ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ՝ ԻՐԵՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ կանխավ տեղեկացրել էինք՝ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց. «Չնայած ամենօրյա աշխատանքով եւ սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռեւս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք, որտեղ առկա տնտեսական եւ սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր: Այդ պատճառով ես որոշել եմ հրաժարական տալ եւ նոր կառավարություն ձեւավորելու հնարավորություն ընձեռել Նախագահին:»,- իր հրաժեշտի ելույթում նշեց արդեն նախկին վարչապետը: Իսկ երեկ երեկոյան էլ հատնի դարձավ, որ ՀՀԿ-ն որոշել է վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Թե Հ. Աբրահամյանի կառավարության անդամներից ովքեր կհեռանան նրա հետ, իսկ ովքեր կկարողանան վերանշանակվել արդեն Կ. Կարապետյանի կաբինետում, առայժմ հայտնի չէ: Մամուլում կոնկրետ նախարարների հետ կապված տարբեր տեղեկություններ են շրջանառվում:
Երեկ էլ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանի հրաժարականի մասին հարցին, ասաց.«Քանի որ տեղի է ունեցել վարչապետի հրաժարական, արդեն կառավարության բոլոր անդամները պաշտոնակատար են»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ կառավարության մյուս անդամներից փորձեց պարզել, թե ինչ ճակատագիր է սպասվում նրանց, եւ արդյո՞ք նոր ձեւավորվելիք կառավարությունում տեսնում են իրենց:
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան
-Պարո՛ն Մկրտչյան, Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս:
-Հա:
-Զեզ տեսնո՞ւմ եք նոր ձեւավորվելիք կառավարությունում:
-Ես կատարում եմ իմ պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ դրված է ինձ վրա:
-ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ 10-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` 20-օրյա ժամկետում: Այսինքն՝ 10 օր պետք է նստեք, սպասե՞ք, թե Ձեզ արդեն ասել են՝ ինչ է սպասվում Ձեզ:
-Ես կատարում եմ պարտականություններս:
-Իսկ Ձեր ցանկությո՞ւնը, Դուք ի՞նչ եք ուզում:
-Ցանկությունը կապ չունի պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այսինքն՝ ես ոնց կարող եմ ասել՝ կուզենամ, թե չէ, եթե հարմար նկատեն, կաշխատեմ, հարմար չեն նկատի…:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյան
-Պարո՛ն Ղազարյան, Ձեզ տեսնո՞ւմ եք նոր ձեւավորվելիք կառավարությունում:
-Վարչապետը իր հայտարությունն արեց, եւ ես այլ բան չեմ կարող ավելացնել:
-Ձեզ չի մտահոգո՞ւմ, թե ի՞նչ է լինելու Ձեզ հետ:
-Եթե որոշումը կայացնեն եւ որոշեն, որ պետք է աշխատեմ, կաշխատեմ:
-Իսկ Ձեր ցանկությո՞ւնը, ի՞նչ եք Դուք ուզում:
-Ես ինձ զգում եմ լի ուժերով՝ աշխատելու համար, ես ունակ եմ աշխատելու:
-Իսկ եթե հակառակը լինի:
-Ուրեմն որոշումն այդպես ընդունվեց:
-Ի՞նչ պիտի անեք:
-Միանշանակ տանը չեմ նստելու:
-Իսկ կոնկրետ կա՞ տարբերակ, որի շուրջ արդեն մտածում եք:
-Էլի սպորտով, կաշխատենք, կմտածենք: Բայց, ինչո՞ւ, հանեցի՞ք ինձ արդեն:
(ծիծաղում է Ք.Մ):
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյան
-Պարո՛ն Լոքյան, Ձեզ տեսնո՞ւմ եք նոր ձեւավորվելիք կառավարությունում:
-Գիտեք, մեր տեսնելով չի, դա որոշում են քաղաքական համաձայնությունների արդյունքում, եւ հանրապետության նախագահի որոշումն է:
-Բայց Դուք ցանկանո՞ւմ եք շարունակել Ձեր պաշտոնավարումը:
-Հարցադրումը նորմալ չի: Եթե անհրաժեշտություն կա երկրում բարեփոխում անել, աշխատել, հնարավորությունները օգտագործել, կշարունակեմ, եթե ոչ, ոչ: շնորհակալոթյուն:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյան
-Պարո՛ն Հարությունյան, տեղեկություններ կան, որ նոր կառավարությունում գյուղատնտեսության ներկայիս նախարարը չի լինելու, ինչպիսի՞ն է լինելու Ձեր ճակատագիրը:
-Ավելացնելու բան չունեմ:
-Կարո՞ղ է՝ Ձեզ ասել են, որ Դուք չեք լինելու նոր ձեւավորվելիք կառավարությունում, որ այսպես շտապ ու զայրացած գնում եք:
– Ավելացնելու բան չունեմ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
-Պարո՛ն Ասատրյան, ի՞նչ է սպասվում Ձեզ:
Լռում է:
-Նոր ձեւավորվելիք կառավարությունում Ձեզ տեսնո՞ւմ եք:
Լռում է:
-Ինչո՞ւ եք լռում, կարող է՝ արդեն Ձեզ ասել են, որ նոր կառավարությունում Դուք չեք լինելու:
Լռում է:
Կոտայքի նախկին մարզպետ, 2014 թ. մայիսի 29-ին ՀՀ վարչապետի խորհրդական նշանակված Կովալենկո Շահգալդյանը Հ. Աբրահամյանի հայտարարությունից հետո առաջինը շտապեց հեռանալ կառավարության հետնամուտքով: Մեր այն հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն, ում է այսուհետ խորհուրդ տալու, վերջինս ծիծաղելով արձագանքեց.«Պատասխանը թողնում եմ Ձեզ»:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՆ ՍԿՍԵԼ

Արդեն մի քանի օր է՝ լայն հնչեղություն է ստացել «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մեր երկրի մասնակցության փաստը, որին «Ժողովուրդ» օրաթերթն արդեն իսկ անդրադարձել է ծավալուն հրապարակումներով: Արձագանքներն ամբողջացնելով` «Ժողովուրդը» զրուցեց սպորտի եւ երիտասարդության հարցերի այլեւս ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ:

-Պարո՛ն Ղազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փառատոնին մեր մարզիկների մասնակցությունը:
-Իրենց ֆեդերացիան /Մասռեսթլինգի Ք. Մ/ ՀԿ է:
-Բայց մի՞թե որեւէ կերպ հնարավոր չէ վերահսկել. յուրաքանչյուր մեկը կարող է երկրի անունից գնալ եւ ինչ-որ քոչվորական մրցույթի մասնակցե՞լ:
-Շատ բան են արել, իրենք գնացել են այնտեղ, ինչքան ես տեղեկություն ունեմ, այդ մարզաձեւի աշխարհի առաջնությանը մասնակցելու, սրանք երեւում է՝ համոզել են, որ այդ փառատոնին էլ մասնակցեն: Հարցը դա չի, բայց չգիտեմ՝ տեղյա՞կ եք, թե՞ չէ, որ մենք այսօր արդեն լուրջ գործընթաց ենք սկսել:
-Ի՞նչ գործընթացի մասին է խոսքը:
-Պաշտոնապես էլ եմ ասում, որպեսզի նման բաները իսպառ վերացնենք, արդարադատության նախարարության հետ համատեղ՝ օրենքի փոփոխություն ենք ներկայացնում կառավարություն, հետո` ԱԺ: Հետո ինչ անենք՝ ՀԿ է, գնում են, Հայաստանն են ներկայացնում, դրոշ են բարձրացնում, հիմն է հնչում: Տեսնելով այդ ամեն ինչը` մենք այդ օրենքի փոփոխությունն ենք նախաձեռնում: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում. այսինքն՝ յուրաքանչյուր մարզական ՀԿ պարտավոր է տեղյակ պահել, եւ նույնիսկ եթե ինքը դուրս է մեկնում, մեր կողմից տվյալները տրվի դեսպանատան, որ ինքը կարողանա մեկնել:
-Փաստորեն պետք է նման աղմկոտ դեպք լիներ, որ նոր միայն սկսեիք այդ ուղղությամբ աշխատանք տանե՞լ:
-Դա նոր չի, անցած տարվանից մենք գործընթացը սկսել ենք: Այսինքն՝ փաստը եղել է, մենք տեսել ենք, արձանագրել ենք:
-Այսինքն՝ նման դեպքեր էլի՞ են եղել:
-Էլի են դեպքեր եղել, որ գնացել են, մեզ տեղյակ չեն պահել, այնտեղ խնդիրներ են եղել: Մեզ առանց տեղյակ պահելու գնում են այն ֆեդերացիաները, որոնք չեն ֆինանսավորվում պետական բյուջեից, ոչ օլիմպիական մարզաձեւեր են դրանք: Մասռեսթլիգի ֆեդերացիան երիտասարդ մարզաձեւ է, իրենց կողմից է ստեղծվել, այդ քոչվոր ցեղերի կողմից է ստեղծվել:
-Կապ հաստատե՞լ եք ֆեդերացիայի տնօրենի հետ` հասկանալու՝ ինչո՞ւ են այդպիսի բան արել:
-Բացարձակ, ինչի համար:
-Հասկանալու, թե ինչու են ինքնագլուխ նման որոշում կայացրել:
-Այն ֆեդերացիաները, որոնք օլիմպիական մարզաձեւեր են եւ ընդունված են միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, բնականաբար, մեզ տեղյակ են պահում, համագործացկում ենք: Այս գործընթացը, որ սկսում ենք, լուրջ աշխատանք է:
-Իսկ մտահոգի՞չ չէ, որ այդ ՀԿ-ները առանց հաշվի առնելու սպորտի նախարարության գործոնը, կարելի է ասել, չկարեւորելով, գնում են…
-Բոլոր ֆեդերացիաները պետք է լիցենզավորվեն եւ որպես մարզական ՀԿ պետք է պետական այդ ուժը զգան, վերջիվերջո, պետության դրոշ է բարձրացվում:
-Համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո ի՞նչ պատժամիջոցներ են սահմանվելու:
-Պատժամիջոցները ընթացքում պարզ կլինեն: Իրենք դեռ գալու են, դեռ կկանչենք, խորհրդակցություն կանցկացնենք` տեսնելու համար, թե ինչու են նման բան արել:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԼՌԵԼ
Երեկ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը, ի տարբերություն մյուս պաշտոնյաների, բավականին հանգիստ դուրս եկավ ՀՀ կառավարության շենքի հետնամուտքից: «Ժողովուրդ»-ը փորձեց Վարդան Եղիազարյանից որոշ մանրամասներ պարզել նրա` ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մոտ պատանդ մնալու օրերի վերաբերյալ: Սակայն նա, լսելով հարցը, հրաժարվեց այդ թեմայով խոսել: Հիշեցնենք, որ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդում պատանդառության մեջ գտնվեցին 6 օր եւ ազատ արձակվեցին հուլիսի 23-ին` Արցախի հերոս, Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ անցկացված բանակցությունների արդյունքում:

 

 

«ԶՈՆ ՆԱՅՈՂՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանից փորձեց պարզել, թե արդյոք նախարարությունը պայքարում է քրեակատարողական հիմնարկներում «զոն նայող» ինստիտուտը վերացնելու ուղղությամբ: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Այդ ինստիտուտի մասին մասնագետները կխոսեն, այդքան կոռեկտ չեմ համարում՝ նախարարությունը շատ խոսի այդ մասին: Այնուհանդերձ բոլոր տեսակի ոչ պաշտոնական հարաբերությունները, որոնք որ կարող են տեսականորեն լինել ՔԿՀ-ներում, տարբեր լուծումներ կան, եւ դա գիտականորեն հիմնավորված լուծումներ են: Նույն Արմավիր մարզի խցային պայմանների լուծումը. ամեն մեկը իր խցում է գտնվում եւ փոխադարձ շփումները համապատասխան հսկողության ներքո են: Տարբեր լուծումներ կան նույն ՔԿՀ-ի նոր օրենսդրության մշակման կոնտեքստում: Օրինակ՝ նույն պայմանական վաղակետի մեխանիզմի կետով մենք դնում ենք աշխատելու պահանջ, որ անձը զերծ մնա հանցավոր վարքագծից»:

 

 

ՌԵՏՐՈ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում 2014 թվականի հունվար-դեկտեմբերին, 2013 թվականի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 4.3 տոկոսով: 2015 թվականի հունվար-դեկտեմբերին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները մնացել են նույնը: Այս տարվա յոթ ամիսների արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 7,6 տոկոսի անկում: Իսկ ինչով են ուշագրավ այդ երկուսուկես տարիները, բանն այն է, որ հենց այդ ժամանակահատվածում է պաշտոնավարել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը երեկ հրաժարական ներկայացրեց:




Լրահոս