ԱՄՆ հատուկ ուժերը Սիրիայում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի հատուկ զինուժի հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը (29 հոգի) հասել է սիրիական Չոբանբեյ (Էլ Ռայ) ավան, գրում է Ermenihaber-ը:

Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ՝ թուրքական զինված ուժերը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակներում «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման հետ միասին պատրաստվում են Սիրիայի Էլ Բաբ քաղաքն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրել, իսկ ԱՄՆ-ի հատուկ ուժերը Չոբանբեյ են ժամանել ռազմական գործողությանն աջակցելու համար:

Նրանք ժամանել են ուղղաթիռով, իսկ զինտեխնիկան Չոբանբեյ է բերվել Թուրքիայի Օնջյուփընար սահմանակետից:

Նշվում է, որ ամերիկացիները Չոբանբեյ են բերվել խիստ գաղտնիության պայմաններում՝ խուսափելու համար ԻՊ-ի հարձակումից: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականները գործելու են երկրորդ ճակատում և ավելի շատ խորհրդատվական ծառայություններ են մատուցել:

Չոբանբեյը գտնվում է Ալ Բաբ քաղաքի հյուսիսում: Վերջինի համար մարտերը ամեն պահի կարող են սկսվել:




Լրահոս