Տնտեսական անկման առաջին խորը արմատները Տիգրան Սարգսյանն է դրել. Գագիկ Մակարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին, Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց՝ այդ պաշտոնում ընդամենը երկուսուկես տարի աշխատելուց հետո: Թե որն էր նրա հեռացման պատճառը, այդպես էլ հստակ չպարզաբանվեց: Նույնը օրն իսկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու է «Հայռուսգազարդ»-ի նախկին գլխավոր տնօրեն, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ինչ կտա Կարապետյանի նշանակումը Հայաստանի տնտեսությանը: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

-Պարո՛ն Մակարյան, կարծիքներ կան, որ կառավարության փոփոխությամբ գործող իշխանությունը փորձում է ինչ-որ կերպ կասեցնել Հայաստանի տնտեսության սրընթաց անկումը: Ո՞րն է նոր կառավարության անհրաժեշտության Ձեր բացատրությունը:

-Ես այդպես չեմ կարծում: Դա ավելի շատ շտկող նշանակություն կունենա հասարակության շրջանում ներքին հուզումները հանգստացնելու համար: Կառավարությունը հիմա պետք է փորձի աշխատել, փոփոխվել, քանի որ այս պահին հարկավոր է հասարակությանը հանգստացնել: Բնականաբար մարդկանց մոտ սպասողական տրամադրություն կա: Ես չեմ ժխտում այն, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բավականին ջանքեր դրեց եւ որոշակի հաջողությունների հասավ. տնտեսական աճը, ընդհանուր մթնոլորտը լավացնելու քայլերը, բիզնեսին աջակցող կառույցների հետ հանդիպումները ավելի ակտիվ ու անմիջական էին: Բացի այդ, խնդիրները համեմատաբար ավելի արագ էին լուծվում, քան Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ:

Արդեն հայտնի է, որ նոր վարչապետ է նշանակվելու «Հայռուսգազարդ»-ի նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Ըստ Ձեզ՝ նա վարչապետի պաշտոնում կկարողանա՞ առաջընթաց ապահովել:

-Որպեսզի նախորդ խնդիրները չկրկնվեն, նույն խոչընդոտները չկանգնեն ճանապարհին կամ նույն սխալները չգործեն, լավ կլինի, որ Կարեն Կարապետյանը փորձի երկրի տնտեսական իրավիճակը հասկանալ. նախ հանդիպումներ անցկացնի բիզնեսին աջակցող կառույցների, գործարարների հետ, ապա մտածի, թե ինչպիսի կառավարություն է իրեն պետք ձեւավորել, որ այդ խնդիրները կարողանա լուծել: Իսկ մեզ մոտ միշտ առաջ են ընկնում. վարչապետ նշանակելուց հետո ձեւավորում են կառավարություն, նշանակում են նախարարներ, հետո սկսում են ինչ-որ ծրագրերից, գաղափարներից խոսել: Բայց հետո պարզվում է, որ հաճախ այն մարդիկ, որոնք այդպիսի ծրագրերի լուծման համար պետք են, կառավարությունում չկան կամ պարզապես քիչ են:

Պարո՛ն Մակարյան, տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ Կարեն Կարապետյանի նշանակման դեպքում ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանը խոստացել է խոշոր ներդրում կատարել ՀՀ-ի տնտեսությունում: Ձեր կարծիքով, ի՞նչ ծավալի ներդրումներ պետք է արվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունում դրական տեղաշարժ արձանագ:

-Եթե որպես էտալոն վերցնենք խորհրդային տարիների ՀՀ-ի տնտեսությունը, երբ արդյունաբերական բոլոր ոլորտները՝ թեթեւ, քիմիական արդյունաբերությունը, այդ թվում նաեւ «Նաիրիտը» եւ այլն, գործում էին, ապա այսօրվա թալանված գործարանների պայմաններում նման տնտեսություն ունենալու համար ներդրումների ծավալը կարող է կազմել նվազագույնը 4-5 մլրդ դոլարի չափ: Բայց նման գումարներ երբեք չեն լինի: Նոր կառավարությունը պետք է հաշվի առնի, որ այսօր տնտեսության զարգացման խնդիրը շատ բարդ է: Այսօր փոքր ենթակառուցվածքներով գործարաններում կարող են 50-100 մարդ աշխատել եւ լինել բավականին մրցունակ միջազգային շուկայում: Այդպիսի գործարանների կառուցումը միջին հաշվով մի քանի հարյուր հազար դոլարից կամ 1.5 մլն դոլարից չի անցնում: Օրինակ՝ եթե հիմա մի քանի հարյուր մլն դոլարի ներդրում արվի ոչ թե ինչ-որ մի գործարանի մեջ, այլ ստեղծվի ֆոնդ, ապա այդքան գումարով հնարավոր է մինիմում 60-70 գործարան հիմնադրել, որտեղ կկարողանա աշխատել 6-7 հազար մարդ: Բայց այդ 60-70 գործարանը կարող է ՀՀ-ի էկոնոմիկայի մեջ դառնալ լոկոմոտիվ:

Գործարարները ի՞նչ հույսեր են կապում Կարեն Կարապետյանի հետ:

-Կարեն Կարապետյանը ունի երկու լավ հատկանիշ, որոնք էլ կարող է օգտագործել: Առաջինը՝ նա եղել է «Գազպրոմ»-ի տնօրեն, նախկին եւ ներկայիս հայ գործատուներին ճանաչում է: Նաեւ՝ եղել է Երեւանի քաղաքապետ: Եւ քաղաքապետ լինելով ինքը նաեւ հասկացել է համայնքների խնդիրները: Ես բազմիցս ասել եմ, որ մեր համայնքների մեծ մասի ղեկավարները պարազիտներ են եւ նստած են պետական բյուջեի, դոտացիաների վրա, տեղում իրենց փոքր իշխանիկներ են զգում եւ երկրի շալակը նստած են մնացել: Եւ նրանց իջեցնող էլ չկա: Դրանց կանոնադրական խնդիրների մեջ առանձնապես սոցիալ-տնտեսական ծրագրեր չկան: Նույնիսկ Երեւան քաղաքում թաղապետարանների գերակա հարցերը վերաբերում են բակերի, զրուցարանների, շենքերի մուտքերի եւ այլնի վերանորոգմանը, բայց սոցիալ-տնտեսական խնդիր չեն լուծում:

Մինչդեռ Երեւանը դա Հայաստանի էկոնոմիկայի կեսն է իր բնակչության եւ բիզնեսի առկայությամբ: Չէ որ բիզնեսի 42-43 տոկոսը գտնվում է Երեւանում, բնակչության 40 տոկոսը գտնվում է Երեւանում: Երեւանը ինքը միայն համայնք չէ, այլ տնտեսական մեծ կարեւորություն ունի Հայաստանի համար: Հետեւաբար այս ամենը հաշվի առնելով՝ ցանկալի է, որ նոր վարչապետը կարողանա կարգուկանոն մտցնել: Թաղապետերի վերաբերմունքը շրջել դեպի համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Իսկ Կարապետյանի երկրորդ առավելությունը այն է, որ նա ճարպիկ է, ճկուն է եւ արագ է կողմնորոշվում: Դա կարեւոր հատկանիշ է ղեկավարի համար:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս կգնահատեք Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիները ՀՀ-ի տնտեսության համար:

-Հովիկ Աբրահամյանը փորձեց այս 2.5 տարում բավականին բալանսավորել, եւ վատ չէր ստացվում: Օրինակ՝ Տիգրան Սարգսյանը շատ ավելի վատ էր բալանսավորում. նա ավելի շատ ամեն բան արեց, որ երկար մնա՝ ի վնաս տնտեսության եւ ընդհանուր ժողովրդի: Այս պատճառով Տ. Սարգսյանի պաշտոնավարման վեց տարիներին ՀՀ-ի տնտեսական անկումը շատ խորացավ: Կարելի է ասել, որ տնտեսական անկման առաջին խորը արմատները ինքն է դրել, որոնք Հովիկ Աբրահամյանը փորձեց ինչ-որ չափով լուծել: Հիմա Կ. Կարապետյանը դա պետք է կարողանա շարունակել ու ավելի լավացնել: Քանի որ ինքը հիմա ավելի լավ վիճակով է տնտեսությունը ընդունում, քան Հովիկ Աբրահամյանը ընդունեց Տիգրան Սարգսյանից:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս