ԱՆՁԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականին եւ հետագայում սպասվող փոփոխություններին՝ մասնավորապես նշելով, որ փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ: Ըստ այդմ, սպասվում են կադրային վերադասավորումներ:

«Ժողովուրդը» այդ փոփոխությունների մեկնարկի եւ դրա արդյունքում սպասվող պաշտոնների վերադասավորումների մասին զրուցեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հետ:

Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան
-Պարո՛ն Մանուկյան, Սերժ Սարգսյանն ասաց, որ անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել եւ վերականգնել վստահությունն իշխանությունների հանդեպ: Ինչո՞ւ առաջացավ այդ անհրաժեշտությունը:
-Այդ նույն բանը ասել է չորս տարի առաջ, նույն բանը ասել է երեք տարի առաջ, այդ փոփոխությունները տեսնում ենք, որ միայն բացասական են, այդ փոփոխությունների արդյունքում, եթե մարդիկ արտագաղթում են մեծ չափերով, ինչի համար են այդ փոփոխությունները, բյուջեն աճե՞լ է, ո՛չ, համախառն ներքին արդյունքն աճե՞լ է, ո՛չ, արտաքին պարտքը մեծացե՞լ է, այո՛, մեծացել է, ապրանքաշրջանառությունը փչացե՞լ է, այո՛, փչացել է, առեւտուրը պակասել է, այո՛, պակասել է, ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Դուք ասեք մի հատ դրական փոփոխություն, ես ոչ մի բացասական փոփոխություն չներկայացնեմ: Ոչ մի բան անձերի փոփոխությունով չի իրականացվում: Մեր մոտ համակարգն է հիվանդ:
-Ամեն դեպքում, ի՞նչ կարելի է սպասել այդ փոփոխություններից:
-Ոչ մի փոփոխություն չի եղել, ոչ մի հուսադրող բան չկա: Մեր պրոբլեմները անձերի մեջ չեն ,մեր պրոբլեմները համակարգի մեջ են: Հովիկ Աբրահամյանն էլ եկավ, լուրջ խոստումներ տվեց՝ կոռուպցիայի, տնտեսության, հարկային դաշտ վերադառնալու… եղա՞վ այդ ամենը, թե՞ ավելի վատացավ: Ես որեւէ հուսադրող բան չեմ տեսնում: Համակարգը պետք է փոխվի, մեր խնդիրը համակարգային է, ոչ թե անձերի մեջ:
-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ո՞ր նախարարները պետք է փոխվեն:
-Եթե նախորդ հարցի պատասխանը տալիս ասացի, որ անձերով ոչինչ չի որոշվում, համակարգն է կոռումպացված, մենաշնորհացված, գողականը քրեականի հետ սերտաճած, ինչ կապ ունի, որ նախարարը կփոխվի, որը չի փոխվի: Եթե վարչապետի փոփոխմամբ համակարգը չի փոխվում, նախարարի փոփոխվելով ոնց կարող է փոփոխվել: Եթե նախարար փոխվեց, մաֆիոզ կամ օրենք խախտող պատգամավորներով լեցուն խորհրդարանը կփոխվի՞, ոնց կփոխվի, եթե դուք ասեք, որ մեկ տոկոս հավատում եք, որ կոռուպցիան Հայաստանում կքչանա, ես կասեմ՝ շատ լավ, ես ջատագովն եմ: ՀՀ-ին անձերի փոփոխություն պետք չէ, Հայաստանին համակարգային փոփոխություն է պետք: Հայաստանին պահելու քաղաքականություն է պետք, մեզ մոտ դեռ հակառակն է:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյան
-Պարո՛ն Մարտիրոսյան, ըստ Ձեզ՝ ինչու՞ հիմա անհրաժեշտ դարձավ կառավարության փոփոխությունը:
-Նախագահը ելույթում երեկ ասաց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո քաղաքական բարեփոխումներն են առաջնահերթ, եւ ինչ-որ չափով հետաձգվեցին այդ բարեփոխումները ապրիլյան պատերազմի եւ վերջին իրադարձությունների պատճառով: Բայց որ այդ բարեփոխումները պետք է տեղի ունենան, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Նախագահի խոսքին ավելացնելու բան չունեմ:
-Հովիկ Աբրահամյանի նշանակման ժամանա՞կ ավելի շատ հույսեր ունեիք դրական փոփոխության, թե՞ հիմա:
-Գիտեք, համեմատելը ճիշտ չի լինի, եւ Հովիկ Աբրահամյանն էլ իր խոսքում նշեց, որ ճիշտ չի լինի նախորդ կառավարության գործունեությունը գնահատել: Կյանքն առաջ է շարժվում, եւ հասունացել են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, ես ողջունում եմ այդ փոփոխությունները, ես դրանց կողմնակիցն եմ:
-Ըստ Ձեզ՝ ո՞ր նախարարները չպետք է վերանշանակվեն նոր կառավարությունում:
-Դա իմ որոշելիքը չի, նախագահը եւ նորանշանակ վարչապետը քաղաքական թիմի հետ խորհրդակցելով՝ շատ մոտ ապագայում այդ հարցի պատասխանը կտան:

 

 

 

 
ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԻՄՎՈԼ

Նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը երկարաշունչ ելույթ ունեցավ` անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին եւ մոտալուտ փոփոխություններին: Սերժ Սարգսյանի ելույթի մասին «Ժողովուրդը» զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյան
-Պարո՛ն Աղաբաբյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ս. Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում:
-Ես չեմ լսել, ես այնտեղ չեմ եղել:
-Սերժ Սարգսյանը նշեց, որ չպետք է սահմանափակվել ՀՀԿ-ի ներուժով ու պետք է գտնել այն մարդկանց, ովքեր ունակ ու պատրաստ են ստանձնելու այդ բարդ աշխատանքները: Մի՞թե երկրի ներսում չունեինք այդ ուժը, որ գտանք այլ տեղ:
-Ուրեմն մի բան հիշեք, որ ելույթները, ամեն ինչը բերում են նրան, որ իրավիճակը փոխեն: Երկիրը այսօր լավ վիճակում չէ, բայց այդ փոփոխությունները ընդամենը օգուտ կբերեն հայ ժողովուրդին, եւ ինչ կապ ունի, թե որտեղից են ում բերում: Եթե խելացի մարդ է գալիս եւ երկիրը ղեկավարելու ծրագիր ունի, երկիրը այս վիճակից դուրս բերելու, դա կապ չունի, թե որտեղից է գալիս:
-Մենք մեր երկրի ներսում չէի՞նք կարող այդպիսի մարդ գտնել:
-Մեր երկրի ներսում եթե լիներ մեկը, որը ծրագիր կներակայացներ ու կուզենար վարչապետ լինել, թող ներկայացներ ու դառնար, ժողովրդի հավանությունն ունենար: Երկրի ներսում ես դեռ չեմ տեսնում այդ ուժը: Այսքան միտինգների արդյունքում, այսքան ժողովրդի ոտքի կանգնելու արդյունքում չեղավ մեկը, որ կարողանար առաջ տանել: Երկրում ի՞նչ կա, երկրում մարդ չկա:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան
-Պարո՛ն Մարտիրոսյան, Ս. Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Կարեն Կարապետյանը, արդյունավետ աշխատելու դեպքում, կլինի փոփոխությունների սիմվոլը…
-Տիգրան Սարգսյանն էլ էր այդպես, ինչ տարբերություն:
-Այսինքն՝ նրա պարագայո՞ւմ էլ էր այդպես ասել:
-Վա՜յ, Տիգրանին շատ ավելի վեհ բառերով: Մեր բարեփոխումների հայրը պետք է լիներ: Ինքն էլ այդ ծրագրով եկավ, մոնոպոլիաների, օլիգարխիաների դեմ պայքարենք, տենց բաներ էր ասում, շատ լավ հիշում եմ: Բարդ աշխատանքը ստանձնելու համար սուպերհերոս պետք չէ, թող նորմալ ընտրություններ անցկացնեն` նախագահական, խորհրդարանական, կառավարման համակարգը ճիշտ կազմակերպելու համար, առանց կեղծիքների նոր Սահմանադրություն ընդունեն, ու այդ սուպերհերոսին փնտրել էլ պետք չէ, առավել եւս՝ Կարեն Կարապետյանն այդ սուպերհերոսը չէ:
-Փաստորեն, չսահմանափակվեցինք մեր ներուժով եւ դրսում գտանք մեզ փրկողին: Մի՞թե մեր երկրում չկար այդ փրկիչը:
-Իհարկե, կա, բայց «Գազպրոմը» շատ հզոր ներուժ է Սերժ Սարգսյանի համար այս պարագայում, որովհետեւ ուղիղ ենթակայություն է այլեւս պետք, ուղիղ վերահսկողություն է պետք Հայաստանի վրա: Կամ Հայաստանը «Գազպրոմին» քիչ գումար է տվել, նվիրաբերել, պետք է ավելի շատացնեն: Ես դեռ սպասում եմ անհասկացողության պատի քանդմանը: Շատ ուղերձներ է արել, բայց որեւէ բան չի փոխվել: Վարչապետ փոխելով` ոչինչ չի փոխվի: Ըստ էության, եթե տիպային առումով վերցնենք, Տիգրան Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, այսպես ասած, նույն PR տիպի մեջ են գտնվում՝ ինտելեկտուալ, լեզուներ իմացող, լավ կազմակերպող, չգիտեմ… եւ այլն, եւ այլն: Ի՞նչ է, Կարեն Կարապետյանն այս համակարգի վառ ներկայացուցիչների՞ց չէ: Որ քաղաքապետ էր, արմատական բաներ փոխվեցի՞ն, թե՞ Երեւանցիների մեջքին թեւեր աճեցին, ի՞նչ լուծվեց. մի քանի կրպակ հանեցին, մի քանի փողոցային առեւտուր անողների հացը կտրեցին, կրպակատերերից մի քանիսը թողեցին, Հայաստանից գնացին, կողքի սուպերմարկետներում գնորդները շատացան: Էսթետիկական առումով՝ հրաշալի ազատ ծառեր են, բովանդակային առումով՝ մի քանի ընտանիք էլ գնաց Հայաստանից: Վերջ, այդքան բան:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՀՅԴ-Ն ԻՐԵՆՈՎ Է ԱՆՈՒՄ
Վերջին օրերին շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգություն» կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից, հնարավոր է՝ առաջիկայում պաշտոնանկ արվի: Իբրեւ պատճառ նշվում է այն հանգամանքը, որ Անահիտ Բախշյանը «ընդդիմադիր» է: Իսկ գործընթացը «հրահրողը» ՀՅԴ-ն է: Դաշնակցական Լեւոն Մկրտչյանի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար դառնալուց հետո նրա կուսակիցները ցանկանում են այդ ոլորտի ողջ վարչական ռեսուրսը իրենց վերահսկողության տակ վերցնել: «Ժողովուրդը» փորձեց այս տեղեկությունները ճշտել հենց Անահիտ Բախշյանից: Վերջինս հավաստիացրեց, թե նման զարգացումների մասին տեղեկություն չունի: «Չեմ լսել նման բան, այդ լուրերը չեմ մեկնաբանի: Չկա ասելու բան, ինչ պետք է մեկնաբանեմ»,- ասաց Անահիտ Բախշյանը:

 

 

ՏԱՆԻՔԸ ՆՈՐՈԳԵԼ ԵՆ ԽԱԽՏՈՒՄՈՎ
ՀՀ Արմավիրի մարզպետարանն արտակարգ իրավիճակի առաջացման հիմքով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգով պատվիրել է տանիքի վերանորոգման աշխատանքներ: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնն այդ գործընթացի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել: Բանն այն է, որ «Տեխնիկական միջոցներ» եւ «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշների գնահատման կարգերով պայմանագրի կատարման համար սահմանվել են տեխնիկական միջոցների եւ աշխատանքային ռեսուրսների նկատմամբ ներկայացվող պահանջներ: Սակայն այդ ամենը, ըստ գնումների աջակցման կենտրոնի, չի համապատասխանել ՀՀ կառավարության հաստատած «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի պահանջներին:

 

 

ՓՈՂԸ ԿԱ, ՊԱՏՎԵՐԸ ՉԿԱ
Ընթացիկ տարվա ՀՀ պետական բյուջեով առողջապահության ոլորտի համար նախատեսված է 88 միլիարդ 987 միլիոն դրամ: Այդ գումարից արդեն իսկ ծախսվել է 53 միլիարդ 506 միլիոն դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նշված գումարից բժշկական սարքավորումների գնման համար նախատեսվել է 3 միլիարդ 992 միլիոն դրամը, որից 1 միլիարդ 842 միլիոն դրամն արդեն ծախսվել է: Արտահիվանդանոցային ծառայությունների համար պետական բյուջեում նախատեսվել է 27 միլիարդ 659 միլիոն դրամ, որից ծախսվել է շուրջ 16 միլիարդ 51 միլիոնը: Հանրային առողջապահական ծառայությունների համար էլ հատկացվել է 5 միլիարդ 254 միլիոն հազար դրամ, որից արդեն ծախսվել է շուրջ 3 միլիարդ 202 միլիոն դրամ: Այսինքն՝ պետական բյուջեով հատկացված գումարների մոտ 40 տոկոսը դեռ չի ծախսվել: Սակայն պետպատվերի համար բյուջեից գումարներ ստացող բուժհիմնարկները դեռեւս գարնան վերջից հիվանդներին հավաստիացնում են, որ իրենց մոտ պետպատվերը սպառվել է: Պետպատվերով բուժում ստանալու համար հիվանդները պետք է հերթագրվեն, կամ էլ շտապօգնությամբ տեղափոխվեն հիվանդանոց:




Լրահոս