Վերջին շրջանում դերասանուհի Իրինա Դանիելյանին էկրաններին տեսնելու միակ առիթը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երանի» հեռուստասերիալն է: «Ժողովուրդ»-ը դերասանուհուց հետաքրքրվեց` արդյոք վերջինս ունի նոր նախագծերում ընդգրկվելու հրավերներ, հեռուստադիտողները, թատերասերները առաջիկայում նրան նոր կերպարներում կտեսնե՞ն: Դերասանուհին նշեց, որ հասցրել է նկարահանվել ընտանեկան, սոցիալական թեմաներով հաղորդաշարի շրջանակում ներկայացվող մի քանի պատմություններում. նախագիծն իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը:
Ինչ վերաբերում է թատրոնին, Ի. Դանիելյանը տեղեկացրեց, որ տարիներ շարունակ բեմից չիջնող «Մեա կուլպա» ներկայացման ստեղծագործական կազմը (բեմադրիչ` Արթուր Սահակյան) աշխատում է նոր ներկայացման վրա. «Նախագիծն իր շուրջ համախմբելու է «Մեա կուլպա»-ի ռեժիսորին, պրոդյուսերին, դերասանական կազմն էլ գրեթե նույնն է լինելու: Ներկայացման վերջնական անունը դեռեւս որոշված չէ: Այնպես, ինչպես «Մեա կուլպա»-ն բարձրացնելու է արդիական խնդիրներ, անդրադառնալու է դեպի ապագա տանող հարցերի: Անտերպրիզային այս ներկայացման մեջ կխաղան տարբեր թատրոնների դերասաններ: Ամիսներ անց` կա՛մ այս տարեվերջին, կա՛մ հաջորդ տարվա սկզբին, այն կհանձնվի հանդիսատեսի դատին»:
Մեր հարցին, թե, ըստ դերասանուհու, արդյոք այս նոր ներկայացումն էլ «Մեա կուլպա»-ի պես ռեկորդային հաջողություն կգրանցի, Ի. Դանիելյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ այո. ե՛ւ պիեսն է շատ հետաքրքիր, ե՛ւ դերասաններն են հայտնի ու ինքնատիպ»:
Քանի որ հեռուստադիտողները Ի. Դանիելյանին տեսել են նաեւ որպես հաղորդավարուհի, հետաքրքրվեցինք` արդյոք առաջիկայում եւս նման հնարավորություն կլինի. «Իհարկե, ես ինձ հաղորդավարուհի չեմ համարում, բայց այդ աշխատանքը ինձ համար շատ հետաքրքիր էր, եթե լավ առաջարկ ստանամ, չեմ մերժի»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք Ի. Դանիելյանը` որպես դերասանուհի, իրեն Հայաստանում գնահատված է զգում, կոնկրետ` վարձատրության մասով. «Կասեմ, որ իմ պոտենցիալն ավելի բարձր եմ գնահատում»,- նկատեց դերասանուհին:
Աննա Բաբաջանյան