«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից օրվա ընթացքում ստացվել են մի շարք ահազանգեր ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերի մասին:
Ընտրողները քվեարկություն կատարելու համար տեղամաս գալով բացահայտում են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկված է:
Տեղամասային հանձնաժողովները նրանց առաջարկում են ստորագրել իբր իրենց փոխարեն քվեարկած (ստորագրած) անձանց անվան դիմաց և քվեարկություն կատարել:
Ըստ ՏԸՀ-ների` այս խորհրդատվությունը տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` քաղաքացուն ընտրական իրավունքից չզրկելու պատճառաբանությամբ:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը մտահոգիչ է համարում Ընտրական օրենսգրքին հակասող և առերևույթ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ
պարունակող այսօրինակ խորհրդատվություններն ու ցուցումները, ինչը նաև նպատակ է հետապնդում կոծկել ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը:
Հորդորում ենք ԿԸՀ-ին՝ իրականացնել միայն ՀՀ ընտրական օրենսդրությունից բխող խորհրդատվություն՝ զերծ մնալով ստորադաս հանձնաժողովներին օրենքից չբխող խորհուրդներ և ցուցումներ տալուց,
իսկ այլ անձանց փոխարեն քվեարկության դեպքերի արձանագրման դեպքում` ձեռնարկել համապատասխան քայլեր` հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերն իրավապահ մարմիններին ըստ ենթակայության ուղարկելու համար:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն
Սեպտեմբերի 18, 2016