
Այսօր տեղի ունեցավ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 12-րդ ուսումնական տարվա բացման արարողությունը, որին հաջորդեց ՔԴԵԴ տասնմեկերորդ ուսումնական տարվա շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությունը:
Նշենք, որ ուսումնական դասընթացի բացմանը ներկա էին նաև դպրոցի հիմնադիրներից ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՔԴԵԴ նախկին շրջանավարտներից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը ստեղծվել է 2005 թ.՝ Եվրոպական խորհրդի հովանու ներքո Արմեն Զաքարյանի կողմից: Վերջինիս ջանքերի շնորհիվ, դպրոցն այսօր դարձել է այն հարթակը, որտեղ քաղաքական ինտելեկտուալ խոսակցություններ են ծավալվում քաղաքական հրատապ իրադարձությունների վերաբերյալ և տրվում են խորքային գնահատականներ:
Այստեղ քաղաքականությունը, ի տարբերություն շատ այլ տեղերի, ոչ թե մակերեսային ընկալումների մակարդակում է, այլ շատ ավելի խորքային դատողությունների, թե ինչպիսի տարածաշրջանային, տնտեսական, քաղաքական և սոցիալական պատճառներ են ազդում այս կամ այն որոշումների ընդունման վրա: ԵԽ քաղաքական դասընթացների դպրոցում հավաքվում են տարբեր տեսակետների և տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ ու ազատ բանավիճում են: Ներկաները կարեւորեցին, որ այստեղ կա մի հանդուրժողականության մթնոլորտ, որը ցանկալի կլիներ, որպեսզի ամենուրեք լիներ, որովհետև, վերջիվերջո, նա, ով հանդուրժում է, ուժեղ է, ատելությունը թուլություն է:
Տեսանյութը կներկայացնենք քիչ ավելի ուշ: