«Ժողովուրդ»-ը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ զրուցեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւ, առհասարակ, կալանավայրերում առկա խնդիրների մասին:
-Պարո՛ն Քրմոյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում տիրող իրավիճակի մասին, մասնավորապես բուժսպասարկումը վատ վիճակում է, հիգենիկ վիճակը՝ ծանր, եւ ըստ հարազատների ու փաստաբանների՝ կալանավորներին եւ դատապարտյալներին խոշտանգում են: Դուք, որպես արդարադատության նախարարի տեղակալ, գնացե՞լ եք անձամբ հիվանդանոց՝ հասկանալու, թե ինչ է կատարվում:
-Եթե խոսքը վերաբերում է ՔԿՀ-ի պայմաններին, ասեմ, որ ես եւ արդարադատության նախարարը համապատասխան խմբով այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց եւ ոչ միայն վերջերս, իհարկե, վերջերս էլ ենք այցելել, բայց բազմաթիվ անգամ այցելել ենք: Եթե խոսքը անմարդկային պայմանների մասին է, ապա այդպիսի որեւէ դրսեւորում այնտեղ չկա:
-Դատապարտյալների հարազատներ ու փաստաբաններ են այդ մասին բարձրաձայնում:
-Ընդունում եմ, կարող է՝ հայտարարություններ արվեն նաեւ պաշտպանների կողմից, բայց Ձեզ հավաստիացնում եմ, եւ դա միայն իմ խոսքերը չեն, այլ նաեւ համապատասխան տեղեկատվություն, ե՛ւ արդարադատության նախարարը, ե՛ւ ՔԿ ծառայությունն է ներկայացրել, որ այնտեղ անմարդկային պայմանների մասին խոսք չկա: Ուզում եմ հիշեցնել, որ մենք խոսում ենք բժշկական կազմակերպության մասին, թեպետ դա դատապարտյալների հիվանդանոց է եւ նախատեսված է դատապարտյալների համար, բայց ուզում եմ հիշեցնեմ, որ դա մասնագիտացված բժշկական կազմակերպություն է, որը մասնագիտացված է դատապարտվածների եւ կալանավորված անձանց հիվանդանոցային բուժօգնության հարցերով: Դա ուղղակի ՔԿՀ չէ, իհարկե, անվտանգությունը ապահովված է, այնտեղ գտնվող ՔԿՀ ծառայողները մեծամասամբ բժիշկներ են, եւ մենք անում ենք ամեն ինչ, որ այնտեղ գտնվող բոլոր անձինք պատշաճ բուժօգնություն ստանան: Եթե որեւէ խնդիր կա, հավաստիացնում եմ, որ դա արդարադատության նախարարի եւ ՔԿՀ ծառայության պետի եւ Մարդու իրավունքների պաշտպանի հսկողության ներքո է: Ավելին ասեմ, եթե կարիք է լինում, որ դատապարտված կամ կալանավոր անձը տեղափոխվի համապատասխան հիվանդանոցներ, կազմակերպվում է խորհրդատվություն տվյալ անձանց քաղաքացիական բուժհիմնարկների բժշիկների կողմից: Որպես հեռահար խնդիր մեր կայքում դրված է եւ քննարկվում է ՔԿՀ-ների բուժհիմնարկների արդիականացման հարցը, որն այս տարվա կառավարության գերակայություններից մեկն է:
-Նշեցիք, որ նախարարի հետ այցելել եք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, կասե՞ք կոնկրետ խնդիր, որ բացահայտել, լուծել եք, կամ լուծման ճանապարհին է:
-Մասնավորապես, որպեսզի ապահովվի օպերատիվ կապը քաղաքացիական բուժհիմնարկների եւ դատապարտյալների հիվանդանոցի միջեւ: Նաեւ այցելել ենք հիվանդանոց դեղապահովման կառույցը, դեղապահովությունն ենք ստուգել, եւ նախարարը համապատասխան վերահսկողություն եւ հանձնարարականներ է տվել: Ես չեմ ուզում ներկայացնել վիճակ, որ մենք օգնության կարիք չենք ունենում, եթե դատապարտյալների հիվանդանոցը մասնագիտական բուժօգնության կարիք ունի, կա համապատասխան կառավարության որոշում, որով համապատասխան ուղեգրերի միջոցով կազմակերպվում է մասնագետի տեղափոխությունը:
-Կալանավորների, դատապարտյալների հարազատները իրենց մտերիմներին սովամահությունից փրկելու համար սնունդ են ուղարկում ՔԿՀ, քանի որ ՔԿՀ-ի սնունդը պիտանի չէ: «Ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ «Ֆոտոն» ՍՊԸ-ն մեկ պայմանագրով պարտավորվել էր միանգամից ինն անուն ապրանքներ մատակարարել, որոնց թվում էին՝ կարագ, հունդեղեն, բանջարեղեն եւ անգամ ձմերուկ: Սակայն դատապարտյալները չեն համարձակվում այդ ձմերուկից ուտել՝ վախենալով թունավորումներից: Հնարավո՞ր չէ ավելի լավ որակի սնունդ գնել:
-Նախ մատնանշենք, եթե խոսում ենք դատապարտյալների հիվանդանոցի մասին, ի տարբերություն այլ ՔԿՀ-ների, այնտեղ նաեւ ապահովված է հատուկ սնունդն այն անձանց համար, որոնք բուժում են ստանում:
-Ի՞նչ կասեք կոնկրետ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա վիճակի մասին, լուսանկարը արվել էր հենց այդ ՔԿՀ-ի հանձնունքների բաժնից:
-Մենք այցելեցինք համապատասխան քրեակատարողական հիմնարկ եւ այցելեցինք նաեւ խոհանոցային մաս, ե՛ւ նախարարը, ե՛ւ մեր ամբողջ թիմը: Ավելին՝ ասեմ բազմաթիվ այցերի ընթացքում տարբեր հիմնարկներում ես էլ անձամբ փորձել եմ սնունդը, եւ, իհարկե, դատապարտյալը իրավունք ունի այլ սնունդ ուտի, ասենք, տան պատրաստած կամ հատուկ բաներ: Չի կարելի ասել, որ դատապարտյալներն իրենց կառավարության որոշմամբ սահմանված սնունդը չեն ստանում:
-Խոսքը ստանալու մասին չէ, այլ որակի. դատապարտյալները հրաժարվում են ուտել տրված սնունդը՝ խնդրելով հարազատներին սնունդ հասցնել:
-Այդ որակի մասին բազմաթիվ խնդիրներ են եղել, բայց կարող եք ցանկացած ժամանակ գնալ եւ տեսնել, բավականաչափ հսկողություն է սահմանված: Ուրիշ բան է, որ տանը պատրաստած սնունդ են ուզում: Բազմաթիվ մեխանիզմներն ենք ուզում ներդնել, որ այդ հանձնունքների թիվը, քանակը նվազեցնենք, քանի որ ռիսկ է: Տեսնում եք՝ բազմաթիվ անգամ հայտարարվում է, որ հանձնունքների միջոցով թմրամիջոց են տեղափոխում:
Ձեզ հավաստիացնում եմ, որ կառավարության որոշմամբ սահմանված սննդակարգը տեղում ապահովվում է: Իհարկե, ոչ ոք չի ասում, որ մեզ մոտ իդեալական վիճակ է: Օրինակ՝ նոր մեխանիզմ է ստեղծված, եթե դատապարտյալը ուզում է, որ իրեն հանձնունք չբերվի, դա համապատասխան էլեկտրոնային գնումներով է իրականացվում:
-Բայց տեխնիկայի առկայությունը ՔԿՀ-ներում առավել վտանգ է ստեղծել: ՔԿՀ-ից դատապարտյալները նոր հանցանքների են գնում՝ հեռախոսազանգերի միջոցով կողոպտելով մարդկանց:
-Նշեմ, որ խոսքը գնում է հարազատների կողմից, այլ ոչ թե դատապարտյալը զանգահարի, խնդրի: Հանձնունքները ինքնին խնդրահարույց են, եւ մեծածավալ աշխատանք ենք կատարում՝ ստուգելու համար եւ փորձում ենք փուլ առ փուլ հասնել նրան, որ դատապարտյալները անցնեն այդ սնունդի օգտագործմանը:
Հիմա մեծածավալ շինարարական աշխատանքներ ենք կատարում, էներգախնայողության ծրագիր ենք իրականացնում, նոր քրեակատարողական օրենսգիրք ենք մշակում: Լուրջ խնդիրներ կան մասնավորապես շենքային պայմանների հետ: Մենք գերբեռնվածության խնդիրը գրեթե լուծել ենք, բացառությամբ մի փոքր մասին, որը վերաբերում է ոչ թե դատապարտյալներին, այլ կալանավորված անձանց. փուլ առ փուլ բեռնաթափում ենք: Մենք նույն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բեռնաթափում ենք «Արմավիր» ՔԿՀ, 1200 հոգու համար նախատեսված նոր պայմաններ ունենք: Արմավիրում կալանավորվածների պահելու վայր ենք բացել, Հրազդանում, Սեւանում կալանավորվածների վայր ենք բացել, որպեսզի ապակենտրոնացնենք, բեռնաթափենք Նուբարաշենը: Արդեն տարեվերջին հնարավորություն կունենաք ներկայացնել լուրջ արդյունքներ՝ ՔԿՀ-ների բեռնաթափման հետ կապված:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ
Եւ այսպես՝ Հայաստանի թափուր մնացած պաշտոններից մեկը, կարելի է ասել, այլեւս զբաղեցված է: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նոր գլխավոր դատախազը լինելու է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Վերջինս, հիշեցնենք, Գեւորգ Կոստանյանի հրաժարականից հետո, օգոստոսի 4-ին, նշանակվեց գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն օրն էլ նա ազատվեց այդ պաշտոնից։ Փոխարենը պաշտոնակատար նշանակվեց գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ Արմեն Հարությունյանը, ով նրանից տարիքով մեծ է։ Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս օգոստոսի 5-ի համարում հայտնել էր, որ ՀՀ նախագահի նստավայրում քննարկվում են ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուների անուններ. մեկը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանն է, մյուսը` ՀՀ նախագահի խորհրդական Հրայր Ղուկասյանը: Եւ երեկ արդեն ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանն Ազգային ժողովում էր: Նա հանդիպել էր խորհրդարանական խմբակցությունների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:
Ի՞նչ ճանապարհ է անցել Արթուր Դավթյանը
Նա արդարադատության երկրորդ դասի խորհրդական է: Մինչ դատախազի տեղակալ դառնալը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնն է զբաղեցրել, ապա՝ Երեւանի դատախազինը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Արթուր Դավթյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տվյալներով` ունի երեք հողամաս, երկու անհատական բնակելի տուն, ինչպես նաեւ մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 18 մլն դրամի կարողություն:
Վերջում հավելենք՝ նոր Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժոդովը՝ 6 տարի ժամկետով։ Երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ նիստում պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ կընտրեն նոր դատախազին:
Հավելենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այդպես էլ ՀՀ ԱԺ-ին իր հրաժարականի դիմումը չգրեց: Նա բավարարվեց Սերժ Սարգսյանին ուղղված իր հրաժարականի դիմումով: Մինչդեռ նա պարտավոր էր իրեն դատախազ կարգած ՀՀ օրենսդիր մարմնին ներկայացնել հրաժարականի դիմումը, բայց Կոստանյանը խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են դեռեւս 2014-ի դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին: Հիշեցնենք, որ 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով:
ՄԻԵԴ ՎՃԻՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է 2007 թ. մինչեւ 2015 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանում ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը եւ աձանագրված խախտումները: Ուսումնասիրության առարկա է դարձել ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարանի թվով 55 վճիռ, որոնցից մեկը ուսումնասիրության ժամանակահատվածում դեռեւս ուժի մեջ չէր մտել: Զեկույցի պատրաստման ընթացքում օգտագործվել են պաշտոնական աղբյուրներում տեղադրված տեղեկատվությունը, քաղաքացիական հասարակության կողմից կատարված եւ այլ ուսումնասիրություններ:
ՆՈՐ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեկվա նիստում շարունակել է քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը որոշ նկատառումներ է ներկայացրել՝ կապված գործողությունների ժամանակացույցի հետ: Հաշվի առնելով գործընթացի սկզբում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետների փոփոխությունները՝ ԼՂՀ նախագահի՝ սեպտեմբերի 6-ի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների նախագծի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ս.թ. նոյեմբերի 20-ը: