Հայաստանում իշխանություններն աչքաթող են արել ժողովրդին, բայց ժողովուրդն էլ պետք է մտածի իր մասին. Անդրե Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում հերթական անգամ է` մեկնարկում է «Ռիվեր ֆեսթ» երկօրյա բարեգործական փառատոնը, որն իր շուրջ կհամախմբի ռոքի սիրահարներին եւ այն անձանց, որոնք ցանկանում են իրենց լուման ներդնել գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքներում. համերգից ստացված ողջ հասույթն արդեն մի քանի տարի է` ծառայում է այդ նպատակին:

Այս տարի էլ կազմակերպիչները նախատեսում են դպրոցում ջեռուցման համակարգ կառուցել: «Ռիվեր ֆեսթ 2016»-ին կմասնակցի 23 խումբ, այդ թվում` «Բամբիռ» ռոք խմբի երկրորդ նախագիծ համարվող «Crisis of the Genre»-ը, «Windrose»-ը, «Ռոզեն Թալ»-ը, «Ոստան հայոց»-ը եւ այլք: «Ժողովուրդ»-ը զրուցեց փառատոնի կազմակերպիչներից մեկի` «The Beautified Project» հայտնի ռոք խմբի մենակատար Անդրե Սիմոնյանի հետ:

14348967_1146014928812905_831494017_n

-Անդրե՛, հնարավո՞ր է՝ փառատոնն ընդլայնի իր մասշտաբները եւ լծվի այլ համայնքներում, գյուղերում նմանատիպ աշխատանքների իրագործմանը եւս:

-Եթե այն տեղափոխվի ավելի մեծ բեմ, հնարավոր է, պարզապես հարցն այն է, որ փառատոնի հանդիսատեսի թիվը կազմում է 600-700 հոգի, ոչ ավելին (փառատոնն անցկացվում է բաց երկնքի տակ, տարածքն էլ սահմանափակ է): Որպեսզի «Ռիվեր ֆեսթ»-ն ընդլայնի իր սահմանները, այն պետք է տեղափոխվի ավելի մեծ քաղաք եւ նախագծերի համար պետք է հայթայթի ավելի մեծ գումարներ:

-Գուցե հենց այդպես էլ անե՞ք:

-Մենք չենք ուզենա գյուղական այդ միջավայրում անցկացվող միջոցառման շրջանակում հայտնի հովանավորներ հայտնվեն. դա կխախտի այնտեղ տիրող հոգեւոր ներդաշնակությունը: Բացի այդ` մենք ցանկանում ենք, որ այս ոչ կոմերցիոն բնույթի փառատոնի ընթացքում հավաքվի հենց ամենառոքասեր սերուցքը:

-Իսկ եթե, օրինակ, իշխանություննե՞րը հովանավորեն ռոքը /մանավանդ, որ նորանշանակ վարչապետը ռոքի սիրահար է/:

-Դա խորթ կլինի ռոքին` իր գաղափարներով: Ռոքը հոգու ազատություն է: Իսկ երբ դրան խառնվում է քաղաքականությունը, դու ստիպված պետք է անցնես այդ քաղաքական հովանավորի կողմը: Այնինչ՝ մենք շատ ենք ուզում, որ փառատոնը, այսպես ասած, անաղարտ մնա:

-Հայաստանում, կարծես, աստիճանաբար զարգանում է արվեստի միջոցով սոցիալական խնդիրներ լուծելու միտումը:

-Այո, վերջին 5-6 տարվա ընթացքում ինքս էլ այդ ուղղությամբ կատարել եմ որոշ քայլեր, մասնակցել եմ սոցիալական բարեփոխումների, օրինակ` հիվանդ երեխաներին, զինծառայողների ընտանիքներին աջակցելուն ուղղված ծրագրերի: Եթե դիտարկելու լինենք Ամերիկայի, Եվրոպայի փորձը, կտեսնենք, որ այնտեղի համայնքներում ժողովուրդը միայն կառավարությունից չէ, որ քայլեր է ակնկալում, այլեւ փորձում է ինքնակազմակերպվել: Հայաստանում իշխանություններն աչքաթող են արել ժողովրդին, բայց ժողովուրդն էլ պետք է մտածի ինքն իր մասին: Հասարակ օրինակ` որեւէ երկրում շենքերի` այսքան քարուքանդ եւ կեղտոտ մուտքեր չեմ տեսել, որքան Հայաստանում: Մեր երկրում ծագող խնդիրները, ցավոք, երկկողմանի պատճառներ ունեն եւ երկկողմանի էլ լուծում են պահանջում:

14388860_1146015018812896_916922532_n

-Հետաքրքիր է` ռոք խմբերը հեշտությա՞մբ են համաձայնում մասնակցել փառատոնին:

-Ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս տարի շուրջ 10 ռոք խումբ, որոնք ցանկանում էին իրենց մասնակցությունն ունենալ փառատոնում, մերժվել են. արդեն տեղ չկար: Ընդամենը 3 տարի առաջ մենք էինք խնդրում այդ խմբերին մասնակցել ծրագրին, հիմա իրենք են մեզ համոզում:

-Սակայն երբ ուսումնասիրում ենք փառատոնին մասնակից խմբերի ամբողջական ցանկը, հանդիպում ենք մի շարք անհայտ անունների..

-Բանն այն է, որ հայաստանյան underground-ում ելույթ ունեցող ռոք խմբեր կան, որոնք իրենց գոյությունը պահպանում են շատ վատ պայմաններում` ծխի եւ մթության մեջ: Նրանք հնարավորություն չունեն օգտվելու որակյալ տեխնիկական միջոցներից: Եվ, ահա, փառատոնը խմբերին տալիս է այդ շանսը: Վերջիններս պետք է իմանան, որ իրենք միայնակ չեն եւ պետք է ոգեշնչվեն, շարունակեն իրենց գործունեությունը:

14383423_1146015015479563_269957014_n

-Անդրե՛, սեպտեմբերի 25-ին էլ Վանաձորում մեկ այլ փառատոն է անցկացվելու, կայանալու է բացօթյա համերգ: Մի փոքր էլ այդ մասին կպատմե՞ք:

-Ուրբանլաբը, Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցացիայի (ALDA) աջակցությամբ մեկնարկել է «Ներգրավելով Վանաձորը» ծրագիրը, որը նպատակ ունի արժեւորել Վանաձորի քաղաքային նյութական ու ոչ նյութական արդի ժառանգությունը եւ խթանել համայնքի մասնակցությունը դրա պահպանման գործում։ Փառատոնին մասնակցելու են երեք վանաձորյան եւ երեք երեւանյան երաժշտական խմբեր: Նպատակ ունենք ցույց տալու, որ մայրաքաղաքից դուրս նույնպես հնարավոր է ակտիվ մշակութային կյանք վարել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս