Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. օգոստոս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Էրեբունի, Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանները, երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ավան վարչական շրջանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Օգոստոս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով համեմատաբար ցածր ցուցանիշներ են գրանցել Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանները:
Հատկանշական է, որ օգոստոս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքներով Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Արաբկիր վարչական շրջաններն էլ կիսել են չորրորդ հորիզոնականը:
Իր գոհունակությունը հայտնելով բարձր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների աշխատակազմերից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հետևողականության ու ամենօրյա աշխատանքի արդյունքում բոլոր վարչական շրջանները կարող են հայտնվել առաջին հորիզոնականներում:
«Իսկապես ողջունելի է, որ այսօր արդեն առաջին հորիզոնականը կիսում են միանգամից երեք վարչական շրջաններ: Նույնը նաև գրանցվել է չորրորդ հորիզոնականում, ինչը խոսում է այն մասին, որ կա հստակ մրցակցություն և ձգտում՝ արձանագրել բարձր ցուցանիշներ: Ի սկզբանե, երբ ներդնում էինք այս համակարգը, մեր նպատակը հենց սա էր, որ վարչական շրջանների միջև լինի առողջ մրցակցություն, ինչից միանշանակ շահում է գործը: Մենք թիմային աշխատանք ենք կատարում և պետք է հետևողական լինենք, որ կարողանանք կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը, ինչը հնարավոր է միայն ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ: Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքների, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններն իրենց կատարած աշխատանքով կարողանան աղյուսակային ընդհանուր սանդղակում միայն առաջին երեք հորիզոնականները զբաղեցնել», – ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջաններին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել համապատասխան բաժինների աշխատանքը, վերլուծություններ կատարել և կարճ ժամանակահատվածում շտկել թերացումները: