Չորս տարում երեխաների 13,6 %-ն «անհետացել է». պաշտոնական վիճակագրության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տարեցտարի նվազում է հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների թիվը, ինչի մասին վկայում են հենց պաշտոնական վիճակագրության ներկայացրած տվյալները:
Մասնավորապես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է «Հայաստանի սոցիալական վիճակը 2015 թվականին» վերնագրով հաշվետվությունը, որում, ի թիվս այլ տվյալների, ներկայացված են նաեւ հանրակրթական հաստատությունների վիճակագրական ցուցանիշները: Ըստ այդմ, պարզվում է, որ 2015-2016 ուսումնական տարում Հայաստանի 1 հազար 438 դպրոցները հաճախել է 364 հազար 398 աշակերտ: Սակայն կրթահամակարգում աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 86,4 տոկոս: Այդ տվյալը իրենից ենթադրում է տվյալ կրթահամակարգի դասարանների աշակերտների ընդհանուր թվաքանակի տոկոսային մասնաբաժինը համեմատած մշտական բնակչության նույն կրթահամակարգի համար պաշտոնապես սահմանված տարիքային խմբի երեխաների թվի հետ: Այլ կերպ ասած՝ ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Հայաստանում առկա երեխաների թվի 13,6 տոկոսը դպրոց չի հաճախում: Այս երեւույթը երկու բացատրություն կարող է ունենալ՝ երեխաները սոցիալական պայմաններից ելնելով դպրոց չեն հաճախում կամ էլ պարզապես մարդահամարի պահին նրանք Հայաստանում են բնակվել, իսկ այս տարի՝ ԱՎԾ-ի հաշվետվությունը կազմելիս, նրանք այլեւս իրենց ընտանիքների հետ արտագաղթած են եղել:

Ի դեպ, Հայաստանի անցած ուսումնական տարվա աշակերտների թվից 229 հազար 337-ը քաղաքային բնակավայրերի բնակիչներ են, իսկ գյուղական համայնքների բնակիչ աշակերտների թիվը կազմել է ընդամենը 135 հազար 61: Նշենք նաեւ, որ Հայաստանի հանրակրթական հաստատություններում նախորդ ուսումնական տարում աշխատել է 38 հազար 690 ուսուցիչ:
Անցած ուսումնական տարում Հայաստանում գործել է 717 նախադպրոցական հաստատություն, որից 431-ը կամ 60 տոկոսը քաղաքային համայնքներում: Նախադպրոցական հաստատություններ այցելել են 72 հազար 373 երեխա, որից գյուղական բնակավայրերի ցուցանիշը կազմել է ընդամենը 15 հազար 590 երեխա: Նախադպրոցական հաստատություններում աշխատակիցների թվաքանակը կազմել է 5 հազար 971 մարդ:

Վերը բերված թվերն ուղղակի ապացույցն է այն պնդման, որ Հայաստանի գյուղական համայնքներում երիտասարդ տարիքի բնակիչների թվաքանակը տարեցտարի նվազում է, եւ որ ամենավտանգավորն այն է, այս դինամիկան դրական փոփոխություն չի կրում: Այսինքն՝ արտագաղթը եւ դրանով պայմանավորված բնակչության թվի նվազման երեւույթը վաղուց դարձել է Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգ: Հայաստանի ցանկացած կառավարություն պարտավոր է այդ գործընթացը կասեցնելու խնդիրը դարձնել իր գործունեության հիմնաքարը: Սակայն մեկ բան ակնհայտ է՝ ներկա քաղաքական իշխանության ձեւավորած եւ ոչ մի կառավարություն ի զորու չի լինելու Հայաստանի բնակչության թվաքանակի նվազման դինամիկան կանգնեցնել, քանի որ առկա իրավիճակի բոլոր պատճառների ակունքը հենց նրանք են:

Մեկ այլ ուշագրավ տվյալ եւս. ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի դատարանները դատապարտել են 2 հազար 844 մարդու, որոնցից 218-ը եղել են կանայք, իսկ 80-ը՝ անչափահասներ: Հարկ է նշել, որ անչափահասներից 5-ն էլ եղել են աղջիկներ: Դատապարտվածներից 1 հազար 549-ի նկատմամբ որպես պատիժ սահմանվել է տարբեր ժամկետներով ազատազրկում, իսկ 977-ի նկատմամբ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել: Ի դեպ, դատապարտված անձանցից 1508-ը եղել են գործազուրկներ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս