Մասիսի քաղաքապետի թեկնածուն` ոստիկանապետի թիկնազորի պետից ստացած աջակցության և Սարի թաղի միջադեպին մասնակցության մասին. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր ՏԻՄ ընտրություններ են:

Քաղաքապետի պաշտոնում մինչև ընտրության մեկնարկը մնաց մի թեկնածու` ՀՀԿ-ի կողմից առաջադրված Դավիթ Համբարձումյանը` Մհեր Համբարձումյանի (Թույների Մհեր) որդին, ով ՀԷՑ-ում զբաղեցնում է ներքին վերահսկողության վարչության պետի պաշտոնը:

Ինչպես հայտնի է` ԲՀԿ-ից առաջադրված թեկնածուն` Կարապետ Օհանյանը, ինքնաբացարկ էր հայտնել այն բանից հետո, երբ մեկ օր շարունակ անհետացած էր: Ավելի ուշ ArmLur.am-ի` ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Կ. Օհանյանն առանց կուսակցության հետ խորհրադկցելու է նման որոշում կայացրել, ինչը պատճառ է դարձել նրան հեռացնելու: Ավելին, մեր աղբյուրները հայտնել են նաև, որ Կարապետ Օհանյանը նույն օրն իրեն այցելած կուսակիցներին, այդ թվում` ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, հայտնել է, որ իր մրցակից Դավիթ Համբարձումյանն իրեն և որդուն պաշտոններ է խոստացել: Ինքն էլ որոշել է ինքնաբացարկ հայտնել:

Իսկ գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, այս անգամ հրաժարվել է առաջադրվել, քանի որ որդուն` Հովհաննես Հակոբյանին, կրկին Դ. Համբարձումյանը խոստացել է Մասիսի անձնագրային ծառայության պետի պաշտոնը: Ի դեպ, նա արդեն իսկ զբաղեցնում է այդ պաշտոնը:

Եվ այսօր մասիսցիները պետք է ընտրություն կատարեին Դավիթ Համբարձումյանի` քաղաքապետ դառնալ-չդառնալու միջև: Միակ թեկնածուն «հանուն Մասիս քաղաքի բարօրության» ընտրություն կատարելուց հետո պատասխանեց ArmLur.am-ի մի քանի հարցերին:

-Պարո´ն Համբարձումյան, քաղաքացիները Ձեզ շնորհավորում էին ընտրվելու կապակցությամբ: Քվեարկությունը, սակայն, դեռևս չի ավատրվել…

-Ես քաղաքացիներին ասացի, որ շնորհավորեն երեկոյան ուշ: Տա Աստված, արդյունքները երեկոյան կտեսնենք: Մասիսցիները հավատում են Մասիս քաղաքի նոր շնչին: Այսինքն` մենք նոր շունչ ենք հաղորդելու ապագայում: Ծրագրերի մասին կխոսենք ընտրվելուց հետո:

-Հանուն ինչի՞ եք կատարել Ձեր ընտրությունը, պարո´ն Համբարձումյան:

-Հանուն մեր քաղաքի բարօրություն: Հանուն Մասիս քաղաքի:

-Ինչո՞ւ եք միայն Դուք մնացել` որպես թեկնածու: Վախի մթնոլո՞րտ է տիրում քաղաքում: Եվ շարունակեմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն, օրինակ, անսպասելի ինքնաբացարկ հայտնեց: Ապա կուսակիցները հայտնեցին, որ Դուք Կարապետ Օհանյանին և նրա որդուն պաշտոն եք խոստացել…

-Ես արդեն մի քանի անգամ ասել եմ, որ նման բաներ չկան, նման խոսակցություններ չկան: Պաշտոնների մասին կխոսենք ընտրություններից հետո` էն ժամանակ, երբ ես կաշխատեմ: Կարծում եմ` հիմա նման բաների մասին խոսելն անհիմն է:

-Ձեր աները` Արշակ Հակոբյանը, որքանո՞վ է աջակցել Ձեզ ընտրությունների հարցում:

-Իմ աները բացարձակ չի խառնվել ընտրությունների ընթացքին և մնացած գործերին:

-Իսկ ոստիկանապե՞տը: Ձեր աները նրա թիկնազորի պետն է:

-Ոստիկանապետը քաղաքականությամբ չի զբաղվում:

-Ճի՞շտ են տեղեկությունները, որ Դուք Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ օժանդակել և ուղղորդել եք քաղաքացիական հագուստով անձնաց:

-Կարծում եմ` նման հին խոսակցությունների մասին այսօր խոսելն անիմաստ է: Ես տղամարդու խոսք եմ ասում` ես Սարի թաղի դեպքերի հետ ընդհանրապես կապ չունեմ:

-Ձեր նախընտրական պաստառների վրա նշել եք նաև Ձեր հայրանունը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Իմ հայրը Մասիսի տարածաշրջանում հեղինակություն վայելող մարդ է: Ես հպարտ եմ, որ իմ հոր որդին եմ:

-Խոսակցություններ կան, որ Դուք երկար ժամանակ Մասիսում չեք բնակվել..

-Նման խոսակցությունները, կարծում եմ, անիմաստ է կրկնել: Ես միշտ Մասիսում եմ, մասիսցիների կողքին եմ: Հարցրեք մեր կողքին բոլոր կանգնածներին, Ձեր բոլոր հարցերի պատասխանները նրանք կտան:

-Ինչպես եք գնահատում նախկին քաղաքպետի գործունեությունը:

-Ես չեմ ուզում խոսել նախկին քաղաքապետի գործունեության մասին:

Հ.Գ. Դավիթ Համբարձումյանը հրաժարվեց իր ծրագրերի և Սաշա Հակոբյանի գորունեության մասին խոսել: Հասկանալու համար` ի վերջո, ինչ է խոստացել իր ընտրողին թեկնածուն, ծանոթացանք Դավիթ Համբարձումյանի նախընտրական թռուցիկների հետ: Այսպես, Դավիթ Համբարձումյանն իր ընտրողներին խոստանում է, որ Մասիսը մոտ ապագայում կլինի բարեկարգ, մաքուր, կանաչապատ, լուսավոր, ապրելու և աշխատելու համար ավելի հարմարավետ քաղաք: Այսինքն` քաղաքապետի թեկնածուն հայտարարում է, որ Մասիսում մաքրության, լուսավորության և այլ խնդիրներ կան. «Քանի որ մեր քաղաքի առջև ծառացած են մի շարք լուրջ խնդիրները , ես կարևորում եմ` առաջնահերթ իրականացնել շենքերի մուտքերի, տանիքների և նկուղների վերանորոգման աշխատանքները, իսկ վթարային շենքերի հարցը լսելի դարձնել բոլոր պատկան մարմիններին.. Տարիներով անուշադրության մատնված մանկապարտեզների նկատմամբ պետք է ցուցաբերվի մշտական հոգածություն…»

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան




Լրահոս