ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ ամսում Հայաստանի պետական պարտքը աճել է 100 միլիոն 700 հազար դոլարով, եւ սեպտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 5 միլիարդ 484 միլիոն 900 հազար դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկանքից:

Փաստորեն Հայաստանի պետական պարտքը շարունակում է ամեն ամիս աճել եւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջում նորանոր ռեկորդներ է սահմանում: Միայն այս տարվա ութ ամիսներին Հայաստանի պետական պարտքը աճել է 407 միլիոն 200 հազար դոլարով: Սակայն ողջ խնդիրն այն է, որ առաջիկա ամիսներին եւս այն շարունակելու է աճել, ինչը կասկածից վեր է:
Տեղեկացնենք, որ Հայաստանի պետական պարտքի 4 միլիարդ 541 միլիոն 800 հազար դոլարը արտաքին պետական պարտքն է: Այսինքն՝ այդ գումարները վերցվել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից, օտարերկրյա բանկերից եւ կառավարություններից: Իսկ Հայաստանի ներքին պարտքը կազմում է 943 միլիոն դոլար, որը գոյացել է պետական պարտատոմսերի թողարկումից: Հայաստանի արտաքին պարտքը միայն վերջին մեկ ամսում աճել է 48 միլիոն 800 հազար դոլարով: Իսկ այս տարվա ութ ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունները հասցրել են արտաքին աշխարհից պարտքով վերցնել 225 միլիոն 600 հազար դրամ: Իսկ թե մինչեւ տարեվերջ եւս որքան կվերցնեն, պարզ կդառնա առաջիկայում:
Այս տարվա ութ ամիսներին պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար հատկացվել է 133 միլիարդ 500 միլիոն դրամ փոխառու միջոց, կամ այլ կերպ ասած՝ պարտքով վերցված գումար: Միայն օգոստոսի ընթացքում պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով ծախսվել է 46 միլիարդ 100 միլիոն դրամի պարտքով վերցված գումար: ՀՀ կառավարության պարտքի միայն տոկոսավճարների վրա այս տարվա ութ ամիսներին ծախսվել է 55 միլիարդ 500 միլիոն դրամ: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները մի կողմից վարկեր են վերցնում, որպեսզի կարողանան պետական բյուջեով նախատեսված ծախսերը կատարեն, մյուս կողմից պարտքն այնքան է մեծացել, որ դրանց տոկոսավճարները մարելու նպատակով պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվում: Այս պահին արդեն պետական պարտքի տոկոսավճարների վրա 10 միլիարդով ավելի շատ գումար է ծախսվել, քան ողջ տարվա համար հատկացված է Հայաստանի հիվանդանոցներին պետական պատվերով առողջապահական ծառայություններ մատուցելու համար:
Ի դեպ, այլեւս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման երկուսուկես տարիների ընթացքում, այսինքն՝ 2014 թվականի ապրիլից մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի պետական պարտքն աճել է 924 միլիոն 230 հազար դոլարով: Նշված գումարից 653 միլիոն 900 հազար դոլարը բաժին է հասնում արտաքին պարտքին:
Նկատենք, որ երկուսուկես տարիների ընթացքում պետական բյուջեի պակասուրդը 110 միլիարդ դրամից դարձել է 190 միլիարդ դրամ: Այս ընթացքում պետական բյուջեի եկամուտները աճելու փոխարեն նվազել են: Եթե 2015 թվականի պետական բյուջեի եկամտային մասը նախորդ տարվա համեմատ 1 տրիլիոն 135 միլիարդից դարձել է 1 տրիլիոն 191 միլիարդ դրամ, ապա 2016 թվականին պետական բյուջեով եկամուտների ակնկալիքները նվազել են մինչեւ 1 տրիլիոն 186 միլիարդի: Փոխարենը պետական բյուջեի ծախսային մասը սրընթաց աճել է՝ 1 տրիլիոն 246 միլիարդ դրամից հասնելով 1 տրիլիոն 376 միլիարդ դրամի:
Հենց վերը բերված թվերն են եղել հիմնական պատճառը, որ նպաստել են Հայաստանի պետական պարտքն անդադար աճին:
Հարկ է նկատել, որ այդ մոտեցումը հենց այնպես, ինքնանպատակ չի եղել: Նախկին կառավարությունը, չկարողանալով քաղաքական գործիքներով տնտեսությունն ակտիվացնել, փորձում էր պետական ծրագրերն ընդլայնելով այդ խնդիրը լուծել: Այլ կերպ ասած՝ Հայաստանի կառավարությունը, որը տնտեսական հարաբերություններում պետք է զուտ արբիտրի դերակատարություն իրականացներ եւ ապահովեր հավասար խաղի կանոնները, աստիճանաբար ինքը սկսեց վերածվել «գործարարի»: Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի՝ խոշոր գործարարի նշանակումը հուշում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են վերը նշված քաղաքական գիծը: Իսկ նման պայմաններում Հայաստանի տնտեսությունում իրավիճակը չի կարող էապես բարելավվել: Լավագույն արդյունքը, որը Կարեն Կարապետյանը կփորձի ապահովել՝ կառավարչի իր ունակությունները օգտագործելով, Հայաստանի տնտեսության սրընթաց անկումը կանգնեցնելն է կամ էլ առնվազն այդ գործընթացը դանդաղեցնելը: Թերեւս հենց այդ նպատակով է Սերժ Սարգսյանի ընտրությունը հենց նրա վրա կանգնել՝ որպես փոփոխության սիմվոլի: Տեսնենք՝ ինչ կստացվի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ
Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի հուլիսի 14-ին Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ խնդրելով ներում շնորհել 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իր դեմ կազմակերպված մահափորձն իրականացրած Արա Ավետյանին, որը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման, եւ Սերգեյ Հարությունյանին, որի դեպքում որպես պատիժ սահմանվել է 9 տարվա ազատազրկում: Վիտալի Բալասանյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից խնդրել էր հաշվի առնել դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը եվ նրանց ներում շնորհել: «Ժողովուրդ»-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից փորձեց պարզել, թե, ի վերջո, Վիտալի Բալասանյանի նամակին ինչ ընթացք է տրվել: Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ նամակը դեռեւս չի քննարկվել, իսկ թե երբ այն կքննարկվի, ժամանակը ցույց կտա:

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԵՄ
Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով Սյունիքի մարզի Շաքիի ջրվեժը գործում է, մուտքը բաց է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Civil Voice» բնապահպանական հասարակական կազմակերպությունը ահազանգել էր, որ բնապահպանության նախարարության անգործության հետեւանքով Շաքիի ջրվեժը չի պահպանվում: Բանն այն է, որ ջրվեժի ճակատագիրը տնօրինում է «Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ»-ի (Շաքիի ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի ներկայիս քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Շաքիի ջրվեժի հետ կապված բնապահպանության նախարարի հանձնարարականը մտահոգել է Սիսիանի քաղաքապետ Ա. Հակոբջանյանին, քանի որ ջրվեժի գործելուց հետո քաղաքապետի ՀԷԿ-ի եկամուտները պակասել են: «Առաջիկայում կգամ Երեւան, եւ նախարարության աշխատակիցների հետ կքննարկենք ջրի բացթողումների չափաքանակը: Գուցե դրանց չափաքանակները փոփոխվեն»,- «Ժողովուրդ»-ին ասաց Սիսիանի քաղաքապետը:
 

ՀՔԾ-Ն ԱՆՈՒՆՆԵՐ Է ՏԱԼԻՍ
Երեկ պարզ դարձավ, որ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Սարի թաղում լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ մեղադրվողներ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի մասով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատարան: Ուշագրավն այն է, որ մոտ երկու ամիս վարույթն իրականացնող մարմինը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի, մասնավորապես, լրագրողների նկատմամբ բռնության գործադրման եւ նրանց գործունեությունը խոչընդոտելու գործերում ներգրաված անձանց անունները չէր նշում: Եւ անունները հրապարակեցին միայն քրգործի նախաքննությունն ավարտելուց հետո: Նկատենք, որ մեղադրյալների մեջ դեռեւս չկան երեկվա մեր թերթի 1-ին էջում հրապարակված լուսանկարներում պատկերված թիկնապահներն եւ քրեական տարրերը: Հուսանք` նրանց էլ հերթը կհասնի:

 

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՂԵԿԱՎԱՐԻ
Երեկ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտնեց իր հրաժարականի մասին: Ըստ այդմ, նաեւ հրաժարական տվեց կառավարությունը: Եվ այսուհետ մինչ նոր կառավարության ձեւավորումը բոլոր նախարարները համարվում են պաշտոնակատարներ: Այս ամենից հետո սկսվեց շրջանառվել գնացող նախարարների անունները: Մասնավորապես ակտիվ խոսակցություններ էին գնում Սեյրան Օհանյանի հեռացման մասին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Սեյրան Օհանյանի պաշտոնից ազատվելուց հետո կղեկավարի Վիկտոր Դալլաքյանի կողմից հիմնադրվելիք «Շրջադարձ» կուսակցությունը:

 

 

ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Կողմերն անդրադարձել են Վրաստանում գործող հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստմանը, տեղեկատվության փոխանակմանը, միջբուհական համագործակցությանը, դասագրքերին, օտար լեզուների խորացված ուսուցման, ինչպես նաեւ կրթության եւ գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին: Կրթության համակարգում երկու երկրների հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի պաշտոնական այցը Վրաստան:

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Հրամանագրում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը: 3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:

 

 

ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում ներկա է գտնվել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ մատուցված հանրապետական մաղթանքին: Միջոցառմանը մասնակցել են նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Հայաստանից եւ Սփյուռքից:

 

 

ԿՄԻԱՎՈՐԻ
Իրանի հյուսիսային հատվածի եւ Թուրքիայի միջեւ նոր երկաթգիծը կմիավորի Թուրքիայի, Հայաստանի եւ Նախիջեւանի քաղաքները: Այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին: Rusarminfo-ի ներկայացմամբ՝ տվյալ ծրագիրն իր մեջ ներառում է Թեբրիզն ու իրանական Գիլյան նահանգի քաղաքը: Նա նաեւ նշել է, որ մշակվում է Ադրբեջանի հետ դրանց միացման հնարավորությունը: 2012թ. Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին որոշում էր ընդունվել: Ծրագրի թողարկման մասին հայտարարվել էր 2013թ. սկզբին: Ծրագրի արժեքը գնահատվում է $3,5 միլիարդ: Հայաստանի տարածքում ճանապարհի ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ
Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 9-ին ստորագրել է հրամանագիր Սերժիկ Ավետիսյանին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ նշանակելու մասին: Հիշեցնենք, որ մինչ այդ նա զբաղեցնում էր վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնը:




Լրահոս