ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ «ՔՈՉՎՈՐՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հրապարակել էր, որ Ղրղզստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղեր» փառատոնին մասնակցում է նաեւ Հայաստանի` վեց հոգանոց «պատվիրակությունը»: Մեր հրապարակումից անմիջապես հետո պետական ողջ համակարգում հարցը դարձավ քննարկման լուրջ թեմա՝ վարչապետի հրաժարականի հարցից հետո:

Բոլորն ապշահար հետաքրքրվում էին, թե ովքեր են Հայաստանի այն «քոչվորները», որ հանդես են եկել մեր երկրի անունից, քանի որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պաշտոնապես հերքեց, որ Հայաստանը մասնակցում է այդ փառատոնին: Բանից անտեղյակ նախարարությունը եւս հրապարակումից հետո սկսեց «որոնողական» աշխատանքները, որի արդյունքում պարզ դարձավ, որ փառատոնի մասնակիցները սպորտի եւ երիտասարդության նախարարության կողմից «չճանաչված» Մասռեսթլիգի ֆեդերացիան է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց բոլոր պատկան գերատեսչություններից, որոնք պետք է որակեին տեղի ունեցածը եւ համապատասխան հետեւություններ անեին, պարզել, թե ինչ քայլեր են ձեռնարկում կատարվածի առնչությամբ:
Պարզվում է` սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը որոշել է քննարկում անցկացնել, թե երբ, անհայտ է: Սակայն նախարարի մամլո խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ տեղեկությունը իմանալուն պես նախարարը եւս մտահոգվել է. «Հարցը նախարարի ուշադրության կենտրոնում է, այն քննարկվելու է, քայլերի մասին դեռ վաղ է ասել»:
Մեր երկրի արտաքին կապերի գլխավոր պատասխանատու ՀՀ ԱԳՆ-ից փորձեցինք պարզել՝ արդյոք իրենք Ղրղզստանին տեղեկացրել են, որ մեր երկիրը պաշտոնապես չի մասնակցում այդ փառատոնին: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «ինքնակոչներ» է անվանել մասնակիցներին: ԱԳՆ-ի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ իրենց կողմից դեռեւս որեւէ քայլ չի ձեռնարկվել, սպասում են սպորտի եւ երիտասարդության նախարարության համապատասխան դիմումին: Բայց պարզվում է՝ Տիգրան Բալայանը չէր տիրապետում տեղեկությանը, քանի որ ավելի ուշ անձամբ տեղեկացրեց, որ իրենց համապատասխան վարչությունը հանձնարարական է տվել Ղրղզստանում Հայաստանի դեսպանին, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը տեղեկացնի ղրղզական կողմին:
Քանի որ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը «քոչվորների» արարքը որակեց, ըստ էության, ինքնիրավչություն, որը քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, փորձեցինք ՀՀ ոստիկանությունից եւ գլխավոր դատախազությունից պարզել ձեռնարկվող քայլերի մասին: Ինչո՞ւ, որովհետեւ այս երկու մարմիններն են իրավասու քրգործ հարուցել նման հատկանիշներով:
Պարզվում է` ոստիկանությունը նույնիսկ տեղյակ չէր կատարվածի մասին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը զարմացած պնդում էր, որ մենք սխալ գերատեսչություն ենք զանգահարել, ավելին` հարցնում, թե ով է մեզ խորհուրդ տվել այս հարցով դիմել ոստիկանություն: Ի պատասխան պարոն Ահարոնյանի՝ նշենք` մեր «խորհրդատուն» ՀՀ քրեական օրենսգիրքն է:
Իսկ մյուս գերատեսչությունը՝ ՀՀ դատախազությունը, մեր հեռախոսազանգերը թողեց անպատասխան:
Երեկ՝ ուշ երեկոյան, մեծ ջանքերի շնորհիվ կարողացանք վերջապես կապ հաստատել Մասռեսթլիգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանի հետ: Թեեւ նրանք գտնվում էին տունդարձի ճանապարհին, Արտավազդ Սահակյանը չհրաժարվեց պատասխանել մեր հարցերին.
-Պարո՛ն Նալբանդյան, տեղյա՞կ եք, թե չէ շրջանառվող լուրերի մասին…
-Ես դեռեւս արտասահմանում եմ, բայց ինչ-որ տարօրինակ զանգեր եմ ստանում:
-Խոսքը «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին ձեր մասնակցության մասին է: Սպորտի նախարարությունը հայտարարել է, որ այդ փառատոնի մասնակիցները դուք եք:
-Անհեթեթ բաներ են դրանք: Գիտեք ինչ, եթե իրականում տեղյակ լինեիք, անցկացվում է մասռեսթլիգի աշխարհի առաջնությունը, ոչ թե ինչ-որ ուրիշ մրցույթ:
-Իսկ ի՞նչ կասեք այն տեսանյութի մասին, որը փաստում է քոչվորների փառատոնին ձեր մասնակցության մասին:
-Գիտեք ինչ, աշխարհի առաջնությունը համատեղ է անցկացվել այդ փառատոնի հետ:
-Փաստորեն, Դուք հայտարարում եք, որ մասնակցե՞լ եք աշխարհի առաջնությանը, ոչ թե՞ այդ փառատոնին:
-Միանշանակ, մենք նույնիսկ աշխարհի բրոնզե ու արծաթե մեդալակիրներ ենք բերում, ինչի՞ մասին է խոսքը:
Նշենք, որ ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը խոստացավ, որ Երեւան հասնելուն պես կուսումնասիրի ամբողջ տեղեկատվությունը եւ համապատասխան հայտարարությամբ հանդես կգա:
Հ.Գ. Մեր պատկան գերատեսչություններին եւս մեկ անգամ կոչ ենք անում ոչ թե ընկնել ձեւականությունների հետեւից, այլ խորանալ մանրամասների մեջ եւ գտնել ճշմարտության բանաձեւը՝ պատասխանատվություն կրելով սեփական արարքների համար: Խուսափելը, մյուսի վրա պարտականություն բարդելը պատիվ չի բերում մեր երկրին:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԼՈՒԾԱՐԵԼ Է ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մինչ այս օրերին ակտիվ քննարկվում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին լուրերը, սեպտեմբերի 6-ին նա մի ուշագրավ որոշում է ստորագրել: Ըստ այդմ, Հովիկ Աբրահամյանը ուժը կորցրած է ճանաչել վարչապետի` 2015 թվականի մարտի 6-ի «Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը հաստատելու մասին» N 164-Ա որոշումը:

Հիշեցնենք, որ «Հայաստանի զարգացման հիմնադրամը» ստեղծվել է դեռեւս 2014 թվականի դեկտեմբերի 18-ին: Ինչի արդյունքում որոշվել է միավորել «Արդյունաբերության զարգացման հիմնադրամը» եւ «Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը», լուծարել «Զարգացման հայկական գործակալությունը» եւ ստեղծել «Հայաստանի զարգացման հիմնադրամ»: Այն ստեղծվել է երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերն առավել համակարգված եւ արդյունավետ իրականացնելու, ինչպես նաեւ ռեսուրսները կենտրոնացնելու եւ առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Իսկ թե որքանով է այս հիմնադրամը ծառայում իր նպատակներին, սա արդեն հարցի մյուս կողմն է:
Տեղեկացնենք, որ մարտի 6-ի որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը: Իսկ առաջին անհատական կազմի մեջ է նաեւ վարչապետ Հ. Աբրահամյանը, որը խորհրդի նախագահն է: Նշենք, որ խորհուրդը բաղկացած է 13 հոգուց: Նրանք են՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, արտաքին գործերի փոխնախարար Ս. Մանասարյանը, վարչապետի օգնական Տ. Կարապետյանը (վերջինիս 2015 թ. մարտի 31-ի վարչապետի մեկ այլ որոշմամբ փոխարինել է բնապահպան Կարինե Դանիելյանը), նախագահի աշխատակազմի փորձագիտական վերլուծական վարչության պետ Ա. Խաչատրյանը, ՀՀ հանրային խորհրդի անդամ Ա. Տեր-Տաճատյանը, «Հայրենական ապրանք արտադրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վ. Սաֆարյանը, «Անելիք բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ն. Կարամանուկյանը, «Սպայկա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դ. Ղազարյանը, ԵՊՀ-ի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Սարգսյանը եւ «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Արզումանյանը, որը այժմ վարչապետի գլխավոր խորհրդականն է: Ի դեպ, այս խորհրդի կազմում է էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ստացվում է, որ արդեն երկու օր է, ինչ «Հայաստանի զարգացման հիմնադրամը» մնացել է առանց հոգաբարձուների խորհուրդի: Եւ եթե հաստատվեն վարչապետի հրաժարականին վերաբերող լուրերը, ապա դեռեւս անհայտ է, թե որքան ժամանակ հիմնադրամը կմնա առանց հոգաբարձուների խորհուրդի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԵՂԾԵԼ ԵՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում ծառ կտրելուց հետո մահվան դեպք է տեղի ունեցել: Երբ կտրված ծառը մետաղյա ճոպանով, «ԳԱԶ-66» ավտոմեքենայի միջոցով քաշել, հեռացրել են, տղամարդը մնացել է ծառի տակ, բազմաթիվ վնասվածքներ ստացել եւ մահացել: Նրա հարեւանը, ով մասնակցում էր ծառը քաշել-հեռացնելուն, ցանկանալով պատասխանատվությունից խուսափել, կեղծ բացատրություն է տվել, թե տղամարդը տանիքից ընկնելու հետեւանքով է մահացել: Սակայն ոստիկանները օպերատիվ աշխատանքների արդյունքում բացահայտել են դեպքի իրական հանգամանքները: Դատական բժշկի բանավոր կարծիքը եւս օգնել է ճշմարտությունը բացահայտելուն: Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անզգուշությամբ մահ պատճառելը): Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Դատախազի տեղակալից տեղեկացանք նաեւ, որ դժբախտ դեպքի հանգամանքները կեղծ ձեւով ներկայացրած անձի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվի, քանի որ նա իրավապահներին ցուցմունք չի տվել, այլ բացատրություն:

 

 

ԽՈՍՏՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԱԾ
Հայաստանին տրված վարկային միջոցներով դեռեւս 2012թ. Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան, Ջուջեւան համայնքներում մեկնարկել են գազաֆիկացման աշխատանքները: Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ հիշյալ գյուղերում գազատարն արդեն 2 տարի կառուցված է, սակայն գյուղացիների բնակարաններում գազ չկա: Բնակիչները ֆինանսական հնարավորություն չունեն գազատարից իրենց տուն խողովակ անցկացնելու: Հուլիսի 27-ին աշխատանքային այցով վարչապետ Հովիկ Աբրահամյանը գտնվում էր Տավուշի մարզում: Սահմանամերձ Բաղանիս գյուղում բնակիչները կառավարության ղեկավարին ասացին, որ Բաղանիսը գազաֆիկացված է, սակայն գյուղացիները գազատար ցանցը իրենց տներին միացնելու համար փող չունեն: Բանն այն է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազատարը տներին միացնելու համար խողովակի յուրաքանչյուր մետրի հաշվով մոտ 4000 դրամ է պահանջում, եւ ստացվում է, որ մեկ միջին առանձնատունը գազատարին միացնելու համար նվազագույնը 80 հազար դրամ է հարկավոր: Վարչապետն ասաց, որ կառավարությունն այդ գումարը կհատկացնի: Հովիկ Աբրահամյանին հայտնեցին, որ խնդիրը ոչ միայն Բաղանիսում է առկա, այլեւ սահմանամերձ եւս 5 գյուղերում: Նա ասաց, որ հարցը կքննարկեն, դրան լուծում կտան, մասնավորապես՝ ավելի էժան գնով խողովակներ օգտագործելու եւ այլ միջոցներով: Հովիկ Աբրահամյանը խոստացավ 6 գյուղերում առկա խնդիրը լուծել, եւ հիմա նրա պաշտոնանկության մասին լուրերը մտահոգել են սահմանամերձ համայնքների բնակիչներին: Նրանք տագնապած են, որ Աբրահամյանի՝ իրենց տրված խոստումն այդպիսով կմնա օդում կախված:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս