ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԱՆՀԱՍԿԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին՝ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ, համաներում իրականացնելու նախագծի շուրջ անհասկացվածություն է առաջացել: Նախագծի վրա աշխատող իրավաբանների խումբը փորձում է գտնել ոսկե միջինը:

«Ժողովուրդ»-ը 2016 թվականի օգոստոսի 18-ին գրել էր, որ Անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ իշխանությունները պատրաստվում են համաներում հայտարարել: Ավելին՝ գրել էինք, որ ՀՀ նախագահի նստավայրում քննարկումներ էին կազմակերպվել Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել էին դատաիրավական համակարգի ներկայացուցիչները: Նախագիծը, կարելի Է ասել, գրեթե պատրաստ է, եւ այդ քննարկման ընթացքում վերջին ճշգրտումներն են իրականացվել: Մեր տեղեկություններով՝ համաներման նախագծի մշակումը նախատեսվում Է ավարտել մինչեւ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 13-ը:
Ու մինչ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները ամեն կերպ ձգտում են խախտում թույլ չտալ, որպեսզի համաներմամբ նախատեսվող պատժի մեղմացումից չզրկվեն, համաներման հարցի շուրջ նախագծի մշակող իրավաբանների խմբի մոտ անհասկացվածություններ կան: Մեզ հասած տեղեկություններով՝ հստակ սահմանված է, որ համաներում կտարածվի այն դատապարտվածների կամ կալանավորվածների վրա, որոնք առանձնապես ծանր հանցանք չեն կատարել:
Սակայն նախագծի վրա աշխատող խումբը գտնում է, որ ճիշտ կլինի՝ համաներումը այն աստիճան ընդգրկուն լինի, որ տարածվի նաեւ առանձնապես ծանր հանցանք կատարած եւ երկար տարիների ազատազրկում կրող դատապարտյալների կամ, այսպես կոչված, ռիսկային խմբերի վրա եւս:
Օրինակ՝ եթե անձը առանձնապես ծանր հանցանք է կատարել եւ ազատազրկման ժամկետի ութսուն տոկոսը կրել է, նրա նկատմամբ եւս համաներում կիրառվի, եւ նա ազատ արձակվի: Սակայն այս մոտեցումը նախագծի վրա աշխատող որոշ իրավաբանների համար իր մեջ վտանգներ է պարունակում:
«ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ որոշ իրավաբաններ առաջարկում են նման ռիսկի չդիմել: Համաներումը, որքան էլ այն ընդգրկուն լինի, պետք է կիրառվի դատապարտյալների, այսպես կոչված, փոքր ռիսկայնություն ունեցող խմբերի նկատմամբ: Օրինակ՝ տարածվի միայն այն դատապարտյալների վրա, որոնք ազատազրկման մինչեւ 5 տարվա ժամկետ նախատեսող հանցանք են կատարել:
Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե 2013 թվականին համաներումը տարածվեց, օրինակ, 3 տարի ազատազրկման դատապարտվածների վրա, ապա Անկախության 25-ամյակի ընդառաջ համաներումը կարող է ավելի ընդգրկուն լինել եւ տարածվել 5-ից 6 տարվա ազատազրկվածների վրա եւս:
Սակայն սա միակ անհասկացվածությունը չէ, որ առաջացել է նախագծի մշակման ընթացքում: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խնդիր կա նաեւ քաղաքացիական հայցեր ունեցող անձանց դեպքում: Օրինակ՝ նախորդ համաներումներում եղել է պայման, որ համաներումը չի տարածվել այն անձանց վրա, որոնք իրենց արարքից բխող քաղաքացիական հայցի պահանջը չեն կատարել. տուժողին պատճառված վնասները չեն վերականգնել: Սակայն նոր ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի (Անձնական ազատությունը) 6-րդ կետը սահմանում է. «Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները»: Ասել է, թե նոր Սահմանադրության այս կետը խնդրահարույց է դարձել նախագծի վրա աշխատող իրավաբանների համար: Խնդիրն այն է, որ եթե նախորդ տարիների պայմանը պահպանվի, եւ անձին քաղաքացիական հայցը չկատարելու համար պահեն անազատության մեջ, ապա նոր Սահմանադրությանը կհակասեն: Ուստի փորձում են գտնել ոսկե միջինը:
Ըստ էության, այս հարցերի կարգավորումից հետո՝ մինչեւ մյուս շաբաթվա վերջ, նախագիծը պատրաստ կլինի եւ կուղարկվի Ազգային ժողով` վավերացման:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԽԻՍՏ ԲԱՐՔԵՐ
Երեւանի պետական համալսարանի դասախոսները նոր դժգոհության ալիք են բարձրացնում: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը դասախոսներին նախապես հայտարարել է, եթե դասախոսները չկարողանան ապահովել վերաորակավորման քննությունների լավ արդյունքներ, կամ ինչպես ընդունված է ասել՝ դասախոսական կրեդիտները բարձր չլինեն, ապա համալսարանում այլեւս անելու բան չեն ունենա, կամ էլ աշխատավարձը կնվազի: Դժգոհություն կա, որ դասախոսներից մի քանի հոգի չեն կարողացել ապահովել լավ արդյունք, սակայն ԵՊՀ ռեկտորը նրանց չի հեռացրել, ոչ էլ աշխատավարձն է նվազեցրել, քանի որ նրանք իր մտերիմ շրջապատից են:
Իսկապե՞ս այդպես է. «Ժողովուրդ»-ը զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, որը ծիծաղելի համարեց դասախոսների դժգոհությունը. «Այն, ինչ Դուք ասում եք, կապված է ռոմանոգերմանական բանասիրության դասախոսների հետ: Եթե դասախոսը C1 մակարդակ չի ապահովում, նա իրավունք չունի ուսանողին օտար լեզու դասավանդել: Այդպիսի դասախոսներ մեզ պետք չեն: Մեզ պետք են դասախոսներ, որոնք լեզվին տիրապետում են այնքան, որ կարող են, ունակ են գիտելիք տալու ուսանողին: B1, B2 մակարդակ ես էլ ունեմ, բայց ես իրավունք չունեմ անգլերեն դասավանդեմ, չէ՞, անգլերեն դասավանդելու համար պետք է ունենալ բարձր որակավորում: Եթե C1, C2 որակ չեն կարողանում ապահովել, ապա համալսարանում անելիք չունեն»:
Ըստ ԵՊՀ ռեկտորի` եթե այսօր բարձր որակ չապահովեն դասախոսները, դիմորդը չի գնա համալսարան: Մեր այն դիտարկմանը, թե եղել են դասախոսներ, որոնք չեն կարողացել ապահովել պահանջված չափորոշիչները եւ լքել են համալսարանը, ԵՊՀ ռեկտորն ասաց` ոչ, քանի որ նրանց մեկ տարի հնարավորություն է տրվել վերապատրաստվելու:
Իսկ ինչ վերաբերում է ծանոթ-բարեկամ սկզբունքով համալսարանում մնալուն, ապա ԵՊՀ ռեկտորը պատասխանեց. «Բոլորի նկատմամբ նույն հատուկ վերաբերմունքն է, հիմա ավելի խիստ ենք դնում այդ հարցը, որպեսզի կադրեր ապահովենք: Եթե որպես դասախոս ինքն իր որակը չի ապահովում, ապա անկախ նրանից՝ ով է, ինչ է, չպետք է տեղ ունենա»:
Թե ինչքանով է անկեղծ ռեկտորը իր խոսքերում, արդեն կարող են դատել համալսարանականները, որոնք ամենօրյա շփման մեջ են ԵՊՀ բարքերի հետ: Իսկ ուսանողները շատ դասախոսներից շարունակում են դժգոհել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՌԱՆՑ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ
Սեպտեմբերի 7-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 

 
ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի սեպտեմբերի 7-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ՃՆՇՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզետ Սուրիկ Խաչատրյանն օրեր առաջ իր մոտ է հրավիրել Գորիսին միացված Վերին Շեն բնակավայրից առաջադրված ավագանու թեկնածուներից չորս հոգու եւ պահանջել, որ նրանք ինքնաբացարկ ներկայացնեն: Թեկնածուներից մեկը եղել է ԲՀԿ-ական էրիկ Տատինցյանը, սակայն նա հրաժարվել է մարզպետի հրահանգը կատարել: Այս առնչությամբ ԲՀԿ կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը ArmLur.am-ին ասել է, որ իրենք գործում են մեկ ընտանիքի նման. «Երբ ինչ-որ մեկը փորձում է քիթը մտցնել, խառնվել այդ ընտանիքի գործերին, ապա նրա կողմից դա լկտիության եւ անբարոյականության դրսեւորում է: Եթե որեւէ մեկը մեր ներկայացրած թեկնածուներից ընտրապայքարից դուրս գա, դա կլինի բացառապես մեր կուսակցության որոշմամբ»: Ճշտող հարցին, թե, ի վերջո, ԲՀԿ-ական էրիկ Տատինցյանի հետ նման խնդիր եղե՞լ է, թե՞ ոչ, Հակոբյանը պատասխանել է, որ այո՛, նման դեպք գրանցվել է. «Նման խնդիր եղել է, կապվել եմ Վերին Շենի՝ արդեն նախկին ղեկավարի հետ եւ ես նրան զգուշացրել եմ, որովհետեւ այդ ավագանու թեկնածուների հանդիպումը նա է կազմակերպել, եւ զգուշացրել եմ իրեն էլ, ասողին էլ, ով ուզում է լինի, հաջորդ անգամ նման մի երեւույթ, մի դեպք լինելուց մենք անպայման խստագույնս կանդրադառնանք»:

 

 

ԴԵՄՔԸ ՓՐԿԵԼ
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ դատարանում բողոքարկել է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին ազատ արձակելու մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 29-ին մերժել էր ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովին կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդությունը:




Լրահոս