Իշխանությունն ու ընդդիմությունը կսատարեն նույն թեկնածուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների թեկնածությունների առաջադրումը: Ինչպես հայտնի է՝ նոր Սահմանադրության համաձայն՝ ԿԸՀ նախագահի ու անդամների թեկնածություններն այլեւս առաջադրելու է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը` անդամների 3/5-ի ներկայացմամբ:

Ինչպես հայտնի է՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում նորից առաջադրվել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը, իսկ անդամների համար առաջադրվել են Լաուրա Գալստյանի, Արմեն Սմբատյանի, Սեյրան Շահսուվարյանի, Նունե Հովհաննիսյանի, Գեորգի Մարտիրոսյանի եւ Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները: Թվարկված վեց անձինք նույնպես ԿԸՀ գործող անդամներ են, որեւէ նոր թեկնածություն չի առաջադրվել:

Ըստ էության, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իշխանության ներկայացուցչի հետ առաջադրել են, այնուհետեւ պաշտպանելու են նույն թեկնածուներին, որոնց գործունեության մասին պետաիրավական հանձնաժողովում ընդգրկված, իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի ներկայացուցիչներից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչո՞ւ ԿԸՀ գործող նախագահից եւ անդամներից բացի՝ այլ թեկնածու չեն առաջադրել:

Լյովա Խաչատրյան, ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Պարո՛ն Խաչատրյան, սեպտեմբերի 15-ին ավարտվեց ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածությունների առաջադրման ժամկետը: Դուք, որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ինչո՞ւ չառաջադրեցիք ԿԸՀ այլ անդամի թեկնածություն, որը կարող էր այլընտրանք լինել գործող անդամների համար:

-Իսկ ո՞վ է ասում, որ չենք առաջադրել: Մենք մեր նախընտրած թեկնածուն ունենք, որի համար էլ ես ստորագրել եմ այդ ցանկի տակ, իսկ ցանկը ստորագրել եմ, որովհետեւ կանոնակարգն է այդպես պահանջում: Եթե ցանկի մեջ կան մարդիկ, որոնք արժանի չեն լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ապա լիագումար նիստի ժամանակ մենք կարտահայտենք մեր տեսակետը:

-Իսկ ո՞վ է Ձեր նախընտրած թեկնածուն:

-Լաուրա է անունը, ում հետ ես առիթ եմ ունեցել շփվել իր աշխատանքային գործունեության ընթացքում: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ նշանակել էին անհիմն վերահաշվարկ, իմ ընտրության հետ կապված, նա ինձ բավական զգալի աջակցություն ցուցաբերեց, որի պատճառով նաեւ չկարողացան ինչ-որ բան անել ընտրության արդյունքների հետ, նույնիսկ հօգուտ ինձ ձայներն ավելացան: Ես հավատում եմ այդ կնոջը:

Հովհաննես Մարգարյան, ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր

-Պարո՛ն Մարգարյան, Դուք ԿԸՀ նախագահի եւ անդամների նոր թեկնածություններ ինչո՞ւ չէիք առաջադրել:

-Ճիշտն ասած, մենք ավելի նպատակահարմար գտանք, որ գործող անդամներին առաջադրենք, քանի որ նրանք արդեն ունեն ԿԸՀ-ում աշխատելու փորձ:
Կա մեկ պատճառ եւս. որոշեցինք նրանց առաջադրել, քան թե թողնել, որ ՀՀԿ-ն լրիվ իր թեկնածուներին առաջադրի, խոսքը ԿԸՀ-ի նախագահի ընտրությանը չի վերաբերում:

Իսկ նախագահի՞ դեպքում: ԿԸՀ նախագահի որեւէ առաջադրված թեկնածու նույնպես չունեք, ո՞րն է պատճառը:

-Նախագահի հետ մենք գործ չունենք, նախագահի ընտրվելու ընթացակարգն այլ է:

-Այսինքն՝ Դուք նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք չունե՞ք: Այլ ընթացակա՞րգ է գործում:

-Այո՛, մենք միայն անդամներին ենք առաջադրում:

Փորձեցինք զրուցել նաեւ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ, սակայն նա խուսափում է լրագրողների հետ շփվել: Դա անում է իր մամլո խոսնակ Վարդան Քոչարյանի միջոցով, որն ամեն հարցը լսելուց հետո անջատում է, զանգահարում կուսակցության ղեկավարին, ճշտում, հետ զանգահարում եւ այլն: Մի խոսքով, քաղաքական թափանցիկության խնդիր ունի իրեն ընդդիմություն հռչակած «Ալյանս»-ը:

Բայց, ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը փորձեց Տիգրան Ուրիխանյանից պարզել` ջանալով լինել ակտիվ քաղաքական ուժ, ինչո՞ւ իշխանությանն այլընտրանքային թեկնածու չառաջադրեցին: «Տիգրան Ուրիխանյանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ քննարկել է այդ հարցը, եւ նրանք պայմանավորվել են միասնական առաջադրել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը որպես ԿԸՀ նախագահի թեկնածու»,- տեղեկացրեց Ուրիխանյանի խոսնակը, որի տված ինֆորմացիան զարմանք հարուցեց ինչպես Լեւոն Զուրաբյանի, այնպես էլ Արտակ Զեյնալյանի մոտ: Վերջինս տեղյակ չէր, որ իր թեկնածությունն ընդհանրապես առաջադրվել է, քանի որ դրա համար պետք է տար իր գրավոր համաձայնությունը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենք իրականում չեն կարողացել Արտակ Զեյնալյանին առաջադրել որպես ԿԸՀ նախագահի թեկնածու, քանի որ հանձնաժողովի անդամների մեծամասնության կողմից չի ընդունվել պարոն Զեյնալյանի թեկնածությունը: Թե ովքեր են կողմ քվեարկել եւ ովքեր դեմ, պարոն Զուրաբյանը հրաժարվեց պատասխանել:

Իսկ թե ում է, ի վերջո, պաշտպանելու ընդդիմադիր Ուրիխանյանը, այդպես էլ անհասկանալի մնաց, քանի որ, ինչպես պարզվեց, Արտակ Զեյնալյանի թեկնածությունը չի առաջադրվել:
Հնարավոր չեղավ պարզել նաեւ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը, քանի որ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հրաժարվեց պարզաբանումներ տալ հեռախոսով:

Այսպիսով՝ իշխանության կողմից հավանության արժանացած թեկնածուները անխոչընդոտ կդառնան ԿԸՀ անդամներ, իսկ նախագահն էլ կրկին կդառնա Տիգրան Մուկուչյանը: Հիշեցնենք, որ ամեն ընտրությունից հետո հայրենի ընդդիմադիր ուժերը պարբերաբար բողոքում են ԿԸՀ-ի եւ նախագահի գործունեությունից` նրանց համարելով թվանկարիչ: Բայց ընդդիմությունը այլընտրանքային հաշվողների թեկնածու չկարողացավ անգամ առաջադրել:

Վահագն Հակոբյան




Լրահոս