Իրանցի զբոսաշրջիկների թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը 2.4 տոկոսով աճել է: Այսինքն՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 501 հազար 118 զբոսաշրջիկ: Իսկ նույն ժամանակահատվածում ՀՀ-ից զբոսաշրջության նպատակով մեկնել է 470 հազար 693 մարդ: Այս դեպքում նույնպես հանրապետությունից մեկնողների թիվը այս տարվա վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է՝ 1.2 տոկոսով:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանրապետություն ժամանող զբոսաշրջիկներից 73 հազար 976-ը տեղավորվել են հայաստանյան հյուրանոցներում, իսկ, ահա, 427 հազար 142-ը բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանից զբոսաշրջության նպատակով 470 հազար 693 մեկնողներից 4 հազար 249-ը իր ուղեւորությունը կազմակերպել է զբոսաշրջային գործակալությունների կողմից: Իսկ 466 հազար 444 զբոսաշրջիկ հանրապետությունից մեկնել է ինքնուրույն:

Այս տարվա վեց ամիսներին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.3 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23.4 տոկոսը` ԵՄ երկրներին, իսկ 50.3 տոկոսը` այլ երկրներին: Նշենք, որ ԱՊՀ երկրներից Հայաստան ժամանողների թիվը այս տարվա վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 13.2 տոկոսով նվազել է: Այսինքն՝ այս տարվա վեց ամիսներին ՀՀ ԱՊՀ երկրներից ՀՀ ժամանել է 26 հազար 300 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 31 հազար 200: Հիմնականում նվազել է Ռուսաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը. այս տարվա 6 ամիսներին ՌԴ-ից ՀՀ ժամանել է 22 հազար 300 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 26 հազար: Ուկրաինայից դեպի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նույնպես նվազել է՝ 17.4 տոկոսով:
«Ժողովուրդ»-ը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ նաեւ, որ 2016 թվականի վեց ամիսների ընթացքում ԵՄ երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է 4.7 տոկոսով:

Սակայն նշված ժամանակահատվածում Գերմանիայից դեպի ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը, հակառակը, ավելացել է 30.7 տոկոսով: Փոխարենը՝ Ֆրանսիայից (19.4 տոկոսով է նվազել) եւ Իտալիայից (21.9 տոկոսով է նվազել) ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է:

Եւ չնայած սրան՝ զգալի աճել է իրանցի զբոսաշրջիկների թիվը: Այսպես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը այս տարվա հունվար-հունիսին 50.2 տոկոսով աճել է: Նշենք, որ 43.4 տոկոսով աճել է նաեւ Թուրքիայից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը: Կանադայից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը նույնպես աճել է՝ 49.1 տոկոսով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս