Սեպտեմբերի 8-ից հետո ո՞ր նախարարն է պարապուրդի մատնվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանը: Եւ այդ պահից ՀՀ բոլոր նախարարները դարձան ժամանակավոր պաշտոնակատարներ: Եվ մինչ նրանք շունչները պահած սպասում են իրենց ճակատագրերի հստակեցմանը, «Ժողովուրդ»-ը, այցելելով գերատեսչությունների պաշտոնական կայքէջերը, փորձեց պարզել, թե անցած մեկ շաբաթվա ընթացքում նախարարների պաշտոնակատարներն ինչով են զբաղված եղել:

Դեռեւս մինչ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պաշտոնական հաստատումը, մամուլում արդեն իսկ բազմաբնույթ տեղեկատվություն էր շրջանառվում կառավարությունը լքող նախարարների մասին: Մասնավորապես, ամենից առաջ նշվեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի մասին, անգամ հրապարակվեց նրան փոխարինողի անունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան: Նաեւ նշվեց, որ նոր կառավարությունում չեն լինի գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
Եվ հատկապես նրանց դեպքում հետաքրքիր է տեղեկանալ, թե այս միջանկյալ փուլում արդյոք լիարժեք կերպով կատարում են իրենց պարտականությունները, արդյոք նրանց ղեկավարած գերատեսչությունները սովորական ռեժիմով աշխատում են, թե ոչ: Նկատենք, որ նախարարների գործունեությանը ծանոթանալու համար քաղաքացիներն այլ տարբերակ չունեն, քան այդ գերատեսչությունների պաշտոնական կայքէջեր այցելելը:

Այսպիսով՝ մենք այցելեցինք նախարարությունների կայքէջեր, եւ հետեւյալ պատկերն արձանագրեցինք:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքէջի նորությունների բաժինը ուշ-ուշ է թարմացվում: Այստեղ սեպտեմբերի 6-ին է նորություն տեղադրվել գազամատակարարման դադարեցման եւ սեպտեմբերի 13-ին՝ գազամատակարարման արդեն վերականգման վերաբերյալ: Ի դեպ, սեպտեմբերի 6-ից առաջ վերջին նորությունը նշված նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվել է սեպտեմբերի 2-ին: Իսկ այս գերատեսչությունը ղեկավարող անձի՝ Լեւոն Յոլյանի անցած մեկ շաբաթվա աշխատանքային գործունեության մասին ոչինչ չկա:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքէջը ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ նախարար Լեւոն Մկրտչյանը անցած մեկ շաբաթվա ընթացքում նույնիսկ շունչ քաշելու ժամանակ չի ունեցել: Նա սեպտեմբերի 8-ից մինչ օրս հանդիպումներ է ունեցել, հասցրել է նույնիսկ աշխատանքային այցով գտնվել հարեւան՝ Վրաստանում:

Գրեթե նույն իրավիճակն է նաեւ էկոնոմիկայի նախարարությունում, որի կայքէջի նորությունների բաժինը ուսումնասիրելիս՝ արձանագրում ենք, որ սեպտեմբերի 8-ից հետո Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի խորհրդարանականների հետ, ապա Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է անցկացրել:

Մյուս՝ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը սեպտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել, իսկ 13-ին խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ: Ի դեպ, տեղեկացնենք, որ ակտիվ քննարկվում է նաեւ Լոքյանի ազատման հարցը:

Տարածքաին կառավարման նախարարություն
Տարածքաին կառավարման նախարարություն

ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքէջը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Նարեկ Սարգսյանը սեպտեմբերի 7-9 աշխատանքային այցով եղել է Բրազիլիայում, որտեղ հետեւել է Բրազիլիայում ՀՀ դեսպանատան շինարարության ընթացքին: Սյս մասին տեղեկատվությունը, սակայն, կայքէջում հրապարակվել է միայն սեպտեմբերի 13-ին: Գուցե նրա՝ Բրազիլիա կատարած աշխատանքային այցը, որն իրականացվել է պետական միջոցներով, մեր հանրապետության համար բավականին կարեւոր աշխատանքային այց է: Ով իմանա:

Աչք զարնող պարապություն է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանի մոտ: Ըստ ԲՆ-ի կայքէջի նորությունների բաժնի՝ Արամայիս Գրիգորյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է կառավարության նիստին, եւ դրանից հետո հայտնի չէ, թե որտեղ է եղել կամ ինչով է զբաղվել: Հետեւաբար չենք կարող ասել՝ նա աշխատել է, թե ոչ: Այս նախարարության պաշտոնական կայքէջում նորություն տեղադրվել է սեպտեմբերի 8-ին՝ կառավարության նիստին նրա կողմից ներկայացված նախագծերի վերաբերյալ, սեպտեմբերի 13-ին՝ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից բացահայտված խախտումների վերաբերյալ, եւ սեպտեմբերի 14-ին՝ պարզաբանում՝ Գեղարոտ գետի վրա գործող ՓՀԷԿ-ի մասին: Այս խնդիրը հայտնվել է ԲՆ-ի ուշադրության կենտրոնում միայն բնապահպանների ահազանգերի շնորհիվ: Այլ դեպքերում այս նախարարությունը, ուղղակի ծուլանում է աշխատել:

Իսկ, ահա, Հայաստանի «ամենաաշխատասերը»՝ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, անցած շաբաթվա ընթացքում «անհետ կորել էր»: Այս նախարարության պաշտոնական կայքէջը, կարելի է ասել, որ ամենաակտիվն էր մյուս բոլոր գերատեսչությունների կայքէջերի համեմատ: ԳՆ-ի պաշտոնական կայքէջում վերջին նորությունը տեղադրվել է սեպտեմբերի 14-ին՝ այն էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից անտառագողերի բացահայտման մասին: Այստեղ գրեթե ամեն օր լուսանկարներ էին հայտնվում, այն մասին, թե գյուղնախարարը որ մարզում կամ գյուղում է եղել եւ ինչ է արել: Ըստ նախարարության պաշտոնական կայքէջի՝ նրա վերջին այցը Արագածոտնի մարզում էր, որտեղ նա ոչ միայն խորհրդակցություն է անցկացրել կամ հետեւել բերքահավաքին, այլեւ դեղձերը ձեռքին հասցրել է լուսանկարվել: Իսկ սեպտեմբերի 8-ից հետո Հայաստանի գլխավոր գյուղատնտեսը պարզապես չկա. մինչդեռ այս ընթացքում գյուղացիները չեն կարողանում լուծել ցորենի, գարու, խաղողի, լոլիկի, սմբուկի, պղպեղի եւ այլ բանջարեղենի իրացման, մթերման խնդիրները: ՀՀ մի քանի մարզերում խաղողագործները, ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա կանգնել են խաղողի մթերման խնդրի առաջ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքէջի նորություններ բաժնում սեպտեմբերի 9-ին է երկու նորություն տեղադրվել՝ լիցենզիաների տեղադրման գործընթացի պարզեցման վերաբերյալ անցկացված նիստի մասին, որին, ի դեպ, նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը չի մասնակցել, եւ հայտարարություն, ըստ որի՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի ավտոճանապարհի մի հատվածը փակվել է: Ապա՝ սեպտեմբերի 14-ին է մի հայտարարություն տեղադրվել՝ Լոռու մարզի տասը գյուղերը իրար կապող ավտոճանապարհի վերանորոգման վերաբերյալ: Իսկ թե ինչով է զբաղված Գագիկ Բեգլարյանը, այդպես էլ անհայտ է:

Տրանսպորտի և կապի նախարարություն
Տրանսպորտի և կապի նախարարություն

Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջի՝ նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը պարապուրդի է մատնված: Այստեղ վերջին նորությունը հայտարարության տեսքով է՝ օգոստոսին քաղաքացիներից ստացված դիմումների քանակի մասին, որը տեղադրվել է սեպտեմբերի 13-ին: Իսկ հարկատուներիս հաշվին ապրող եւ սնվող Արտեմ Ասատրյանի՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին ոչինչ չկա: Արդեն պարզ է, թե ինչու են այս ոլորտում խնդիրները բազմանում:
Իսկ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը, կարելի է ասել, մեկնել է արձակուրդի եւ դեռ չի վերադարձել: Բանն այն է, որ նշված նախարարության պաշտոնական կայքէջի նորությունների բաժնում վերջին նորությունը տեղադրվել է օգոստոսի 10-ին, որը Վաչե Գաբրիելյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի վերաբերյալ է: Գուցե այս նախարարությունում տեղյակ չեն Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին, նոր ձեւավորվող կառավարության մասին: Եւ ամենեւին էլ պետք չէ զարմանալ՝ լսելով ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում առաջացած խնդիրների մասին, քանի որ ոչ ոք դրանց լուծմամբ չի զբաղվում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ինչը չենք կարող ասել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի վերաբերյալ: Վերջինս սեպտեմբերի 8-ից հետո հանդիպումներ է ունեցել, աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում եւ այլն: Այս նախարարության կայքէջի նորությունների բաժինը սեպտեմբերի 8-ից հետո գրեթե յուրաքանչյուր աշխատանքային օր նախարարության գործունեության մասին նորություն է հրապարակել:

Ոչ պակաս ակտիվ է նաեւ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը, այստեղ սեպտեմբերի 8-ից հետո կյանքը կանգ չի առել, ինչպես մյուս գերատեսչություններում:

Մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում նույնպես նորությունների բաժինը հարուստ է, բայց տեղադրված հրապարակումները միայն փառատոների մեկնարկների մասին են: Այնպիսի տպավորություն է, որ մուտք ենք գործել տեղեկատու կայքէջ, որտեղ նշված է, թե որտեղ որ ժամին ինչ ցուցահանդես կամ փառատոն է անցկացվելու: Իսկ թե նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը անցած շաբաթվա ընթացքում կոնկրետ ինչ գործ է արել մշակույթի ոլորտի համար, այդ մասին ոչինչ չկա կայքէջում: Տեղեկացնենք, որ նրան հովանավորում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ինչով էլ, թերեւս, պայմանավորված է նրա հանգստությունը: Չնայած սրան՝ երեկվա նիստին ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը զայրացավ տիկին Պողոսյանի երկար-բարակ խոսելու վրա եւ հորդորեց վերջինիս լակոնիկ ձեւակերպել ասելիքը:
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նույնպես ակտիվ աշխատանքային շաբաթ է ունեցել. նա մասնավորապես հանդիպումներ է ունեցել, ընդունելություններ է կազմակերպել եւ հյուրեր ընդունել: Իսկ թե դրանից որքանով է բարելավվել ոլորտը, դժվար է ասել:

Հայաստանի կարեւորագույն գերատեսչություններից մեկի՝ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջի նորությունների բաժնում սեպտեմբերի 8-ից ի վեր տեղադրված նորություններից միայն սեպտեմբերի 14-ին հրապարակվածն է, որտեղ Էդվարդ Նալբանդյանի հետ կապված տեղեկություն կա: Վերջինս հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ: Այսինքն՝ անցած մեկ շաբաթվա ընթացքում Նալբանդյանը «անհետացել էր»: Մի բան, որն ինչպես գիտենք, նրա մոտ ամենալավն է ստացվում:

ՀՀ մեկ այլ գերատեսչության՝ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը հագեցած է նորություններով: Կարող ենք արձանագրել, որ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 8-ից հետո հանդիպումներ է ունեցել, քննարկումներ է անցկացրել, ավելին՝ նա նույնիսկ հայ մարզիկներին է պարգեւատրել:

Բավականին պասիվ է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը: ԱԻՆ պաշտոնական կայքէջի նորությունների բաժնում սեպտեմբերի 8-ից հետո Երիցյանի այցերի, հանդիպումների կամ անցկացվող նիստերի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա:

Իսկ, ահա, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, հակառակը, աչքի է ընկել գործնական հանդիպումներով, նախագծերի քննարկումներով եւ գերատեսչությանը վերաբերող այլ գործընթացներով:

Անդրադառնանք ֆինանսների նախարարությանը. այս նախարարության պաշտոնական կայքէջում վերջին նորությունը տեղադրվել է օգոստոսի 12-ին: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանի համար աշխատանքային կյանքը կարծես կանգ է առել այն օրից, երբ ՊԵԿ-ը առանձնացվեց ֆինանսների նախարարության կազմից: Խաչատրյանի աշխատանքային գործունեության վերաբերյալ ոչինչ հայտնի չէ: Մենք՝ հարկատուներս, բացարձակ տեղյակ չենք, թե մեր հաշվին սնվող Խաչատրյանը, ի վերջո, աշխատո՞ւմ է, թե՞ ոչ:

Նկատենք, որ եթե նախարարի պաշտոնակատարը անգործության է մատնված, ապա անգործության են մատնված նաեւ նրա ստորադասները: Բայց դա չի նշանակում, որ նրանք այդ օրերի համար չեն վարձատրվել: Եվ ստացվում է, որ այդ օրերին պետբյուջեից հատկացված գումարները փոշիացվել են: Այսինքն՝ մարդկանց գումար է վճարվել ոչինչ չանելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս