Euronews-ն անդրադարձել է ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրականացված ռազմական գործողություններին` հետադարձ հայացք գցելով ապրիլյան դեպքերին արդեն 5 ամիս անց: Euronews-ը զրուցել է երկու կողմերի ներկայացուցիչների հետ: «Լեռնային Ղարաբաղ. լարած ռումբ Կովկասո՞ւմ» վերտառությամբ հոդվածում ասվում է, որ ապրիլին ռազմական գործողությունների վերսկսումն արթնացրեց ավելի քան 20 տարի շարունակ սառեցված հակամարտությունը: Հայկական կողմի զինվորները հազիվ 20 տարեկան կլինեին, սակայն նրանցից ոմանք արդեն պատերազմելու փորձ ունեին:
«Մենք մեր հայրենիքն ենք պաշտպանում, մեր ընտանիքը եւ բոլոր նրանց, ովքեր ապրում են այս հողի վրա»,- ասել է զինվոր Արամ Եգորյանը:
Հայաստանի հաղթանակով 1994 թվականին կնքված հրադադարից հետո բախումները պարբերաբար շարունակվում էին: Euronews-ի թղթակիցը եղել է շփման գծի հյուսիսում, որտեղ էլ տեղի են ունեցել ապրիլյան ծանր բախումները: «Մեզ չի թույլատրվում անցնել այս խրամատներից այն կողմ: Հակառակ կողմում` 100 մ հեռավորության վրա, կանգնած են ադրբեջանական զինվորները»,- պատմել է Euronews-ի թղթակիցը: