Հայաստանում ծնվածների թիվը նվազել է. ինչ է փաստում վիճակագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստանում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնվածների թիվը նվազել է: Մասնագետների պնդմամբ՝ ծնվածների թվի նվազումը պայմանավորված է արտագաղթով, ուշ ամուսնությամբ, անպտղությամբ:

Նշենք, որ այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 18 հազար 439, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել է 18 հազար 667, իսկ, ահա, 2014 թվականին՝ 19 հազար 249: Ստացվում է, որ ծնվածների թիվը այս տարի նախորդ երկու տարիների համեմատ զգալի նվազել է:
Օրինակ՝ մայրաքաղաք Երեւանում այս տարվա վեց ամիսներին ծնվածների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 153-ով նվազել է. այսինքն` այս տարվա հունվար-հունիսին ծնվածների թիվը կազմել է 4650, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 4803: Նույն պատկերն է նաեւ Շիրակի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Լոռու մարզերում: Նշված բոլոր մարզերում ծնվածների թիվը վերոնշյալ ժամանակահատվածում նվազել է:

Ոլորտին քաջատեղյակ մասնագետները համոզված են, որ ծնելիությունը նվազել է արտագաղթի, ապագայի հանդեպ անվստահության, ուշ ամուսնությունների, անպտղության, մեռելածնության եւ ազգի ծերացման պատճառով: Այսինքն՝ բնակչության կենսամակարդակը բարելավված չէ, ու կյանքի համար նախատեսված միջին պայմանները ապահովված չեն՝ աշխատանք, բնակարան: Եթե այս խնդիրները լուծվեն, ապա հակառակ միտումը կունենանք:

Նկատենք, սակայն, որ ամուսնությունների թիվը նույնպես նվազել է: 2016 թվականի հունվար-հունիսին գրանցված ամուսնության դեպքերը, 2015թ. հունվար-հունիսի համեմատ, նվազել են 9.8 տոկոսով: Եթե 2014 թվականի հունվար-հունիսին Հայաստանում ամուսնությունների թիվը կազմել է 9 հազար 563, 2015 թվականի նույն ժամանակահատվածում՝ 8 հազար 582, ապա այս տարվա վեց ամիսներին գրանցվել է 7 հազար 739 ամուսնություն: Այսինքն` այս տարվա վեց ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամուսնությունների թիվը 843-ով նվազել է: Սրան զուգահեռ նվազել է նաեւ ամուսնալուծությունների թիվը. այս տարվա վեց ամիսներին դրանց թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 147-ով նվազել է: Օրինակ՝ ՀՀ-ում գրանցված 1 000 ամուսնական զույգի համեմատ, 2016թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 227 դեպք:

Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա վեց ամիսներին, 2015 եւ 2014 թվականների համեմատ, մեռելածինների թիվն է նվազել. այս տարվա հունվար-հունիսին մեռելածինների թիվը կազմել է 332, մինչդեռ 2015 թվականին՝ 399, 2014 թվականին՝ 394: Այս տարվա վեց ամիսներին, սակայն, մտահոգիչ դինամիկա է նկատվել. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի աճ` 8.2 տոկոսով: Այսինքն` այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում գրանցվել է 0-1 տարեկան երեխաների 172 մահ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 159: Աճել են նաեւ 0-4 տարեկան երեխաների մահվան դեպքերը՝ 199, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 0-4 տարեկան երեխաների 189 մահ: Հավելենք, որ այս տարվա հունվար-հունիսին Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 3 դեպք:

Այս մտահոգիչ միտումներին զուգընթաց, կա նաեւ դրական միտում. մահացածների թիվը նվազում է: 2014 թվականին այն կազմել է 14 հազար 772, 2015 թվականին՝ 14 հազար 682, իսկ այս տարվա հունվար-հունիսին՝ 14 հազար 306: Նշենք, որ այս տարվա վեց ամիսներին արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացածների թիվը կազմել է 6 հազար 741, դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից մահացել է 631 մարդ, նորագոյացություններից՝ 3023, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 1085, այլ հիվանդություններից՝ 1800 մարդ:




Լրահոս