Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը սեպտեմբերի 14-15-ը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 64-րդ նիստին։ Այն անցկացվել է Մինսկում, որտեղ պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը։
Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը կարևորվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ինչպես նաև սահմանային անվտանգության ապահովման գործում մաքսային ծառայությունների միջև համագործակցության ընդլայնումը:
ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում մաքսային գործի տարբեր ոլորտների վերաբերյալ 13 որոշում է ստորագրվել։ Դրանք առնչվում են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի և ռեսուրսների անվտանգությանը, ապրանքների նկարագրման ու ծածկագրման ներդաշնակ համակարգի ռուսալեզու տարբերակին, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև մաքսանենգության դեմ պայքարի համար պատասխանատու ստորաբաժանումների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը:
Մեկ տարի ժամկետով ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը։
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին