ԻՆՉՊԻՍԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ամբողջ օրը Հայաստանի իշխանական էլիտան, շունչները պահած, սպասում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ կապված լուրերի իսկության հաստատմանը, բայց այդպես էլ պաշտոնապես որեւէ մեկը չհայտարարեց, թե ինչպիսին է լինելու Հայաստանի ներկայիս կառավարության ապագան: Միայն մի քանի հանրապետականներից հաջողվեց պարզել, որ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում քննարկելու են վարչապետի հրաժարականի հարցը:

Նկատենք, որ Հայաստանում կարծես թե վաղուց արդեն նորմա է դարձել այն, որ կարեւորագույն որոշումները կայացվում են նախագահի նստավայրում, եւ մինչեւ վերջին պահը, Սերժ Սարգսյանից բացի, որեւէ մեկը հստակ տեղեկացված չի լինում դրանց մասին: Իսկ այն թյուր կարծիքը, թե ամեն դեպքում գոնե ՀՀԿ ԳՄ նիստերում այդ որոշումների մասին ՀՀԿ ղեկավարը կանխավ տեղեկացնում է եւ լսում կուսակցականների կարծիքը, իրականության հետ որեւէ կապ չունի: Որքան էլ ՀՀԿ-ականները հրապարակավ պնդեն հակառակը: Կուլիսների հետեւում նրանք բոլորովին հակառակից են բողոքում: Ընդ որում, իրավիճակի զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանի կայացրած որոշումների մասին լրագրողների հետ գրեթե միաժամանակ տեղեկանում են նաեւ այն մարդիկ, որոնց ճակատագրերն արդեն իսկ որոշված են լինում Բաղրամյան 26-ում:
Եվ այս առումով բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել տարեսկզբից ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրած ՀՅԴ-ի մասով. Դաշնակցական նախարարները, լինելով իշխանական կոալիցիայի անդամ, կառավարության հրաժարականի դեպքում եւս պարտավոր են հրաժարական ներկայացնել, քանի որ այդպես է պահանջում Սահմանադրությունը: Իսկ թե արդյոք հրաժարականից հետո նրանք կրկին կնշանակվեն, առայժմ որեւէ մեկը չգիտի: Համենայն դեպս, երեկ թե՛ Հանրապետական կուսակցությունը, թե՛ Դաշնակցությունը ընդհատակ էին անցել, եւ մեզ այդպես էլ նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց:
Երկար ջանքերից հետո մեզ, ի վերջո, հաջողվեց զրուցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ:
-Տիկի՛ն Եսայան, կարծես թե կառավարության հրաժարականի վերաբերյալ լուրերը շատ մոտ են իրականությանը, եւ, ըստ ամենայնի, դրանց հաստատումը կլինի արդեն վաղը (այսօր): Որքանով է այդ հրաժարականը, ըստ Ձեզ, անհրաժեշտ, եւ արդյոք դրանով հնարավոր է հասնել դրական փոփոխությունների:
-Ընդհանրապես մեր հասարակությունը լավ գիտի, եւ նորություն չի իր համար, որ բոլոր կառավարություններն էլ նշանակվում են, ժամանակ առ ժամանակ փոփոխությունների են ենթարկվում: Հիմա այս աժիոտաժը, որ մամուլում բարձրացվել է` ղեկավարության փոփոխությունների մասին, վաղը (այսօր) կերեւա՝ որքանով է հիմնավոր, որովհետեւ մենք կուսակցության խորհրդի նիստ ունենք, եւ վաղը (այսօր) երեկոյան ամեն ինչ արդեն պարզ կլինի: Բայց որեւէ կառավարության հրաժարական կամ կադրային փոփոխություններ արտառոց չեն պետությունների կյանքում, եւ դրանք նորմալ գործընթացներ են:
-Այսինքն՝ հավանակա՞ն եք համարում, որ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվի փոխել կառավարությունը:
-Հնարավոր է, ինչու չէ, բայց ես սովորաբար սիրում եմ փաստերով խոսել, վաղը (այսօր) նիստ կլինի, եւ կտեսնենք՝ իրատեսական են, թե ոչ այդ խոսակցությունները: Բայց այն, որ մեր երկրին լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, այստեղ երկրորդ կարծիք չկա, ե՛ւ տնտեսական, ե՛ւ սոցիալական, ե՛ւ բոլոր ոլորտներում շատ մեծ գործ կա անելու, եւ այդ գործը մենք կկարողանանք անել, եւ արդյունքները մեր հասարակությունը կտեսնի:
-Տիկի՛ն Եսայան, խոսվում է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին: Այդ համաձայնությունը իրենից ի՞նչ է ներկայացնում:
-Եթե ուշադիր լսել եք նախագահի ելույթը, առաջինը ինքն է խոսել ազգային համաձայնության կառավարության մասին եւ ասել է, որ հնարավոր է դա, եւ դա ամենալավ լուծումը կլինի մեր իրավիճակում: Միշտ էլ ասել ենք, որ մի քանի քաղաքական ուժ միասին ավելին կարող են անել, քան առանձին վերցված: Եւ ազգային համաձայնության կառավարությունը եթե իրականություն դառնա, գուցե խորհրդարանական ընտրություններից հետո, թեպետ, որեւէ այլ սցենար եւս չեմ բացառում, կարծում եմ՝ ավելի արդյունավետ կաշխատի, որովհետեւ մեր երկրի զարգացման գործում բազմաթիվ քաղաքական ուժեր պետք է տեսնեն պատասխանատվություն եւ հետո պատասխան տան, թե այդ պատասխանատվությունը որքանով են կարողացել իրականացնել:
-Իսկ ո՞ր ուժերն են ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու:
-Կապրենք, կտեսնենք, դեռ որեւէ բան հստակ չի, բայց որ դա լավ լուծում կլինի, չեմ կասկածում:

 

 

 
ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՅՆՊԻՍԻՆ Է, ՈՐ ԴՐԱԿԱՆ ՈՉԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՊԵՏՔ ՉԷ

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունենալու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ, որի ընթացքում հատուկ ուշադրություն են դարձնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Վիեննայում մայիսի 16-ին եւ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի վրա:

Հերթական այս հանդիպումից ինչպիսի ակնկալիքներ կարող ենք ունենալ, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից եւ քաղաքագետ Մանվել Սարգսյանից:
«Սովորական հերթական հանդիպումներից մեկն է, որպիսիք կայացել են դրանից առաջ մի հարյուր անգամ, եւ անհայտ թվով նորից մի քանի անգամ էլ նման հանդիպումներ տեղի կունենան: Ասեմ, որ այս հանդիպմանը, չեմ կարծում, որ ինչ-որ մի դրական, կարեւոր, Հայաստանի համար ճակատագրական նշանակության որոշում կկայացվի: Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից էական ինչ-որ ձեռքբերում կամ հետնահանջ սպասել պետք չէ»,- կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով, ամեն դեպքում, այդ հանդիպումների պարբերական անցկացումը նորմալ է եւ անհրաժեշտ, անկախ նրանից, որ գոհացուցիչ արդյունքներ չեն լինում: «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրներից է, եւ բնական է, որ պետք է նման հանդիպումներ կազմակերպի: Քանի որ Ռուսաստանում նախագահական ընտրություններին դեռեւս երկու տարուց ավել ժամանակ կա, հանգիստ հանդիպումը կազմակերպում են: Առավել եւս, ինչպես մենք նկատել ենք, հուլիսից՝ Սանկտ Պետերբուրգից սկսած, Ռուսաստանի ակտիվությունն այս հարցում ավելի ու ավելի է աճում, եւ, բնականաբար, սա նորմալ է»,-հավելեց նա:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը եւս կարծում է, որ առաջիկա հանդիպումից որեւէ էական զարգացում պետք չէ սպասել: «Իրավիճակն այնպիսին է դարձել, որ նման հանդիպումներից շատ վաղուց ոչ ոք որեւէ դրական բան չի սպասում, ավելի շատ վտանգներ կարող ենք սպասել»,- նկատեց քաղաքագետը:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ՇՈՒՆ, ԹԱԹ, ԴԱՏԱՎՈՐ
Ինչպես հայտնի է՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հոր` Ռադիկ Օհանյանի յուրացումների քրեական գործը գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: 2015 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին յուրացումներ: Արդյունքում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում չորս հոգու` Ռադիկ Օհանյանին, Սիրվարդ Մինասյանին, Ժաննա Պողոսյանին եւ Էդգար Համբարձումյանին, մեղադրանք էր առաջադրվել: Քրեական գործը անցած տարվա սեպտեմբերի 22-ից գտնվում է Սյունիքի մարզի դատարանում: Այս տարվա սկզբից քրգործի դատաքննությունը, ըստ էության, տեղի չի ունենում: Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի դատարանի դատավորները «պաուզա են վերցրել», մինչեւ համաներում կհայտարարվի, եւ իրենց գործընկերոջ հորը պատժի կրումից կազատեն:

 

 

ԵՐԲ ԼԻՆԻ, ԿԱՍԵՆ
Երեկ «Ժողովուրդ»-ն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից փորձեց պարզել, թե արդյոք իշխանության կողմից իրենք ազգային համաձայնության կառավարության մաս կազմելու առաջարկ ստացել են: Նախկին ՕԵԿ-ի` ներկա «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանն ասաց, որ իրենց ոչ մի առաջարկ չի ներկայացվել: Նույն պատասխանը տվեց նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Ի՞նչ առաջարկ, որեւէ բա՞ն է կատարվել Հայաստանում այս պահին: Չեղած փաստերի մասին չեն խոսում, քաղաքականությունը շատ ռեալ փաստերի վրա հիմնված բան է, երբ փաստեր կլինեն, նոր կանդրադառնանք»:

 

 

ՀԱՆՈՒՆ ԿԱԶԻՆՈՆԵՐԻ
Նախօրեին ԱԺ արտաքին գործերի հանձնաժողովում քննարկվում էր «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջեւ մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը: Չինաստանի այս տարածքը հայտնի է իր խաղատներով: Մասնավորապես, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը ՀՀ կառավարության քայլը այսպես մեկնաբանեց. «Մակաոյի բյուջետային մուտքերի երկու երրորդը զարգացած տուրիստական բիզնեսից հարկվող գումարներն են կազմում, իսկ տուրիզմն էլ այնտեղ զգալի չափով խարսխված է հանրահայտ խաղատների եւ զվարճանքի վայրերի առկայության վրա: Այս հանգամանքը, անշուշտ, կարող է գործնական հետաքրքրություն ներկայացնել Հայաստանի խաղատնային բիզնեսի ներկայացուցիչների համար, քանի որ առանց արտոնագրի Հայաստան գալու հնարավորությունը կարող է հետաքրքրություն առաջացնել Մակաո այցելող կազինոների հաճախորդների համար՝ այստեղ բախտը փորձելու գայթակղություն առաջացնելով»,-ասաց Մելիքյանը:




Լրահոս