Հարկերի տակ կքած «Շիրակ կենտրոնը» դրամահավաք է կազմակերպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շիրակ կենտրոնի» գործունեությունը բնականոն հուն վերադարձնելուն նպատակաուղղված դրամահավաք
«Շիրակ կենտրոնը» իր գործունեության տասը տարիների ընթացքում առաջին անգամ, անօթևան և ծայրահեղ կարիքի մեջ ապրող ընտանիքների աջակցությանն ուղղված աշխատանքը շարունակել կարողանալու նպատակով, պարտադրված հայտարարում է դրամահավաք և դիմում է բոլոր գործընկերներին ու բարի կամքի տեր մարդկանց:

Մեր կազմակերպությունը միայն ընթացիկ տարում Գյումրու սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում, խոնավ ու մութ, վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում բնակվող 18 ընտանիքների համար (ընդհանուր հաշվով մոտ 40 մանկահասակ երեխաներով) գնել և նվիրել է 18 բնակարան:

2016 թվականի հունվար ամսից, նաև այն պատճառով, որ նախորդ տարիներին մեր միջնորդությամբ որպես նվեր բնակարան ստացած մի քանի ընտանիքներ վաճառել էին իրենց բնակարանները, անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրելու պատրաստակամություն հայտնած հովանավորները մեր առջև պայման դրեցին, որ իրենց միջոցներով գնվելիք բնակարանները մինչև 15 տարի ժամկետով համարվեն «Շիրակ կենտրոնի» սեփականությունը: Իսկ բնակարանները անօթևան բազմազավակ ընտանիքներին տրվեն անհատույց օգտագործման, դրանք հետագայում՝ սահմանված ժամկետները լրանալուց հետո տվյալ ընտանիքներին ամբողջությամբ որպես սեփականություն նվիրելու պայմանով: «Շիրակ կենտրոնի» կողմից 2016 թվականի ընթացքում այդ պայմանով ձեռք է բերվել և անհատույց օգտագործման է տրամադրվել 10 (տասը) բնակարան: Բնականաբար, այս բարեգործական ծրագրից «Շիրակ կենտրոնը» ոչ մի լումա եկամուտ չի ստացել, բոլոր բնակարանները ֆիզիկական անձանցից ձեռք են բերվել հովանավորների անմիջական մասնակցությամբ, բնակարանների արժեքները որոշվել են նրանց երկկողմանի բանակացությունների միջոցով, շուկայական ամենանվազագույն արժեքներով:

Բայց վերջերս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գյումրու տարածքային հարկային տեսչությունից ստացված գրություններով «Շիրակ կենտրոնից» պահանջվում է գնված բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով: Մեր ձեռնարկները բարեգործական համարելու, այս անհասկանալի հարկային պահանջները և հետագա տույժ ու տուգանքները զիջելու ակնկալիքով մենք դիմել էինք Հայաստանի բարձրագույն իշխանություններին, այդ թվում ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանին:

Մեր դիմումների բոլոր պատասխաները, ցավոք, բացասական էին: Ավելին, ՊԵԿ-ից ստացված գրության համաձայն՝ այդ եկամտահարկ կոչվածից բացի մեզ նաև տուգանքներ են սպասում՝ պահանջվող գումարի վճարումն ուշացնելու պատճառով:

Այս իրավիճակում կազմակերպության գործունեությունը բնականոն հունով շարունակելը դարձել է անհնարին: Եվ քանի որ «Շիրակ կենտրոնը» չունի այնպիսի ֆինանսական կարողություններ, որ կատարի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, ու հատկապես հիմա, երբ օրերը ցրտելու հետ հարյուրավոր աղքատ ու անօթևան ընտանիքներ սպասում են իրենց համար փրկօղակի վերածված մեր ձմռան վառելափայտի բաժանման ամենամյա բարեգործական ծրագրի մեկնարկին, մենք պարտադրված ենք դիմել մեր բոլոր գործընկերներին ու բարի կամքի տեր մարդկանց և հայտարարել դրամահավաք: Միաժամանակ մենք անօթևան ընտանիքներին նվիրած բնակարանների համար մեզ առաջադրված հարկային բեռը զիջելու նույն խնդրանքով դարձյալ դիմելու ենք, այս անգամ՝ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Եթե այնուամենայնիվ նոր վարչապետն ընդառաջի և մեր կազմակերպության վրայից հանվեն այդ, մեր համոզմամբ, օրենքի բացի պատճառով առաջացած հարկ ու տուրքերը, ապա մենք հանգանակված գումարով կգնենք ևս մեկ բնակարան ու կնվիրենք բազմազավակ որևէ ընտանիքի, իսկ գումարի բավարարելու պարագայում նաև ձմռան վառելափայտ ձեռք կբերենք ու կբաժանենք անօթևան ընտանիքներին:

Ավելացնենք, որ դրամահավաքը սկսում ենք նախքան նոր վարչապետից պատասխան ստանալը, նաև այն պատճառով, որ յուրաքանչյուր օր տուգանքներ են ավելանում:

Վերջում նշենք, որ դրամահավաքի ընթացքում, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին մեր՝ www.shirakcentre.am կայքում ու նաև սոցիալական կայքերի մեր էջերում կներկայացնենք նվեր ստացված գումարների ու նվիատուների մասին մանրամասն տեղեկատվություն:

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ

Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA,

SWIFT CODE: INJSAM22

AMD – 2052622035941001

EUR – 2052622035941040

RUB – 20526 22035941041

USD – 20526 22035941020

Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց, Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ՝ Վահան Թումասյան




Լրահոս