ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Այս երթուղայինի վարորդն այնքան է հոգնել հաճախորդների կենցաղային խոսակցություններից, որ որոշել է մի փոքրիկ գրություն փակցնել իր մեքենայի մեջ, որով բոլորին հորդորում է խոսել շշուկով:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` անձը ո՞ր դեպքերում չի կարող ամուսնալուծության հայց ներկայացնել:

Աննա Դանիելյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնալուծության հայց չի կարող ներկայացվել որոշակի հանգամանքներում.
– կնոջ հղիության ընթացքում կամ մինչեւ երեխայի մեկ տարեկան դառնալը նրա հայրությունն այլ անձ է ճանաչել,
– դատարանի որոշմամբ` իբրեւ հայր, տղամարդու մասին տեղեկությունը հանվել է երեխայի ծննդյան վկայականի գրառումից,
– եթե այդպես են պահանջում անգործունակ ճանաչված ծնողի շահերը:
Վերոնշված հանգամանքների առկայության դեպքում հայց կարող է ներկայացվել, միայն եթե ամուսիններից մեկը մյուս ամուսնու կամ երեխայի նկատմամբ հանցագործության տարրեր պարունակող անօրինական քայլ է կատարել: Այդ դեպքում դատարանի մեղադրական դատավճիռ կայացնելը պարտադիր չէ:
Կնոջ հղիության ընթացքում ամուսնալուծության հայց կարող է ներկայացվել, եթե ապագա երեխայի հայրությունը` սահմանված կարգով, հայրության ճանաչման համար հայց ներկայացնելու ճանապարհով այլ անձ է ճանաչել:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը չի պարզում ամուսնալուծության պատճառը, այլ սահմանափակվում է ամուսնական հարաբերությունների դադարեցման փաստով, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում անչափահաս երեխաների շահերի պաշտպանության համար: Ամուսինների խնդրանքով ամուսնալուծության գործը կարող է քննվել դռնփակ նիստում:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` հնարավո՞ր է օտարերկրյա պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերից ուսանողները տեղափոխվեն հայաստանյան բուհեր: Եթե այո, խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել կարգը:

Սվետլաննա Մխոյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մխոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ օտարերկրյա պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհից ՀՀ բուհ ուսանողի տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով:
Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով ՀՀ վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ եւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության համաձայնությամբ ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:
Ընդունող բուհը դրական կարծիքի դեպքում նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխության մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարը՝ համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար նշենք, որ անցած՝ 2013/2014 թվականների ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922: Այսինքն՝ մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով:




Լրահոս