանքը պայմանավորված է այն փաստով, որ էներգետիկ ոլորտի սպառած գազի դիմաց վճարումները գազի գնի համեմատ կրկնակի ավել են եղել: Այս փաստն իր հերթին պայմանավորված է նրանով, որ ՋԷԿ-երը նախորդ տարիներին սպառած գազի դիմաց պարտքեր են կուտակած եղել, եւ այս տարի այդ գումարները սկսել են վճարել: Ի դեպ, այդ պարտքերը ՋԷԿ-երն կուտակել էին, քանի որ անցած տարիներին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հերթին ՋԷԿ-երի հանդեպ էր պարտքեր կուտակել: Եվ երբ այս տարի ՀԷՑ-ը սկսել է իր պարտքերը մարել, արդյունքում ՋԷԿ-երն էլ սկսել են «Գազպրոմ Արմենիայի» գումարները վճարել: Այս գործում դերակատարություն է ունեցել նաեւ այն իրողությունը, որ էներգետիկայի ոլորտի գազի սպառումը կտրուկ նվազել է: Անցած տարի էներգետիկայի ոլորտը սպառել է 120 մլն 800 հազար խ/մ, իսկ այս տարի՝ 77 մլն խ/մ: Այսինքն՝ ՋԷԿ-երի սպառած գազի ծավալների անկումը կազմել է 43 մլն 800 հազար խ/մ կամ նույնն է, թե 36,3 տոկոս: Հիշեցնենք, որ էներգետիկայի ոլորտի սպառած գազի տվյալներում «Երեւան ՋԷԿ»-ի օգտագործած բնական գազը չի ներառվում, այն պատճառով, որ ինչպես արդեն նշեցինք, այն առանձին ներկրվում է Իրանից եւ դրա դիմաց վճարվում է էլէներգիայով:

Արդյունաբերության սպառած գազը անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ 2 մլն խ/մ-ով նվազել է եւ այս տարի կազմել է 93 միլիոն 300 հազար խ/մ: Այս փաստը պայմանավորված է այն հանգամանքով, որ բնական գազի խոշոր սպառողներից մեկի՝ «Արարատցեմենտի» արտադրության ծավալներն այս տարվա առաջին կեսին կտրուկ նվազել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ ցեմենտի արտադրությունն անցած տարվա առաջին կեսի համեմատ այս տարի 33,6 տոկոսով նվազել է:

Այս տարի նվազել է նաեւ գազալցակայանների կողմից բնական գազի սպառման ծավալները: Սա վերջին տարիների կտրվածքով աննախադեպ երեւույթ է, քանի որ գազալցակայանների սպառած գազի ծավալները նախորդ տարիներին միայն աճելու միտում ունեին: Աս տարի գազալցակայանները սպառել են 214 մլն 300 հազար խ/մ, այն դեպքում, երբ անցած տարի այդ թիվը եղել է 223 մլն 800 հազար խ/մ: Այս փաստն ինքնին երկու պատճառով կարող է պայմանավորված լինել՝ արտագաղթ եւ սոցիալական վիճակի վատթարացում: Այսինքն՝ մի կողմից գազալցակայաններից օգտվող սպառողների թիվն է պակասել, մյուս կողմից էլ Հայաստանում ապրողներն են ձգտում հնարավորինս քիչ գումար ծախսել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս