ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԻՄՎՈԼԸ ԳՏՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանության գործողությունների մեջ տրամաբանություն փնտրելը վաղուց դարձել է անիմաստ զբաղմունք, քանի որ հաճախ իրականացվում են քայլեր, որոնց բացատրությունը միայն մեկ պատասխան ունի. անվտանգ պահել Սերժ Սարգսյանի իշխանությունը: Իսկ մնացած մեկնաբանությունները թերեւս շոուի ժանրից են:

Երբ Սերժ Սարգսյանը 2014-ի ապրիլի 13-ին ՀՀԿ խորհրդի նիստում «Տիգրան ջա՛ն, շատ-շատ շնորհակալ եմ» ձեւակերպմամբ ճանապարհ դրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, լուծեց «հրաշալի քառյակի» պահանջներից մեկը, որպեսզի ՀՀԿ-ի իշխանությունը չերերա: Իսկ երբ վարչապետ նշանակեց իր ձեւակերպմամբ «ԱԺ մեծամասնության վստահությունը վայելող թեկնածուի»` ի դեմս Հովիկ Աբրահամյանի, հրապարակավ հայտարարեց. «Բոլորս անվերապահ եւ լուրջ սատարում ենք խոստանում նրան, եւ ցանկանում եմ շոշափելի հաջողություններ մեր երկրի, մեր տնտեսության զարգացման հետագա գործում»: Բայց, կարծես թե, այդ «լայն աջակցությունն» այդպես էլ չեղավ, ինչպես չեղավ նաեւ Տիգրան Սարգսյանի դեպքում:
Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման սկզբի մի քանի ամիսներին տրված գործունեության ազատությունը կամաց-կամաց նրա ձեռքից վերցվեց` վարչապետին թողնելով նախարարների հետ նախագահի միջնորդի դերն ընդամենը: Վարչապետն իրավասու չէր ինքնուրույն որոշումներ կայացնել:
Ու նույնիսկ այդ պայմաններում ասել, որ Հովիկ Աբրահամյանը վատ վարչապետ էր, ազնիվ չի լինի, քանի որ նա անում էր առավելագույնը ե՛ւ հասարակական դժգոհությունը մեղմելու, ե՛ւ գործարարներին աջակցելու, ե՛ւ տնտեսության աճի ցուցանիշը ապահովելու համար: Չլինելով ինտելեկտուալ կերպար՝ նա կոնֆլիկտները հարթող ու թիմային մտածողությամբ էր առաջ գնում` բնականաբար, հընթացս հարստանալով: Բայց ով էլ լինի նրա փոխարեն, չի կարող անել ավելին` ունենալով քայքայված տնտեսություն, հեղինակազրկված երկիր` ներքին ու արտաքին իմիջի առումով, արտաքին ճնշումներ եւ այդքան ներպալատական խարդավանքներ թիկունքում:
Ի դեպ, Կարեն Կարապետյանն էլ Երեւանի քաղաքապետի պաշտոնում ունեցած իր «դրայվը» կիսատ թողեց` փախնելով հայկական իրականությունից, քանի որ նույն ներպալատական խարդավանքների զոհ դարձավ: Բայց նա, ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, չգիտի գյուղացու հոգսը, չգիտի հայկական իրականությունը խորությամբ, քանի որ փափուկ ապահովված կյանքով է ապրել դրսում:
Սակայն երեկ կայացած ՀՀԿ նիստի ժամանակ խոստացել է երկրի զարգացման ծրագիր ներկայացնել, որը բաղկացած կլինի 2 փուլից. առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն եւ հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը: ՀՀԿ խորհրդի նիստում ապագա վարչապետ Կարեն Կարապետյանը ծափահարությունների է արժանացել: Թե ինչ հրաշք նա կարող է գործել 7 ամսում, դժվար է ասել: Բայց Սերժ Սարգսյանի ակնկալիքները Կարեն Կարապետյանից, մեղմ ասած, հեքիաթային են:
Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է. «Կարծում եմ, որ մենք պարտավոր ենք չսահմանափակվել այն ներուժով, որն առկա է մեր շարքերում եւ մեր առջեւ դրված խնդիրների լուծման համար փնտրել ու գտնել այն մարդուն ու մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ ու պատասխանատու աշխատանքները՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք այս պահին գտնվելիս լինեն»: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը միակ «ունակ ու պատասխանատու» անձնավորությունն էր «աշխարհի ինչ-որ ծայրում», որին Սերժ Սարգսյանը «պեղեց» ու բերեց վարչապետ` նրա դեմքով փոփոխություններ խոստանալով: Երբեմնի ամենահզոր ՀՀԿ-ում այլեւս չկան կարող դեմքեր. յուրօրինակ ինքնախոստովանություն է:
«Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն եւ այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով»,- ահա, այսպես Սարգսյանը ազդարարել է մեր նոր փրկչի` գլամուր, հմայիչ, ճաշակով Կարեն Կարապետյանի մասին:
«Ասեմ, որ կարող եք էական փոփոխություններ սպասել առաջիկայում,- կուսակիցներին խոստացել է Ս. Սարգսյանը` հավելելով,- որպես հետեւանք՝ անշուշտ կլինեն եւ կադրային փոփոխություններ: Փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ»:
«Նոր կառավարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրապարակային գործընթացների արդյունքում տնտեսական այնպիսի բարեփոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի հնարավորություն կտան առանց որեւէ բյուրոկրատական խոչընդոտների դրսեւորել իր գործարար ներուժը»,- հայտարարել է ՀՀԿ նախագահը:
Այսպիսով, «փոփոխությունների սիմվոլի» համար առայժմ «կանաչ լույսը» վառված է: Մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի զգացել, որ որեւէ անկյունից իր իշխանությանը վտանգ է սպառնում: Հենց զգաց, անմիջապես «փոփոխությունների սիմվոլը» կզոհաբերվի` հասարակության համար տեսարան ապահովելու եւ ժամանակ շահելու համար:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը ռուսաստաբնակ, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի:
Հ. Գ. Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին՝ հավելելով. «Այնպես որ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ»: Չի բացառվում, որ նա կրկին դառնա ՀՀԿ շտաբի պետ:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին եւս ասել է «շատ-շատ շնորհակալ եմ»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ԱՅՍՕՐ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ ԿՆՇԱՆԱԿՎԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու որոշումը Սերժ Սարգսյանը կստորագրի հենց այսօր: Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի հրաժարականից հետո նոր վարչապետը նշանակվում է 10-օյա ժամկետում: Սակայն, ինչպես պարզվում է, ՀՀ իշխանությունները չեն ցանկանում այդքան սպասել: Ի դեպ, նոր կառավարությունն էլ կազմավորվում է վարչապետի նշանակվելուց հետո՝ 20-օրյա ժամկետում: Ասել է, թե նոր կառավարության կազմը հայտնի կլինի ամենաուշը մինչեւ սեպտեմբերի 29-ը: Սակայն բացառված չէ, որ այս հարցում էլ ՀՀ իշխանությունները երկար չսպասեն, եւ կառավարության կազմը հայտնի դառնա առաջիկա մեկ-երկու օրերին:
 

ԻՆՉ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉ ԲԱՆ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից պարզել՝ արդյոք իրենց կուսակցությունը ստացել է նոր կառավարության մաս կազմելու առաջարկ: Ըստ նրա՝ իրենք նման առաջարկ չեն ստացել: Նույնը պատասխանեց նաեւ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: «Ես կուզեի, որ Սերժ Սարգսյանն իմ կուսակցության անունը չօգտագործի: Բացառվում է, մենք երբեւէ Սերժ Սարգսյանի հետ իշխանության մաս չենք կազմի»,- ասաց նա: Իսկ «Համախմբում» կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանն էլ ասաց. «Ազգային համաձայնության կամ վստահության կոալիցիոն կառավարություն ձեւավորվում է խորհրդարանական ընտրություններից հետո, նայած թե որ կուսացությունն ինչ քվե է ստանում, հենց այդ քվեով, եթե ձեւավորի կոալիցիոն կառավարություն, ապա հենց դա էլ կոչվում է ազգային վստահության կառավարություն: Ընտրություններից առաջ նման խոսակցությունն ուղղակի անիմաստ է»:

 

 

ՉԻ ԵԿԵԼ, ԽՈՍՏԱՑԵԼ Է ԳԱԼ
Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոստացել էր կուսակցություն հիմնել եւ մասնակցել 2017 թվականի ԱԺ ընտրություններին: Սակայն ժամանակն անցավ, բայց կուսակցությունն այդպես էլ չստեղծվեց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արա Աբրահամյանը օրերս կրկին Հայաստանում է եղել: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, ՌՀՄ նախագահի տեղակալ Արամ Գասպարի Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց.«Արա Աբրահամյանը դեռ չի եկել, բայց խոստացել է գալ: Ըստ նրա՝ այդ այցելության հիմնական նպատակը լինելու է հոկտեմբերին կայանալիք տնտեսական ֆորումին մասնակցելը: Իսկ ինչ եղան Արա Աբրահամյանի` կուսակցություն ստեղծելու ծրագրերը, այս առնչությամբ Արամ Գասպարի Սարգսյանը չցանկացավ խոսել: «Դա իր խնդիրն է, դա ինքը Ձեզ կասի»,- պատասխանեց դեմկուսի նախագահը:

 

 
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համանուն գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը եւ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արսեն Սարդարյանը:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ԼԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովին, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքին, Ֆրանսիայից՝ Պիեռ Անդրյոյին), ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ակտուալ հարցեր, այդ թվում՝ Վիեննայում մայիսի 16-ին եւ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում ընթացիկ իրավիճակը:

 

 

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը կանցկացվի Վրաստանում 2017 թվականի մայիսին: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին: Վրաստանում երկօրյա այցով է գտնվում Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակությունը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: «Մենք հնարավորություն ունենք հաջորդ տարվա մայիսին Վրաստանում անցկացնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Դա կլինի ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի համար ՆԱՏՕ-ի նկատմամբ ամենակարեւոր միջոցառումներից մեկը: Դա կլինի որոշակի առումով Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության շարունակություն»,- հայտարարել է Ուսուպաշվիլին:

 

 

ԲԱՔՎՈՒՄ
ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները սեպտեմբերի 28-ին կհանդիպեն Ադրբեջանի մայրաքաղաքում, հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: Թե որն է լինելու հանդիպման օրակարգը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղարը չի մանրամասնել: Նրա խոսքով` սեպտեմբերի 12-ին Բաքվում կհավաքվեն համագործակցության երկրների միգրացիոն գերատեսչությունների ղեկավարները: Այնուհետեւ հոկտեմբերի 17-ին Երեւանում պլանավորված է ԱՊՀ անդամ երկրների սահմանային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:




Լրահոս