Ուրբաթ օրը սոցցանցերում տեղեկություններ հայտնվեցին Երևանում անցկացված շքերթի փորձի մասին՝ նվիրված սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25-ամյակին, գրում է «Վեդոմոստի» պարբերականը:
Պարբերականը նշում է, որ լուսանկարներում երևում են «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի մեքենաներ:
Պարբերականը փորձել է մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից, սակայն չի հաջողվել, ինչպես նաև հետաքրքրվել «Ռոսօբորոնէքսպորտ»-ից, սակայն նույնպես՝ ապարդյուն: Այդուհանդերձ, ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի մենեջերները հաստատել են հայկական բանակի դիվիզիաներից մեկին «Իսկանդեր» համալիրի մատակարարումը՝ նշելով, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը դրա հետ որևէ առնչություն չունի, քանի որ այդ զինտեխնիկան ձեռք է բերվել ՀԱՊԿ-ում զենքի մատակարարման մասին համաձայնագրի հիման վրա:
«Վեդոմոստի»-ն գրում է նաև, որ նման հրթիռային համակարգը կարող է օգտագործվել Ադրբեջանին զսպելու համար: Պարբերականի զրուցակցի խոսքով՝ «Իսկանդեր» համալիրը լուրջ զսպող միջոց կարող է լինել:
«Իսկանդեր» համալիրը ստեղծվել է 1990 – 2000-ականների սկզբին Մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյում:
Քրիստինե Պողոսյան